Հայաստանի ազգային պատկերասրահում վերաբացվել է Այվազովսկու ստեղծագործությունների մշտական ցուցադրությունը

Հայաստանի ազգային պատկերասրահում երկար դադարից հետո վերաբացվել է աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ստեղծագործությունների մշտական ցուցադրությունը, որն ընդգրկում է վարպետի՝ ծավալով ու գեղարվեստական արժեքով աշխարհում կարևորագույն հավաքածուներից մեկը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ-ից:
«Հովհաննես Այվազովսկու ստեղծագործությունների մշտական ցուցադրության վերաբացման արարողությանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:
Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և շնորհավորել Այվազովսկու ստեղծագործությունների մշտական ցուցասրահների վերաբացման առիթով. «Հայաստանի ազգային պատկերասրահը մեր մշակութային կյանքում անփոխարինելի նշանակություն ունի, և հատկանշական է, որ հանրությունը զգացել է փակ ցուցասրահների ազդեցությունը: Հետևաբար, Հովհաննես Այվազովսկու ստեղծագործությունների մշտական ցուցադրության վերաբացումը նույնպես պետք է զգանք բոլորս, և ակնկալվում է, որ այդ ցուցասրահները պետք է չդատարկվեն: Այստեղ մենք պետք է հյուրընկալենք մեր քաղաք այցելած զբոսաշրջիկներին, այն պետք է դառնա մեր երեխաների, տարբեր բնակավայրերում ապրող քաղաքացիների սիրելի վայրերից մեկը: Շատ ուրախ եմ, որ այսօր խոսում ենք հենց Հովհաննես Այվազովսկու ստեղծագործությունների մշտական ցուցադրության վերաբացման մասին: Ազգային պատկերասրահում գործող մշտական ցուցադրության առկայությունը ևս մեկ անգամ նշանավորում է Հովհաննես Այվազովսկու այն մեծ ժառանգությունը, դերը և նշանակությունը, որն ունեցել և շարունակում է մեծ ազդեցություն ունենալ»,-նշել է Ժաննա Անդրեասյանը՝ փաստելով, որ Կառավարության համար Ազգային պատկերասրահի մշտական արդիականացումն առաջնահերթություն է:
Ըստ նախարարի՝ նախորդ տարիներին հատկացվել է շուրջ 700 մլն դրամ՝ պատկերասրահի վերանորոգման, անհրաժեշտ օդափոխության, սառեցման համակարգերի, ինչպես նաև վերելակների փոխարինման աշխատանքների համար: «Անելիքները դեռ ընթացքի մեջ են, և կարծում եմ, որ նորովի այս հնարավորությունները պատկերասրահը կդարձնեն մշակութային կյանքին հաղորդակցվելու արդիական միջավայր»,-նշել է նախարարը՝ վստահություն հայտնելով, որ ամենատարբեր ծրագրերի և միջոցառումների միջոցով մեր քաղաքացիները հնարավորություն կունենան նաև ծանոթանալու պատկերասրահի կարևորագույն մշակութային արժեքներին, իսկ կրթական և ժամանցային ծրագրերը կդառնան ինտելեկտուալ և գեղարվեստական ժամանցի հարթակ:
Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանի նշմամբ՝ խորհրդանշական է, որ Հովհաննես Այվազովսկու սրահների վերաբացումով է սկսվում դասական հայկական գեղանկարչության սրահների վերաբացումը:
«Այս պահին կանգնած ենք հայ հին և միջնադարյան արվեստի սրահներում. սա առաջին մտական ցուցադրությունն էր, որը երկարատև դադարից հետո վերաբացվեց: Բաց է նաև Հակոբ Գյուրջյանի քանդակների մշտական ցուցադրությունը, իսկ այսօր բացվում է Հ. Այվազովսկու ստեղծագործությունների մշտական ցուցադրությունը: Այվազովսկին ստեղծագործել է ռոմանտիկ մի դարաշրջանում, երբ առանցքային նշանակություն ունեին հույսը, լույսը և փարոսը: Եվ հատկանշական է, որ Այվազովսկու ստեղծագործություններն այդ լույսի տարրը պարունակող արվեստ են»,- ասել է պատկերասրահի տնօրենը:
Նախարար Ժաննա Անդրեասյանը շրջել է վերանորոգված և արդիականացված սրահներում, որտեղ ներկայացված են Հովհաննես Այվազովսկու շուրջ 50 գեղանկարչական և գրաֆիկական երկեր: Սրահներում ցուցադրված են հայկական և աստվածաշնչյան թեմաներով կտավներ, խաղաղ ու քնարական, խռովահույզ ու փոթորկոտ, խորհրդավոր քողով պարուրված գիշերային ծովի տեսարաններ:
Նշենք, որ Հովհաննես Այվազովսկու (1817–1900թթ.) ստեղծագործությունների այս ցուցադրությունը ներկայացնում է մեծ ծովանկարչի՝ Հայաստանի ազգային պատկերասրահում պահվող գեղանկարչական և գրաֆիկական երկերի հավաքածուն, որը ձևավորվել է 1924–1985 թթ. ընթացքում և ծավալով ու գեղարվեստական արժեքով աշխարհում խոշորագույններից է:
Առաջին աշխատանքները փոխանցվել են Մոսկվայի Հայաստանի մշակույթի տնից (նախկին Լազարյան ճեմարան), որոնք ժամանակին նկարիչն անձամբ նվիրել էր Լազարյաններին: Հավաքածուն շարունակաբար համալրվել է տարբեր ձեռքբերումների և նվիրատուների շնորհիվ՝ Աբրահամ Ջինջյան, Հակոբ Էքիզլեր, Վարվառե Քանանյան, Վահան Խորասանջյան, Մարտիկ Գազազյան, Վարդան Բարաքյան, Անդրանիկ Շահինյան և այլք: Ներկայացված ստեղծագործություններն ուրվագծում են վարպետի անցած արարման բազմաբեղուն ուղին»։

Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
164Երեկ, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
28616.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
107215.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
58613.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
54413.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
56612.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
51412.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
64510.09.2026, 16:12