Հինգշաբթի, 05 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Ադրբեջանի նախագահը մի կողմից քննարկում է արցախյան հիմնահարցը, մյուս կողմից տեղահանում է արցախահայերին». Փալոն

«Ադրբեջանի նախագահը մի կողմից քննարկում է արցախյան հիմնահարցը, մյուս կողմից տեղահանում է արցախահայերին». Փալոն
491
Հինգշաբթի, 22 հունիսի, 2023 թ., 18:18

Ադրբեջանն ակնհայտորեն կանխամտածված քայլեր է ձեռնարկում Արցախից բնիկ հայ ազգաբնակչությանը հեռացնելու և նախնիների ժողովրդավար երկրում ազատ ու արժանապատիվ ապրելու հնարավորությունից զրկելու համար։ Դա, ըստ էության, զտումների հստակ նշան է, ինչը չպետք է անտեսվի։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը ԱՄՆ Քոնգրեսի Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովում «Պաշտպանելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդին» խորագրով լսումների ժամանակ:

Քոնգրեսական Փալոնը, ով լսումների ժամանակ ներկայացրել է իր դիտարկումներն ու առաջարկությունները, նախևառաջ ընդգծել է Ադրբեջանի ցեղասպանական մտադրությունն՝ Արցախի ժողովրդի դեմ շարունակվող ագրեսիայի և շրջափակման պայմաններում: Փալոնի դիտարկմամբ՝ Ադրբեջանի նախագահը մի կողմից քննարկում է արցախյան հիմնահարցը, բայց մյուս կողմից տեղահանում է արցախահայերին՝ չփորձելով անգամ թաքցնել շարունակաբար հայկական տարածք մահաբեր ներխուժումներ իրականացնելու նկրտումները:

«Արդեն ժամանակն է, որ Միացյալ Նահանգները սկսի ավելի լավ ու արդյունավետ կիրառել իր տրամադրության տակ գտնվող դիվանագիտական ​​գործիքները, ներառյալ պատժամիջոցները, որպեսզի վերջ տա այս ճգնաժամին»,- ասել է Փալոնը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: