Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Հայաստանի և Արցախի դեմ պատերազմն ունի փուլային բնույթ». քաղաքագետ

«Հայաստանի և Արցախի դեմ պատերազմն ունի փուլային բնույթ». քաղաքագետ
625
Շաբաթ, 01 հուլիսի, 2023 թ., 22:30

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանի և Արցախի դեմ պատերազմը փաստացի ունի 1988-ից սկսած չդադարող, բայց փուլային բնույթ։
1994-ին ավարտվեց հայ-ադրբեջանական պատերազմի առաջին ակտիվ փուլը, որին հաջորդեց «մաշող դադարի» փուլը, որը տևեց մինչև 2014 թվականը։ 2014-ից մինչև 2016 թվականը արդեն «ակտիվ մաշող» փուլն էր, որի ընթացքում անընդհատ հետախուզադիվերսիոն գործողություններ էին ձեռնարկվում, ընդ որում այս փուլը կարելի է անվանել նաև «հետախուզա-դիվերսիոն» փուլ։ Հաջորդը 2016-ին «4-օրյա ակտիվ» փուլն էր, որը չի կարելի անվանել առանձին պատերազմ մի քանի պատճառներով, որոնց մասին արժե խոսել առանձին։
Հաջորդ փուլը 2016-2020 հուլիսն էր, որը կարելի է անվանել «հիբրիդային նախապատրաստական» փուլ։ Այս ընթացքում ուժեղացան հատկապես տեղեկատվական, սպառազինման, դիվերսիոն, ռազմավարական նախապատրաստական աշխատանքները։
2020 թվականի հուլիսին հայ-ադրբեջանական պատերազմի ակտիվ փուլի ստուգողական-հետախուզական վերջին փուլն էր, որի համար օգտագործվեց մի միջադեպ։
2020 թվականի սեպտեմբերից սկսվեց 44-օրյա գերակտիվ փուլը, որտեղ հիմնավորապես ապացուցվեց նախկին գործողությունների ընդհանրությունը, միասնականությունը։
2020 թվականից հետո սկսվեց հիբրիդային տեղեկատվական-ռազմական փուլը, որը շարունակվում է մինչ օրս։ Այն այս պահին ունի Հայաստանը վերջնականապես զինաթափելու և անկենսունակ սպասարկող տարածք դարձնելու ռազմավարական թուրք-ադրբեջանական նպատակ»։

Աղբյուրը`   Արա Պողոսյան