Հինգշաբթի, 05 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

Արցախում սահմանափակումներ են մտցվում

Արցախում սահմանափակումներ են մտցվում
932
Երկուշաբթի, 03 հուլիսի, 2023 թ., 21:48

Արցախի Հանրապետության նախագահը այսօր հաստատել է Կառավարության N 543-Ն որոշումը՝ Հանրային սննդի ծառայությունների մատուցման սահմանափակումները սահմանելու մասին՝ պայմանավորված 2023 թվականի հունիսի 15-ից Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության լրիվ շրջափակման հետևանքով առաջացած պարենային մթերքների խնայողական օգտագործման անհրաժեշտությամբ: Այս մասին հայտնել է Արցախի տեղեկատվական շտաբը։

ԱՀ Կառավարության որոշման համաձայն՝

1. 2023 թվականի հուլիսի 5-ի ժամը 09:00-ից հանրային սննդի օբյեկտներում արգելվում է.
1) Տոնական, ընտանեկան կամ անձնական այլ ճաշկերույթների (բացառությամբ մինչև 50 անձանց մասնակցությամբ անցկացվելիք հարսանյաց ճաշկերույթների) կազմակերպումը և անցկացումը.
2) 30-ից ավելի անձանց մասնակցությամբ սգո արարողությունների կազմակերպումը և անցկացումը.
3) Սննդամթերքի պատրաստումն ու իրացումը՝ մատուցման և առաքման ձևով (խոհարարական արտադրանքի սպառումը), բացառությամբ սուրճի, թեյի, ըմպելիքների, պաղպաղակի, ալյուրե և շաքարե հրուշակեղենի մատուցման։
2. Սույն սահմանափակումների 1-ին կետի դրույթները տարածվում են նաև հանրային սննդի կազմակերպիչների կողմից հանրային սննդի օբյեկտներից դուրս (սպառողի կողմից ընտրված վայրում) հանրային սննդի ծառայությունների մատուցման դեպքերի վրա:
3. Հանրային սննդի օբյեկտներ են համարվում հանդիսությունների սրահները, ռեստորանները, ճաշարանները, սրճարանները, բարերը, բուֆետները, ինչպես նաև հյուրանոցներին, զբոսաշրջային տներին կից հանրային սննդի օբյեկտները։