Չորեքշաբթի, 04 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

Միրզոյանը Մալթայի գործընկերոջն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում օրեցօր վատթարացող հումանիտար ճգնաժամը

Միրզոյանը Մալթայի գործընկերոջն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում օրեցօր վատթարացող հումանիտար ճգնաժամը
320
Հինգշաբթի, 10 օգոստոսի, 2023 թ., 18:36

Օգոստոսի 10-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մալթայի Հանրապետության արտաքին գործերի, Եվրոպայի հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջի հետ։ Այս մասին հայտնել է ԱԳ մամուլի ծառայությունը։

Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել ս.թ. մարտին Մալթա կատարած իր պաշտոնական այցից ի վեր տարածաշրջանում տեղի ունեցած զարգացումները, մասնավորապես Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի լիակատար արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում օրեցօր վատթարացող հումանիտար ճգնաժամը:

Նախարար Միրզոյանն ընդգծել է «դրա անդառնալի հետևանքները Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչության համար՝ նշելով Ադրբեջանի կողմից էլեկտրաէներգիայի ու գազի մատակարարումների պարբերական խափանումները և հատկապես խոցելի խմբերի համար դեղորայքի, սննդի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների սուր պակասը»:

«Նախարար Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանը շարունակում է իր գործելաոճը՝ ի հակառակ մինչ այս հնչեցված բոլոր միջազգային կոչերին և տեղում դրական փոփոխություն արձանագրելու ջանքերին: Ընդգծվել է Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումներին համապատասխան Լաչինի միջանցքի արգելափակման անհապաղ վերացման, տեղաշարժի լիակատար վերականգնման ուղղությամբ հստակ քայլերի հրատապությունը։

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ԵՄ և բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի»,- ասված է հաղորդագրության մեջ: