Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«ՄԱԿ-ի ԱԽ նիստն ի՞նչ տվեց մեզ և ի՞նչ նոր ռիսկեր առաջացրեց». Կարեն Հովհաննիսյան

«ՄԱԿ-ի ԱԽ նիստն ի՞նչ տվեց մեզ և ի՞նչ նոր ռիսկեր առաջացրեց». Կարեն Հովհաննիսյան
149
Հինգշաբթի, 17 օգոստոսի, 2023 թ., 21:42

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստը ի՞նչ տվեց մեզ, և ի՞նչ նոր ռիսկեր առաջացրեց։
ՄԱԿ ԱԽ-ի նիստին ելույթներով հանդես եկող պետությունների ներկայացուցիչների դիվանագիտական բառապաշարը բավականին հուսադրող էր։ Բացառությամբ մեկ երկրի, մնացած բոլորը օգտագործում էին տերմիններ, տեղանուններ, որոնք Ադրբեջանը ոչ միայն խուսափում է օգտագործել, այլ բոլորից պահանջում է, որ չօգտագործեն։ Որքան էլ Լաչինի միջանցքին ճանապարհ անվանի Ադրբեջանը, միևնույն է հատկապես կարևոր առանցքային երկրները պարզ և հստակ տվեցին միջանցք ձևակերպում, ինչպես նաև օգտագործում էին Լեռնային Ղարաբաղ տեղանունը։ ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստին գրեթե բոլորը, բացառությամբ մեկ երկրի, պահանջեցին Ադրբեջանից, որ բացի Լաչինի միջանցքը։ Եթե սա էլ թարգմանենք դիվանագիտական լեզվից, ապա սա այդ երկրների պաշտոնական դիրքորոշումն է։ Այդ երկրների շարքում են նաև միջնորդ երկրները, կամ միջնորդական որոշակի գործողություններ իրականացնող երկրները։
Այսպիսով արձանագրենք, որ աշխարհն ընդունում է Արցախի տոտալ շրջափակված լինելը։
Իսկ ի՞նչ վտանգ է առաջացել։ ՄԱԿ-ի ԱԽ նիստին պետք է հաջորդեր այլ տրամաբանական գործողություն, որպեսզի Արցախում տեղի ունեցողը կանխվի, ինչի համար էլ ՀՀ-ն դիմել էր։ ՄԱԿ-ը պարզապես նախազգուշական սանկցիաներ պետք է կիրառեր Ադրբեջանի դեմ, որը կարող է կանխարգելիչ միջոց լինել Ադրբեջանի հետագա գործողությունների համար։
Միայն իրականության արձանագրումը և անհետևանք թողնելը կանաչ լույս կարող է ընկալվել Ադրբեջանի համար, որպեսզի նա ոչ միայն շարունակի շրջափակումը, այլ ավելի հեռու գնա իր գործողություններով»։