Ինչո՞ւ էին Հին Հայաստանում մարդկանց թաղում կարասներում

Ներկայացնում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, հնագետ, պ.գ.թ. Արմինե Գաբրիելյանը
Կարասային թաղումների մշակույթը հայտնի էր դեռևս Եգիպտոսից՝ սկսած մ․թ․ա․ 4-րդ հազարամյակից, ինչպես նաև Միջագետքից (մ․թ․ա․ 3-րդ հազարամյակ) և Միջերկրական ծովի արևելյան ավազանից։ Այս շրջանի թաղումները հիմնականում մանկական թաղումներ են եղել՝ փոքրիկ անոթներում։ Հայաստանում ամենահին անոթային թաղումները հայտնաբերվել են Արենիի քարայրում, և թվագրվում են մ․թ․ա․ 4-րդ հարզարամյակով։ Ուրարտական ժամանակաշրջանով թվագրվող կարասային թաղումներ հայտնաբերվել են Արգիշտիխինիլիից և հուշարձանի մոտ գտնվող Նոր Արմավիր գյուղից։ 
Կարասային թաղումների մշակույթը Հայաստանում մասսայական է դարձել հատկապես անտիկ շրջանում (մ․թ․ա 6-մ․թ․4-րդ դար)։ Այս շրջանի կարասային թաղումների մշակույթն ուսումնասիրող հնագետ, պատմական գիտությունների թեկնածու Արմինե Գաբրիելյանը փոքր թիմով ՀՀ Գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող հետազոտական ծրագիր է իրականացնում և հետաքրքիր դիտարկումներ է կատարել այս ոլորտում։ 
Ինչպես ներկայացնում է հնագետը, անտիկ շրջանի դամբարանադաշտերում (Արտաշատ, Գառնի, Դվին, Օշական, Բենիամին և այլն) թաղման այլ տեսակների հետ (հիմնահողային, սալարկղային, քարարկղային և այլն) եղել են նաև մեծ թվով կարասային թաղումներ, իսկ Արցախ-Ուտիքի համար կարասային թաղումները, ընդհանրապես, եղել են մասսայական և թաղման նախընտրած ձևը։ Ըստ մասնագետի, մարդկանց թաղում էին կարասում, քանի որ կարասը նման է կնոջ արգանդին։ 

Կարասները տեղադրվում էին հողի մեջ հորիզոնական, ավելի հազվադեպ՝ ուղղահայաց դիրքով։ Որպես կանոն դրանք հայտնաբերվում են հողի մակերևույթից կես մետրից մինչև 2 մետր խորության վրա։ Անտիկ շրջանում որպես ուղեկցող նյութ կարասների մեջ հիմնականում տեղադրում էին ուտելիքով լի կավանոթներ, տարատեսակ զարդեր, օծանելիք, դանակ, մկրատ և առօրյա կիրառման բազմաթիվ այլ իրեր։
Կարասային թաղումների դեպքում մասնագետների համար դժվարություն է ներկայացնում այն, որ արտաքինից նման թաղումները ոչ մի կերպ չեն նախանշվում և այդ թաղումները հիմնականում բացահայտվում են պատահական, շինարարական աշխատանքների արդյունքում։ Վերջին շրջանի հետաքրքիր բացահայտումներից են Գառնի գյուղի բնակիչների բակում ջրատար անցկացնելու ժամանակ հայտնաբերված կարասային թաղումները։ Կոնկրետ Գառնիի դեպքում հնագետը հատկապես կարևորում է մասնագետների հետ աշխատելու՝ բնակիչների պատրաստակամությունը։
2022 թվականին հայտնաբերված թաղումներից մեկը հատկապես հետաքրքիր է նրանով, որ կարասի մեջ հայտնաբերվել է մոր և մանկան թաղում։ Այս դեպքի հետաքրքրությունը այն է, որ կարասի մեջ որպես ուղեկցող նյութ հայտնաբերվել են նաև կովի և հորթի գլուխներ։ Հնագետ Արմինե Գաբրիելյանը նշել է, որ կովի և հորթի գլուխների նման ծիսական թաղման օրինակ տարածաշրջանում հայտնի չէ։ Մասնագետը ընդգծում է, որ սովորաբար կով չեն զոհաբերել, որովհետև կովը, որպես ընտանիքին կերակրող կենդանի, խիստ կարևորվել է, հետևաբար, եթե կա նման զոհաբերություն, ուրեմն գործ ունենք այնպիսի թաղման հետ, որտեղ մահացածը խիստ արժևորվել է։
Անտիկ շրջանում կարասային թաղումները հատկապես տարածված են եղել Արցախ-Ուտիքում։ Դրանք հայտնաբերվել են Տիգրանակերտի արևելյան դամբարանադաշտում, Ստեփանակերտում, Մարտակերտում, Հաթերքում, Վարանդայում և այլն։ 
Տարածաշրջանում կարասային թաղումներ են հայտնաբերվել նաև Վրաստանի տարածքում։ Արևմտյան Վրաստանում հայտնաբերված կարասները, ի տարբերություն Հայաստանի, թաղվել են բերանքսիվայր։ Հայաստանում բերանքսիվայր թաղված կարասի միակ օրինակը հայտնաբերվել է Ախթալայի տարածքից։
ՀՀ Գիտության կոմիտեի ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Հայկական լեռնաշխարհի կարասային թաղումների մշակույթը» ծրագրի արդյունքների նախնական ամփոփմամբ կարելի է ասել, որ Հայաստանում, Արցախում և Նախիջևանում ավելի քան 350 կարասային թաղումներ են վավերացվել։
(Լուսանկարները՝ Արմինե Գաբրիելյանի):

Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
28210.09.2026, 16:12
«Գոյ» թատրոնը վերադառնում է
46708.09.2026, 23:12
«Հովհաննավանքը հայ ժողովրդի սրբությունն է, ոչ թե ռաբիս երաժշտության տակ փող աշխատելու «օբյեկտ»». Սամվել դպիր Գրիգորյան
65207.09.2026, 08:42
Քարահան Թեփեում հայտնաբերվել է 11 հազար տարվա եզակի արձան (լուսանկար)
69906.09.2026, 22:36
Հովհաննավանքում մինչև ուշ գիշեր բլատնոյ ու ռաբիզ է հնչում, Ստեփան Ասատրյանը փող է աշխատում (տեսանյութ)
61006.09.2026, 21:24
Երուսաղեմում դարձյալ թքել են հայկական սրբավայրի ուղղությամբ. ոստիկանությունը պահպանություն է տեղակայել
50006.09.2026, 21:12
Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
45706.09.2026, 10:24
««Թավշյա» կրկեսը սպասարկած ազգագրագետներից ո՞վ է ելույթ ունենալու այդ խեղկատակության ժամանակ». Հայկ Դեմոյան
82402.09.2026, 20:48