Արցախի Հանրապետությունը պահանջում է միջազգային հանրությունից ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները

Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել. «Սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանի զինված ուժերը սանձազերծել են հերթական ռազմական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ՝ խախտելով միջազգային իրավունքի սկզբունքները և 2020 թվականի նոյեմբերի 9-ի ռազմական գործողությունների դադարեցման մասին Եռակողմ հայտարարության դրույթները։ Մայրաքաղաք Ստեփանակերտը և այլ բնակավայրերը ներկայումս ենթարկվում են զանգվածային հրետանային և հրթիռային ռմբակոծության և օդային հարվածների։ Կան զոհեր, այդ թվում՝ քաղաքացիական բնակիչների շրջանում։
Արցախի Հանրապետության շարունակվող անօրինական շրջափակման ներքո Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիան անթաքույց ցեղասպանություն է և Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների ժխտման ծայրահեղ արտահայտում։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն արդեն բացահայտորեն հայտարարել է Արցախի 120 հազար բնակչության բռնի տեղահանումն իրականացնելու մտադրության մասին, ինչը հավասարազոր է Արցախի ժողովրդին որպես այդպիսին և նրա ընհանրության և ամբողջականության ոչնչացմանը։
Ամբողջ երկիրը ենթարկելով անօրինական պաշարման և որպես պատերազմի մեթոդ օգտագործելով սովը՝ Ադրբեջանը որոշել է դիմել ուժի կիրառման՝ վստահ լինելով, որ չի հանդիպի միջազգային հանրության դիմադրությանը։ Ադրբեջանի իշխանությունները վերջին շաբաթներին հող էին նախապատրաստում այս ռազմական հարձակման համար՝ բացահայտ և կեղծ կերպով մեղադրելով Արցախին և Հայաստանին ռազմական սադրանքների մեջ։ Հարկ է ընդգծել, որ այդ կեղծիքներից ոչ մեկը չի հաստատվել ռուսական խաղաղապահ զորակազմի հաղորդագրություններով։
Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան վերջինիս ցեղասպան գործողությունները և Արցախի՝ ավելի քան 9 ամիս շարունակվող ապօրինի շրջափակումը կասեցնելու ուղղությամբ միջազգային հանրության կողմից հավաքական միջոցների բացակայության ուղղակի հետևանքն է։ Անտեսելով Ադրբեջանի հանցավոր մտադրությունների մասին նախազգուշացումները և հրաժարվելով համապատասխան գործողություններից՝ բոլոր պատասխանատու միջազգային դերակատարները չկարողացան կանխել Ադրբեջանի կողմից Արցախի դեմ հերթական ագրեսիան։
Արցախի Հանրապետությունը պահանջում է միջազգային հանրությունից ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցներն ադրբեջանական ռազմական ագրեսիայի շարունակությունը անհապաղ կասեցնելու և բնակչության անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։ Ցեղասպանության հանցագործության կանխարգելումը յուրաքանչյուր պետության, ներառյալ ներգրավված դերակատարների պարտականությունն է: Անգործությունը նպաստում է հանցագործության կատարմանը»։

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
9515:42
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)
12012:54
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
13209:24
Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
322Երեկ, 20:00
Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր (տեսանյութ)
219Երեկ, 11:12
ՌԴ ԱԳՆ-ն հերքել է լուրերը, թե Մոսկվան հրաժարվել է համաձայնեցնել Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածությունը
54301.11.2026, 18:12
Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
42031.10.2026, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
49630.10.2026, 10:36