Երեքշաբթի, 03 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«Ովքեր ցանկություն ունեն տեղափոխվել ՀՀ, առաջիկա ամիսներին կունենան այդ հնարավորությունը». Արցախի տեղեկատվական շտաբ

«Ովքեր ցանկություն ունեն տեղափոխվել ՀՀ, առաջիկա ամիսներին կունենան այդ հնարավորությունը». Արցախի տեղեկատվական շտաբ
662
Կիրակի, 24 սեպտեմբերի, 2023 թ., 19:12

Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է.

«Նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 24-ին հանդիպել է վերջին ռազմական գործողությունների հետևանքով տարհանված, անօթևան մնացած և Իվանյանում ռուս խաղաղապահների մշտական տեղակայման վայրի հարևանությամբ հանգրվանած քաղաքացիների հետ:

Ծանր կացության մեջ հայտնված քաղաքացիները ցանկություն են հայտնել տեղափոխվել ՀՀ-ում գտնվող իրենց հարազատների մոտ:

Ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում ընդունվել է որոշում, համաձայն որի, հատկացվել է թվով 30 ավտոբուս՝ վերոնշյալ քաղաքացիներին անխոչընդոտ ՀՀ տեղափոխելու նպատակով:
Վերոնշյալ՝ անօթևան մնացած և ծանր կացության մեջ հայտնված քաղաքացիների տեղափոխման գործընթացն ավարտելուց հետո մեր բոլոր այն հայրենակիցները, ովքեր ցանկություն ունեն տեղափոխվել ՀՀ, առաջիկա ամիսներին կունենան այդ հնարավորությունը:

Կառավարությունը նախատեսում է նաև կազմակերպված եղանակով տրամադրել վառելիք:
Այն քաղաքացիները, ովքեր ռազմական գործողությունների հետևանքով ստիպված չէին լքել իրենց տներն ու բնակավայրերը, խնդրում ենք պահպանել հանգստություն և սպասել գործընթացի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվության:

Հաշվի առնելով բնակչության կողմից ստեղծվող արհեստական խոչընդոտները՝ կոչ ենք անում խուսափել խուճապային տրամադրություններից, անկարգապահության, բռնության և հանցավոր երևույթներից, ցուցաբերել զսպվածություն և օրինապահպանություն:

Տեղեկացնում ենք, որ գործընթացն իրավապահ մարմինների շուրջօրյա հսկողության տակ է, և վերջիններս կանխարգելման աշխատանքներ տանելու հանձնարարական ունեն»: