Երեքշաբթի, 03 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Եթե Ադրբեջանը չմերժի 3 սկզբունքները, խաղաղության պայմանագրի ստորագրումը շատ իրատեսական կդառնա»․ Փաշինյան

«Եթե Ադրբեջանը չմերժի 3 սկզբունքները, խաղաղության պայմանագրի ստորագրումը շատ իրատեսական կդառնա»․ Փաշինյան
527
Ուրբաթ, 10 նոյեմբերի, 2023 թ., 19:18

Չնայած այն հանգամանքին, որ լուրջ հարցեր են առաջանում Ադրբեջանի անկեղծության վերաբերյալ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Երևանն ու Բաքուն մոտ են «խաղաղության պայմանագիր» կնքելուն։ Այդ մասին Փաշինյանն ասել է Փարիզում կայացած՝ «Խաղաղության 6-րդ համաժողովի» ժամանակ իր ելույթում։

«Դա չի սասանում մեր հավատարմությունը խաղաղության օրակարգին, և մենք հույս ունենք, որ առաջիկա ամիսներին կստորագրենք խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ՝ հիմնվելով Բրյուսելում կայացած բանակցություններում համաձայնեցված երեք սկզբունքների վրա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Նա նաև թվարկել է իր նշած սկզբունքները․

«Հայաստանն ու Ադրբեջանը լիովին ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ հիմնվելով այն գիտակցության վրա, որ Հայաստանի տարածքը զբաղեցնում է 29,800 կմ2, իսկ Ադրբեջանինը՝ 86,600 կմ2 տարածք։

Հայաստանն ու Ադրբեջանը հաստատում են իրենց անվերապահ հավատարմությունը 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես սահմանազատման քաղաքական շրջանակ:

Տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման ապագա տրանսպորտային կարգավորումները հարգելու են բոլոր երկրների ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության և հավասարության սկզբունքները»:

Փաշինյանը նշել է, որ այս սկզբունքների շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել Բրյուսելում Ադրբեջանի նախագահի հետ բանակցությունների ընթացքում։

«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը նույնպես իրենց աջակցությունն են հայտնել այս սկզբունքներին, որն արտահայտված է Շառլ Միշելի, Օլաֆ Շոլցի, Էմանուել Մակրոնի և իմ կողմից ստորագրված՝ Գրանադայի քառակողմ հայտարարության մեջ։

Եվ եթե Ադրբեջանը չմերժի այդ սկզբունքները, դա կնշանակի, որ առաջիկա ամիսներին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը շատ իրատեսական է դառնում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։