«ՀՀ-ում հեռուստատեսային եթերի որևէ ցենզուրա չկա». վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Հեռուստատեսության աշխատողի օրվա առիթով
67 տարի առաջ այս օրը՝ 1956 թվականի նոյեմբերի 29-ին, տեղի ունեցավ հայկական հեռուստատեսության առաջին հեռարձակումը:
Նախորդ տարի, Հանրային հեռուստաընկերության դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարությունը նոյեմբերի 29-ը սահմանեց Հեռուստատեսության աշխատողի օր:
Եվ ահա, հեռուստատեսության բոլոր աշխատողների օրը շնորհավորելու հաճելի առիթն ունեմ:
Այսօր Հայաստանի Հանրապետության հեռուստատեսային եթերն ազատ է և բազմազան, ինչն աննախադեպ է մեր երկրի պատմության համար: 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը Հայաստանում ժողովրդավարության, խոսքի ազատության նոր մակարդակ բերեց, ինչն առաջին հերթին հենց հեռուստատեսության ոլորտի աշխատողներն են տեսնում և վայելում:
Հիմա Հայաստանում հեռուստատեսային եթերի որևէ ցենզուրա չկա: Եվ մի քանի անգամ առիթ եմ ունեցել ընդգծելու, որ հեռուստադիտողներն են որոշում՝ որ ալիքին հետևել կամ չհետևել, վստահել կամ չվստահել:
Հաճույքով եմ արձանագրում, որ Հայաստանի Հանրային հեռուստատեսության հանրային վստահությունը գտնվում է աննախադեպ բարձր մակարդակի վրա: Պիտի ընդգծեմ, որ Կառավարությունն աջակցում է հանրային այդ կարևորագույն ռեսուրսի զարգացմանը:
2018-2022 թվականների ընթացքում Հանրային հեռուստաընկերությունը Կառավարությունից շուրջ 1 մլրդ դրամի լրացուցիչ աջակցություն է ստացել: Եվս 880 մլն դրամ նախատեսվում է հատկացնել նոր հեռուստատեսային ստուդիայի կառուցման ծրագրի շրջանակում: Մի շարք միջազգային գործընկերներ ակտիվորեն աջակցում են Հանրային հեռուստատեսության հետագա զարգացմանը և Կառավարությունը շնորհակալությամբ քաջալերում է նրանց այդ ջանքերը:
Հեռուստատեսության հարգելի աշխատողներ,
Շնորհավորում եմ բոլորիդ Հեռուստատեսության աշխատողի օրվա առիթով: Տեխնոլոգիական զարգացման այս դարաշրջանում հեռուստատեսությունն այլ ավանդական լրատվամիջոցների շարքում դժվար ժամանակներ է ապրում: Բայց հեռուստատեսության էությունը տեխնիկական միջոցները չեն միայն, այլև ստեղծագործական տաղանդը, հարգանքը և սերը լսարանի նկատմամբ և առաքելության խորը գիտակցումը: Համոզված եմ՝ այս սկզբունքներով առաջնորդվողները միշտ սպասված են և կապ չունի՝ հեռուստացույցի՞, համակարգչի՞, թե սմարթֆոնի էկրանին:

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
8309:24
Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
251Երեկ, 20:00
Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր (տեսանյութ)
195Երեկ, 11:12
ՌԴ ԱԳՆ-ն հերքել է լուրերը, թե Մոսկվան հրաժարվել է համաձայնեցնել Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածությունը
49501.11.2026, 18:12
Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
40531.10.2026, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
47730.10.2026, 10:36
Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
62728.10.2026, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
60528.10.2026, 12:06