Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը
437
Կիրակի, 10 դեկտեմբերի, 2023 թ., 17:18
Դեկտեմբերի 10-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորները Արցախի Հանրապետության Անկախության հանրաքվեի, մարդու հիմնարար իրավունքների և ցեղասպանության կանխարգելման միջազգային օրվա կապակցությամբ այցելել են Եռաբլուր պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Արցախի ազգային- ազատագրական պայքարի ճանապարհին նահատակված հայորդիների շիրիմներին: Օրվա կապակցությամբ ԱՀ ԱԺ-ն հանդես է եկել հայտարարությամբ . «Արցախի ազգային – ազատագրական պայքարի պատմության մեջ ինքնորոշման և ժողովրդավարական սկզբունքների հիման վրա Հանրապետության կայացման առհավատչյան 1991 թվականի Անկախության հանրաքվեն է: 1991 թվականի Անկախության հանրաքվեն այն հիմնաքարն էր, որի վրա կառուցվեց Արցախի Հանրապետությունը և դարձավ համայն հայության պարծանքն ու հաղթանակի փարոսը: Արցախի ժողովուրդը 2006 թվականի նույն օրը Սահմանադրության ընդունման հանրաքվեով մեկ անգամ ևս արտահայտեց անկախ պետություն ունենալու և ազատության համար պայքարի ուղին անշեղորեն շարունակելու իր կամքը: 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով զոհվեցին հարյուրավոր մեր հայրենակիցներ, այդ թվում ՝ երեխաներ և կանայք, հայաթափվեց հայ ժողովրդի հազարամյա հայրենիք Արցախը: Անվտանգության և իրավունքների իրացման անհնարինությունից ելնելով՝ Արցախի բնակչությունը դիմեց հայրենիքը լքելու ծայրահեղ քայլի։ Այս ամենին իր գնահատականը տվեց նաև միջազգային հանրությունը: Ֆրանսիայի և Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունները, Գերմանիայի Բունդեսթագը, Ավստրիայի և Նիդեռլանդների խորհրդարանները, Եվրախորհրդարանը, Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը և այլ միջազգային հեղինակավոր կազմակերպություններ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը որակեցին որպես էթնիկ զտում։ Ադրբեջանը, հայ ժողովրդի դեմ ցեղասպանություն իրականացնելուց հետո , միջազգային դերակատարների աչքին թոզ փչելու և իր արարքն արդարացնելու համար, որպես ռազմական գործողությունների դադարեցման նախապայման, Արցախի Հանրապետության Նախագահին պարտադրեց ստորագրել փաստաթուղթ: Ի սկզբանե գիտակցելով Ադրբեջանի կողմից պարտադրվող փաստաթղթի հակասահմանադրականությունը, գնահատելով խաղաղ բնակչությանը ցեղասպանության ենթարկելու, նրա ազատ տեղաշարժը խոչընդոտելու և կամայական ձերբակալությունների հնարավոր վտանգների առկայությունը՝ նախագահի կողմից ընդունվեց հրամանագիր, որով մինչև 2024 թվականի հունվարի 1-ը պետք է կազմալուծվեին Արցախի պետական ինստիտուտները, իսկ բնակչությունը որոշում կայացներ՝ լքել հայրենիքը կամ ինտեգրվել Ադրբեջանին։ Հաշվի առնելով Արցախի հարցի վերջնական փակմամբ շահագրգռված կողմերի կատարված և կատարվող քայլերի ինտենսիվությունն ու դրանում շահագրգիռ կողմերի ագրեսիվ վարքագիծը՝ Ազգային ժողովը վերահաստատում է իր հանձնառությունը՝ տեր կանգնելու Արցախի ժողովրդի իրավունքներին և հայտնում իր պատրաստակամությունը՝ շահագրգիռ կողմերի հետ քննարկելու բոլոր խնդրահարույց հարցերը։ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը, հավատարիմ Արցախի ժողովրդի ազատ կամքի արտահայտման արդյունքում ստացած մանդատին, վճռակամ է պաշտպանելու հայ ժողովրդի հազարավոր հայորդիների արյունով ու քրտինքով իրացված իրավունքներն ու ազատությունը»: