«Հայքի մշակույթի Օմբուդսմեն» ֆեյսբուքյան էջն ահազանգում է. «Ադրբեջան արհեստածին կազմավորումը շարունակում է պետական մակարդակով տարածքային հավակնությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ՝ օրեցօր խորացնելով զավթողական քաղաքկանությունը: Տաթևի վանական համալիրից, Էջմիածնի Մայր տաճարից, Հառիճավանքից հետո ադրբեջանական կեղծարարության թիրախում հայտնվեց Հաղարծին վանական համալիրը: Հաղարծին վանական համալիրը գտնվում է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքից 18կմ հյուսիս՝ Հաղարծին գյուղում: Հաղարծինի ուսումնակրթական կենտրոնը մատենագրության մեջ հիշատակվում է XIII դարից և կարճ ժամանակահատվածում վերածվում մշակութային հայտնի օջախի։ Կենտրոնի վերելքն առավելապես կապված է Խաչատուր Տարոնացու բազմաբեղուն գործունեության հետ։ Վանական համալիրի ինքնատիպությունն ապահովում են պատմական տարբեր ժամանակաշրջաններում կառուցված երեք եկեղեցիները, երկու գավիթը (մեկը ավերված) և սեղանատունը: Դրանցից ամենահինը՝ Ս.Գրիգոր եկեղեցին է (մոտ Xդ.), որը խաչաձև-գմբեթավոր կառույց է։ Արևմուտքից կից է 4 սյուներով մեծ գավիթը, որը XIIդ. վերջին կառուցել է Իվանե Զաքարյանը։ Գավթի անկյունային միահարթ առաստաղների բարձրաքանդակներին (մարդկանց պատկերներ, վարդյակներ, թռչուն, հրեշտակ և այլն, նաև՝ փոքրիկ արձանագրություններ) բնորոշ է XIIIդ. հայկական քանդակի յուրատիպությունը: Գավթի հարավային պատի մոտ պահպանվել են գերեզմանադամբարանների մնացորդներ: Եկեղեցուն հյուսիսից կից է թաղակապ մատուռը, իսկ արևելյան մասում կանգնած է նրբագեղ մանրամասներով, կապտավուն բազալտից կառուցված Ս.Ստեփանոս գմբեթավոր եկեղեցին (1244թ.)/: Ադրբեջանական պետական քարոզչամեքենան ոչ միայն խեղաթյուրում է նշանավոր այս վանական համալիրի պատմությունը, այլ նաև որպես «ադրբեջանական պատմական բնակավայրեր» է ներկայացնում Դիլիջան քաղաքն ու Հաղարծին գյուղը: Այս ամենը մեկ անգամ ևս ապացուցում է, որ Ադրբեջանը չունի ո՛չ պատմություն, ո՛չ մշակույթ, այլ յուրացնում է տարածաշրջանի տեղաբնիկ ժողովուրդների պատմությունն ու մշակույթը, որոնք ստեղծվել են հազարամյակներ շարունակ: Այն, որ Ադրբեջանում ամեն ինչ կեղծ և արհեստական է դիպուկ կերպով նշված է գեներալ-լեյտենանտ Դենիկինինի աշխատությունում. «Ադրբեջանական Հանրապետությունում ամեն ինչ արհեստական էր, «ոչ իսկական»՝ սկսած անվանումից, որը վերցված էր Պարսկաստանի նահանգներից մեկից: Արհեստական տարածք, որն ընդգրկում էր Լեզգիական Զաքաթալան, Բաքվի և Ելիզավետպոլի հայ-թաթարական նահանգները և ռուսական Մուղանը՝ միավորված թուրքական քաղաքականությամբ՝ որպես պանթյուրքիզմի հենակետ Կովկասում: Արհեստական պետականություն, քանի որ այս հողերը, որոնք ընկած էին ժողովուրդների մեծ գաղթի ճանապարհին և ենթարկվում էին իրար հաջորդող նվաճողների տարբեր մշակույթների ազդեցությանը, միշտ բնակեցված էին ցրված փոքրաթիվ ցեղերով, որոնք թշնամանում էին միմյանց դեմ և դեռ պահպանում էին քոչվորական կյանքի առանձնահատկությունները: Ի վերջո, արհեստականորեն պահպանվում էր նաև ադրբեջանական կառավարությունը. սկզբում՝ Նուրի փաշայի կամքով, հետո՝ գեներալ Թոմսոնի, իսկ հետագայում՝ պարզապես իներցիայով» (Աղբյուր՝ գեներալ Ա. Ի. Դենիկին, «Էսսեներ ռուսական խռովության մասին», հատոր 4, Ռուսաստանի հարավի զինված ուժեր, հրատարակչություն «Սլովո», Բեռլին, 1925, էջ 164)»: Վերջերս ադրբեջանական տիկտոկյան ալիքները հրապարակեցին տեսանյութեր, որոնցում Հաղարծին վանական համալիրը ներկայացվում է՝ որպես աղվանական: Այս և բազմաթիվ այլ փաստերն ակնհայտորեն ցույց են տալիս Ադրբեջանի հակահայկական քաղաքականության դիմագիծը, որն իրականացվում է պետական մակարդակով: Հայքի մշակույթի Օմբուդսմեն Հովիկ Ավանեսով»: