Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

Դավիթ Տոնոյանը հանդես է եկել հայտարարությամբ

Դավիթ Տոնոյանը հանդես է եկել հայտարարությամբ
202
Հինգշաբթի, 29 փետրվարի, 2024 թ., 10:24

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությունը․ «Վերջին ամիսներին հարկ չէի համարում արձագանքել Քրեակատարողական ծառայության և «ԵՐԵՎԱՆ-ԿԵՆՏՐՈՆ» ՔԿՀ նախկին պետերին զբաղեցրած պաշտոններից ազատելը ինձ վերագրվող «միջադեպի» հետ կապելու մասին բազմաթիվ ուղղորդված մանիպուլատիվ հրապարակումներին: Սակայն փետրվարի 14-ին կայացած Քրեակատարողական ծառայության 2023թ․ գործունեության հաշվետվության քննարկման ընթացքում Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն անարձագանք թողնել չեմ կարող: Ի սկզբանե պարզ էր, որ թեմայի շուրջ «կիսաճիշտ» հրապարակումներն ուղղորդվում են անձամբ վարչապետի կողմից, ինչը փետրվարի 14-ին փաստացի հաստատեց ինքն անձամբ: Զավեշտալին այն է, որ վարչապետը փորձում էր դա քողարկել «պետության հեղինակության» մասին հոգ տանելու եւ «օրենքի հանդեպ վերաբերմունք» ձեւավորելու անհրաժեշտությամբ: Հիշյալ խորհրդակցության ժամանակ Նիկոլ Փաշինյանի և Արդարադատության նախարարի ելույթներով հիմնավորվեց 2 կարևոր փաստ: Նախ այն, որ իմ նկատմամբ քրեական հետապնդումն ունի քաղաքական ենթատեքստ, ուղղորդվում է անձամբ Փաշինյանի կողմից և այդ միջամտությունը այն աստիճան խորն է, որ վերջինս հետևում է իմ բոլոր քայլերին, այդ թվում՝ մորս հետ տեսակցություններին և այդ մասին չի խորշում խոսել հրապարակայնորեն: Թե ինչու է իմ նկատմամբ քրեական հետապնդումը կրում քաղաքական բնույթ, կարծում եմ, բոլորին էլ պարզ է։ Իսկ ինձ տրամադրված կարճաժամկետ մեկնման ընթացքի հանդեպ Փաշինյանի սևեռուն ուշադրությունը, համոզված եմ, կապված էր իմ՝ ԱԺ Քննիչ հանձնաժողովի նիստերում արտահայտված մտքերի և դիրքորոշումների հետ: Հիմնական «մտահոգիչ» պատասխանները հանրային չեն եղել և դրանց չհրապարակելը բխում է բացառապես ՀՀ անվտանգության ապահովման և ազգային շահերից և պայմանավորված չէ վարչապետի կերպարին չվնասելու «մտավախությամբ»: Հատկապես, որ դժվար է հավելյալ վնաս հասցնել անձի, որը չի խորշում անգամ դեպքից շուրջ 6,5 ամիս անց ներխուժել անձնական տարածք և շահարկման առարկա դարձնել այն, ինչը սրբություն է բոլոր նորմալ մարդկանց համար: Երկրորդ կարևոր փաստն այն էր, որ հիշյալ խորհրդակցության ժամանակ Արդարադատության նախարարն անդրադարձել է դատավորի «խնդրահարույց որոշմանը»՝ փաստացի հաստատելով, որ 2023 թվականի օգոստոսի 1-ին ՀՀ ԱԺ մեկնելիս և վերադառնալիս թե իմ, թե Քրեակատարողական ծառայության աշխատակիցների տրամադրության տակ եղել է բացառապես ինձ կարճաժամկետ մեկնում տրամադրելու մասին դատարանի 2023 թվականի հուլիսի 27-ին կայացված որոշման եզրափակիչ մասի քաղվածքը, ըստ որի դատարանը ինձ իրավունք էր վերապահել հանձնաժողովի աշխատանքներից դուրս առնվազն երկու ժամ լինել կարճաժամկետ մեկնման մեջ, ինչն էլ օգտագործելով՝ նախընտրել եմ հանդիպել մորս: Միգուցե այդ ժամանակը տրամադրվել էր այլ նպատակների համար, որը, սակայն որոշման մեջ հասկանալի պատճառներով չէր ընդգրկվել և փայլուն օգտագործվել է իմ և ՔԿՀ աշխատակիցների դեմ: Այսինքն, օգոստոսի 1-ին ո՛չ իմ, ո՛չ Քրեակատարողական ծառայության աշխատակիցների գործողությունները չեն հակասել ո՛չ օրենքին, ո՛չ առկա որոշմանը: Այս առումով, միգուցե կարիք կա, որ Արդարադատության նախարարը վարչապետին լրացուցիչ ներկայացնի «կարճաժամկետ մեկնում» գործիքակազմի մանրամասները: Իսկ իմ գործը քննող, առանց այդ էլ անկողմնակալությամբ չփայլող դատավորի կողմից կայացված որոշումը վարչապետի մասնակցությամբ նախարարի կողմից «խնդրահարույց» որակելն ու այդ կապակցությամբ ինչ-որ շարունակական ուսումնասիրության մասին հայտարարություններն անցնում են բացահայտ ճնշման սահմանները և հաստատում հանրության աչքից հեռու, իմ կամքին հակառակ հանրությունից ծածուկ իրականացվող փակ դատավարության ընթացքը գործադրի կողմից ուղղորդված լինելը: Կարծում եմ, որ որևէ գիտակից մարդ՝ հետևելով գործով զարգացումներին և ծանոթանալով նշված խորհրդակցությունը, այլևս չի կարող հավատալ, որ իմ գործը շինծու և հրահանգավորված չէ, իմ նկատմամբ կալանքն օրինական է և հնարավորություն կա արդարադատություն իրականացնելու:

Հ.Գ. Վարչապետին կամ իր խորհրդականներին նաև խորհուրդ կտամ մինչ «ընդհուպ արձակուրդ» տրամադրելու իրավասության մասին հրապարակային հայտարարություններ կատարելը ուշադիր ուսումնասիրել կալանավորված անձանց մասին օրենսդրությունը և այն, թե արդյո՞ք այդպիսին գոյություն ունի ՀՀ օրենսդրության մեջ»: