«Նախագծում որևէ ձևով չի բացառվում, որ զուգընկեր կարող են համարվել նաև նույնասեռ անձինք»․ Մայր Աթոռ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի իրավախորհրդատվական հանձնախումբը հայտարարություն է տարածել ԱԺ օրակարգում ընդգրկված «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի վերաբերյալ
«Խիստ տարակուսանքով տեղեկացանք, որ Ազգային Ժողովում վերստին քննարկման է դրված ««Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի խնդրահարույց նախագիծը:
Եկեղեցին ողջունում է յուրաքանչյուր նախաձեռնություն, այդ թվում և իրավական փաստաթուղթ, կոչված բացառելու բռնությունն ինչպես ընտանիքում, այնպես և սոցիալական որևէ այլ միջավայրում: Բռնության ցանկացած դրսևորում դատապարտելի է, և բոլոր մարդիկ գտնվում են Աստծո անփոփոխ խնամքի ներքո, քանզի Սուրբ Գիրքը վկայում է Տիրոջ խոսքը, թե. «Ես նրանց համար Աստված պիտի լինեմ, և նրանք ինձ համար պիտի լինեն որդիներ» (Հայտն. 21.7):
Այսուհանդերձ, խիստ անընդունելի են նախագծում առկա որոշ ձևակերպումներ և հասկացություններ:
Մասնավորաբար՝ նախագծի վերնագրում և բովանդակության մեջ ներդրված «կենցաղային բռնություն» հասկացությունը խիստ անորոշ է ու տարածական, հակասում է ընտանիքի ներսում բռնությունների կանխարգելման նպատակին և արհեստականորեն ընդլայնում է օրենքի կարգավորման տիրույթը:
Առավել քան մտահոգիչ է նախագծում «զուգընկեր» հասկացության նորամուծությունը, որտեղ սահմանվում է. «զուգընկեր՝ անձ, որի հետ առկա են հարաբերություններ, որոնց հատուկ է սիրային կապը՝ անկախ համատեղ բնակության կամ միմյանց հետ սեռական հարաբերություններ ունենալու հանգամանքից»: Սրան զուգահեռ՝ նախագծում որևէ ձևով չի բացառվում, որ զուգընկեր կարող են համարվել նաև նույնասեռ անձինք, որոնց միությունը, ըստ էության, հավասարեցվելու է ընտանիք հասկացությանը:
Ընտանիքը տղամարդու և կնոջ սիրո միությունն է՝ Աստծո կամքի մեջ միավորված և սերնդագործությամբ օրհնված: Ընտանիքի ավանդական ընկալումը գոյաբանական նշանակություն ունի մեր ազգի համար և չի կարող սակարկման առարկա լինել:
Հետևաբար, բռնության կանխարգելումը չպիտի ծառայեցվի որպես առիթ՝ ընտանիքի ավանդական ընկալման ձևախեղման համար։ Բռնության, ինչպես և ցանկացած այլ չարիքի կանխարգելումը և դրա դեմ պայքարը պետք է իրագործվի այնպիսի միջոցներով, որոնք պատճառ չեն դառնա չարիքի խորացմանն ու նոր բռնության:
Արդ, հաշվի առնելով վերը նշված, ինչպես և մի շարք այլ մտահոգիչ ձևակերպումներ ու նորամուծություններ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Իրավախորհրդատվական հանձնախումբն անընդունելի է համարում նմանօրինակ նախաձեռնությունը և հորդորում է Ազգային Ժողովի խմբակցություններին և պատգամավորներին մերժել նախագծի ընդունումը:
Յուրաքանչյուր պատգամավորի քվեարկության արդյունքը ակներև է դարձնելու նրա վերաբերմունքն ու պատասխանատվությունն իր իսկ ընտանիքի, իր իսկ երեխաների և սերունդների նկատմամբ ու հավատարմությունը քրիստոնեական ավանդական ընտանեկան արժեքներին:
Ազգային Ժողովի պատգամավորներին մաղթում ենք արդյունավոր ծառայություն՝ ի նպաստ մեր երկրի զորացման և ազգային մեր ինքնության ամրապնդման:

Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
119Երեկ, 20:00
Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր (տեսանյութ)
140Երեկ, 11:12
ՌԴ ԱԳՆ-ն հերքել է լուրերը, թե Մոսկվան հրաժարվել է համաձայնեցնել Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածությունը
39401.11.2026, 18:12
Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
36031.10.2026, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
45130.10.2026, 10:36
Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
60328.10.2026, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
58128.10.2026, 12:06
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
57927.10.2026, 16:06