«Ցեղասպանվեցինք, որովհետև մեզնից առավել ուրիշին սիրեցինք. այսօր պատմությունը կրկնվում է». Արշակ Սրբազանի ելույթը
![]() 1225 Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ., 01:54 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանապետ Արշակ Սրբազանի ելույթը՝ Ջահերով երթի ժամանակ․ «Ինչ լավ է, 50 մետր այն կողմ Ադրբեջանն է, մենք այնտեղ առևտուր կանենք․․․»,- մի քանի օր առաջ՝ ապրիլի 17-ին, Տավուշի սահմանամերձ Կիրանց գյուղում, բնակիչների հետ հանդիպման ժամանակ, անասելի ոգևորությամբ հայտարարեց ՀՀ-ի ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Սրանից ավելի քան 100 տարիներ առաջ՝ նույն հանցավոր միամտությամբ ու անհեռատեսությամբ՝ օսմանահպատակ շատ հայեր 1908 թ․-ին, երիտթուրքերի հեղափոխությունից հետո հրճվանքով ու խանդավառությամբ բացականչում էին․ «Հիմա ազա՛տ ենք, մեզ ազատ ենք զգում, քայլ ենք անում ու քայլում ենք, երգում ենք ու երգում, և մեր սրտերն անհոգորեն շնչում են ազատ լեռների ազատ օդը» (Ս․ Սարհադյան, Կյանքիս hուշերից, Երևան, 2007, էջ 32)։ Հետևա՞նքը… Ահա՛ հետևանքը: Մենք կանգնած ենք հետևանքի առջև։ Կանգնած ենք Օսմանյան կայսրությունում ցեղասպանված մեկ ու կես միլիոնից ավելի հայերի հիշատակը խորհրդանշող նահատակաց հուշարձանի առջև: Այսօր Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցն է։ Տասնյակ տարիներ մեր ժողովուրդը մորմոքացող սրտով, չսպիացող վերքերով, գլխահակ շարժվում է դեպի նահատակաց հուշարձան, մտովի զրուցում իր նահատակ և կամ հրաշքով մազապուրծ հայրենակիցների ու նախնիների հետ։ Հազարավոր օրեր ու հազարավոր գիշերներ հարց ենք տալիս ինքներս մեզ՝ ինչո՞ւ արժանացանք այս դառը ճակատագրին, ինչո՞ւ Աստված լքեց մեզ։ Եվ հիմա, ժողովո՛ւրդ, վերստին հարցնում եմ ձեզ և հարցնում եմ մեզ՝ ինչո՞ւ եղավ ցեղասպանությունը, ինչո՞ւ ազգովի կոտորվեցինք ու դարձանք զոհը ոճրագործության: Ուրիշները կպնդեն, թե ցեղասպանության պատճառը թուրքերի գենետիկ դաժանությունն էր ու արյունարբությունը։ Այլոց համար ցեղասպանության պատճառը հինավուրց ու մշակութաստեղծ ժողովրդի հանդեպ քոչվորների բնական նախանձն էր։ Պատասխանս մեկն է․ կոտորվեցինք, որովհետև մեզնից առավել ուրիշին սիրեցինք, ցեղասպանվեցինք, որովհետև դյուրահավատորեն մեզնից առավել ուրիշին վստահեցինք և անմտորեն մեզնից առավել ուրիշին նվիրվեցինք: Առավել հավատացինք թշնամու բարեգթությանը, քան մեր քաջությանը, առավել ապավինեցինք թուրքական բարյացակամությանն ու մեծահոգությանը, քան մեր ազգային արժանապատվությանն ու ինքնապաշտության բնական ձգտումին: Որպես Ադրբեջան վերածնված նույն թյուրքական ցեղախումբը՝ Թուրքիայի իր եղբայրակիցների հետ, շարունակում է սպառնալիք ու թշնամի համարել Հայաստանին և ողջ հայությանը: Վերջին տարիների ողբերգական իրադարձությունները ցավալիորեն փաստեցին, որ հայության հանդեպ գենետիկ թշնամանքը որևէ փոփոխություն չի կրել թուրքի հավաքական գիտակցության մեջ: Ժողովո՛ւրդ, կրկին հարց ունեմ ձեզ՝ հնարավո՞ր է արդյոք խաղաղության դաշինք ստեղծել դահճի ու զոհի միջև, հնարավո՞ր է համերաշխություն նրա հետ, ով փորձում է ժխտել քո գոյությունը, ով վիճարկում է քո ապրելու իրավունքը: Իհարկե, ո՛չ և բյուր անգամ ո՛չ։ Հայատյաց այս ուժերի հետ հայության համակեցությունը հնարավոր է միայն մի դեպքում․ դա այն դեպքն է, երբ կհրաժարվենք մեր ինքնությունից, երբ կհրաժարվենք մեր արժանապատվությունից, ապագայի մեր իղձերից ու տեսիլքներից ու պատմական մեր հիշողությունից, և, վերջապես, կհրաժարվենք Աստծուց: Սրբազան Արարատը մոռացության տալու համար մենամարտի է հանվում և հակադրվում Արագածի հետ, պատմական Հայաստանը փորձ է արվում թաղել կարծեցյալ «իրական Հայաստանի» բավիղներում, Նժդեհը մերժվում է որպես ազգայնամոլ, Վարդանն ու Վասակը փոխվում են դերերով, և, ինչպես կասեր Շիրազը, «Վասակները՝ գահի վրա, Վարդանները՝ մահի»։ Հայ Եկեղեցին դիտարկվում է որպես մրցակից, եկեղեցականները՝ սպառնալիք պետության համար։ Դպրոցից դուրս է բերվում «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան, հենց հանրակրթության շրջանակներում եղծվում ու խեղաթյուրվում է «Հայոց պատմություն»-ը։ Հող հանձնողները դառնում են հայրենասեր, իսկ հողի համար կռվողները՝ գործակալներ, ամուսինները դառնում են զուգընկերներ, իսկ զուգընկերները՝ միգուցե միայն տղամարդիկ և կամ միայն կանայք։ Ահա այսպես է այսօր թշնամական օրակարգին «հակազդում» Ցեղասպանություն վերապրած ժողովրդի իշխանությունը։ Ցեղասպանությունից 109 տարիներ հետո մեր ժողովուրդն ստանում է սեփական իշխանություններից այսպիսի դեղատոմս՝ մոռանալ անցյալը, հրաժարվել ցավալի հիշողություններից, մոռանալ այն ամենը, ինչը կխանգարի քիրվայություն անել և բարիդրացիության մեջ ապրել ու առևտուր անել սեփական դահիճի հետ։ Սիրելի՛ ժողովուրդ, այսօր՝ ցեղասպանության տարելիցի նախօրյակին, ջահերի լույսով դուք պատռեցիք խավարը և առատացրիք լույսը հայրենական կյանքի։ Այդ լույսով մենք ցրել ենք ժամանակի մշուշներն ու մռայլը, հաղթահարել ենք անհաղթահարելին, վերապրել ենք անվերապրելին, և այսօր մենք ո՛չ թե ուրացությամբ պետք է մեռնենք, այլ աստվածպաշտությամբ պիտի ապրենք, պիտի ապրենք՝ ջահերի լույսը մեր գլխավերևում պահած, մեր ճանապարհի խավարը ցրելով և Տիրոջը ուղղված աղոթքը մեր շուրթերին․ «Լուսովդ քո Քրիստոս, ամենեքեան լուսաւորեցաք, եւ ի սուրբ խաչ քո, փրկիչ, հաւատացեալքս ապաւինեցաք։ Լուր մեզ, Աստուած փրկիչ մեր. տուր մեզ զխաղաղութիւն քո, եւ արա առ մեզ զողորմութիւն քո, մարդասէր Տէր․ ամէն» (Ժամագիրք Հայաստանեայց Ս. Եկեղեցւոյ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 2016, էջ 265-266)»։ |
Ապրիլի 18-ը Հուշարձանների պահպանության միջազգային օրն է
29218.04.2025, 17:12«Կիրառվում է լռեցման ու ճնշման քաղաքականություն». Սարգիս Արզումանյան
36018.04.2025, 10:12Նոր գիրք՝ «Լռեցված ոճիրը. Հայոց Ցեղասպանության ընթացքում երեխաների բռնի տեղափոխումը»
35617.04.2025, 00:00Կայացել է «Ֆրունզիկ Մկրտչյան. չգրված հետադարձ հայացք...» գրքի շնորհանդեսը
42316.04.2025, 22:30Համրից մինչև հնչյունային. ապրիլի 16-ը Հայ կինոյի օրն է
30616.04.2025, 20:18Թուրքիայում կհեռարձակվի հայկական առաջին սերիալը
49815.04.2025, 18:36Բժշկարաններ՝ Մատենադարանում պահվող ինքնատիպ ձեռագրերը
57714.04.2025, 00:12Մայր Տաճարում կատարվեց Դռնբացեքի արարողություն
48913.04.2025, 22:42