«Հայաստանը հանձնառու է մեկ ամսվա ընթացքում վերջնականացնել բանակցությունները». ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ
![]() 538 Ուրբաթ, 28 հունիսի, 2024 թ., 20:00 Հունիսի 28-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն առցանց ձևաչափով մասնակցել և ելույթով է հանդես եկել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի 48-րդ նիստին: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր ելույթում, մասնավորապես, նշել է. «Հարգելի Գլխավոր քարտուղար, Ձերդ գերազանցություններ, հարգելի գործընկերներ, Հավատացած եմ, որ ՍԾՏՀ-ի հիմնական նպատակների արդյունավետ իրականացումը, մասնավորապես՝ ներառական տարածաշրջանային տնտեսական համագործակցության և առևտրի դյուրացման խթանումն առանցքային նշանակություն ունեն տարածաշրջանային խաղաղության և կայունության պահպանման համար: Քանի որ Հայաստանը ստանձնում է ՍԾՏՀԿ նախագահությունը, ես կցանկանայի վերահաստատել մեր հանձնառությունը՝ աջակցելու կառուցողական երկխոսությանը և տարածաշրջանային տնտեսական համագործակցության ընդլայնմանն ուղղված լավագույն փորձի փոխանակմանը՝ կազմակերպության կանոնադրական նպատակներին համապատասխան: Կցանկանայի նաև ընդգծել ՍԾՏՀ-ի բոլոր ոլորտներում նախագծերի վրա հիմնված մոտեցման կարևորությունը, ինչպես նշված է «ՍԾՏՀ տնտեսական օրակարգում»: Հայաստանը կշարունակի աջակցել ՍԾՏՀ մանդատի շրջանակներում իրականացվող նախաձեռնություններին, այդ թվում՝ Ծրագրերի զարգացման հիմնադրամի միջոցով: Կարևոր է նշել նաև, որ Հայաստանի նախագահությունը հանդես կգա ՍԾՏՀ կազմակերպության և դրա հարակից մարմինների միջև ավելի ամուր համագործակցության և համակարգման օգտին՝ նպատակ ունենալով բարելավել դրանց համաժամացումը, փոխլրացումը և գործունեության ընդհանուր ներդաշնակեցումը: Հարգելի գործընկերներ, Հայաստանի Հանրապետության տնտեսությունը վերջին տարիներին զգալի աճ է գրանցել։ Հայաստանի տնտեսությունն աճել է մոտ 30 տոկոսով, իսկ պետական բյուջեի եկամուտները՝ ավելի քան 91 տոկոսով: Բացի այդ, ստեղծվել է մոտ 200,000 նոր աշխատատեղ՝ արձանագրելով աշխատատեղերի ընդհանուր թվի շուրջ 37 տոկոս աճ: Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն գրեթե կրկնապատկվել է: Առկա է ՍԾՏՀ անդամ մի քանի երկրների հետ արտաքին առևտրաշրջանառության զգալի աճ։ Տնտեսական աճի վերաբերյալ այս տպավորիչ և հուսադրող թվերի հետ մեկտեղ մենք ստիպված ենք նշել, որ տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար աննախադեպ մարտահրավերները դեռևս առկա են և լրջորեն խաթարում են Սևծովյան տարածաշրջանում կայուն սոցիալ-տնտեսական զարգացման հասնելու գործում առաջընթացը: Հայաստանը հավատարիմ է հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորմանը։ Որպես դեպի ծով ելք չունեցող զարգացող երկիր, որի սահմանները Արևելքից և Արևմուտքից ավելի քան երեք տասնամյակ շրջափակման մեջ են՝ Հայաստանը լիովին գիտակցում է միջազգային իրավունքի վրա հիմնված՝ ներառական և հավասար տարածաշրջանային և միջսահմանային հաղորդակցության խթանման կարևորությունը: Այս ընկալմամբ է, որ մեր երկիրը կառուցողականորեն ներգրավվել է Ադրբեջանի հետ խաղաղ բանակցություններում՝ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման և 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատման գործընթացի իրականացման, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցությունների բացման հիման վրա՝ հարգելով յուրաքանչյուր պետության ինքնիշխանությունն ու իրավազորությունը, ինչպես նաև առաջնորդվելով հավասարության և փոխադարձության սկզբունքներով՝ համաձայնեցված 2023թ. մայիսին և հուլիսին Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից։ Հայաստանն անկեղծորեն հանձնառու է մեկ ամսվա ընթացքում վերջնականացնել բանակցությունները և ստորագրել Համաձայնագիրը, և մենք կոչ ենք անում Ադրբեջանին փոխադարձելու այս կառուցողական մոտեցումը՝ զերծ մնալով արհեստական խոչընդոտներ ստեղծելուց։ Հայաստանը նաև հավատարիմ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման և ցամաքային սահմանների վերաբացման հանձնառությանը։ Այս առումով մենք պատրաստ ենք ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ հատուկ ներկայացուցիչների կողմից ձեռքբերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու, ներկայիս դրական ընթացքը պահպանելու և առաջ շարժվելու նպատակով՝ ի շահ երկու երկրների և տարածաշրջանի: Ձերդ գերազանցություններ, Լիովին հավատարիմ լինելով Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը, տարածաշրջանի ներուժի իրականացմանը՝ ուղղված Արևելքի ու Արևմուտքի, Հարավի ու Հյուսիսի միջև առևտրային և տրանսպորտային կապերի առաջմղման միջոցով տնտեսական և մշակութային փոխանակումների խթանմանը՝ Հայաստանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը։ Որպես մեր խաղաղության օրակարգի մաս՝ այս նախագիծը նպատակ ունի զարգացնել հաղորդակցությունը տարածաշրջանի երկրների միջև՝ վերանորոգելով, կառուցելով և շահագործելով ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, մալուխներ և էլեկտրական գծեր՝ այդպիսով բացելով նոր հնարավորություններ բեռների, ապրանքների և քաղաքացիների տեղաշարժի համար, և զգալիորեն ընդլայնելով մեր տարածաշրջանի ինտեգրումը համաշխարհային տրանսպորտային ցանցերին: Համոզված ենք, որ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը կարող է հսկայական օգուտներ բերել Սևծովյան տարածաշրջանի բոլոր երկրներին։ Եզրափակելով՝ ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի հանձնառությունը՝ խթանելու փոխշահավետ համագործակցությունը Կազմակերպության շրջանակներում՝ ուղղված նորարարական և կայուն զարգացմանը։ Վստահ ենք, որ ՍԾՏՀ կանոնադրության մեջ նախանշված սկզբունքներով առաջնորդվող տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը կարող է նպաստել Սևծովյան տարածաշրջանի ժողովուրդների խաղաղության, կայունության, բարգավաճման և բարեկեցության ամրապնդմանը։ Շնորհակալություն»: Հանդիպման արդյունքում ընդունվել են մի շարք բանաձևեր և որոշումներ: ՍԾՏՀԿ անդամ պետությունները հաջողություն են մաղթել Հայաստանին՝ կառույցում գալիք նախագահության կապակցությամբ»:
|

Դատախազությունը պահանջում է Արթուր Աղաբեկյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ
93006.02.2026, 17:00
Դատախազությունը պահանջում է Ռուբիկ Հակոբյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր
45906.02.2026, 16:00
«Անընդունելի և դատապարտելի է ՀՀ իշխանությունների անգործությունը»․ Արցախի ԱԺ
42006.02.2026, 15:36
«Ավտոմեքենան երթևեկել է բարձր արագությամբ». մանրամասներ՝ Հրապարակում տեղի ունեցած վթարից
41806.02.2026, 10:00
Թրամփն առաջարկել է մշակել նոր պայմանագիր հարձակողական զենքի կրճատման վերաբերյալ
113306.02.2026, 00:00
Գողություն կատարած անձը հայտնաբերվել է (տեսանյութ)
48905.02.2026, 16:36
Հանցավոր խումբ է բացահայտվել. կատարվել են խուզարկություններ, կան ձերբակալվածներ
73904.02.2026, 14:36
«Հանդիպում՝ «Զայեդ» մրցանակաբաշխության գլխավոր քարտուղարի հետ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
60404.02.2026, 13:54
