Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

Արցախի ներկայացուցչությունում փակ հանդիպում է տեղի ունեցել․ «Հրապարակ»

Արցախի ներկայացուցչությունում փակ հանդիպում է տեղի ունեցել․ «Հրապարակ»
218
Ուրբաթ, 19 հուլիսի, 2024 թ., 08:54

«Հրապարակ»-ը գրում է․ «Մի քանի օր առաջ Արցախի ներկայացուցչությունում նախագահ Սամվել Շահրամանյանի նախաձեռնությամբ, Արցախի քաղաքական խավի ներկայացուցիչների մասնակցությամբ փակ հանդիպում է կայացել։ Հանդիպմանը մասնավորապես ներկա են եղել խորհրդարանական ուժերի ու խմբակցությունների ղեկավարները, գործադիրի որոշ ներկայացուցիչներ։ Նպատակն արցախցիների միասնականության խնդիրն է եղել, առիթը՝ հատուկ ծառայության ներկայացուցիչների ներխուժումը ներկայացուցչություն և Շահրամանյանի ավտոմեքենան առգրավելը։

Շահրամանյանը հայրենակիցներին հորդորել է՝ անկախ քաղաքական տարաձայնություններից, միասնականություն դրսևորել, քանի որ այսօր ինքն է իշխանությունների թիրախում, վաղը կարող է ներկաներից յուրաքանչյուրը լինել։ Խոսքը հատկապես ուղղված է եղել «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանին, ով իր ելույթում արդարացել է, թե իրավիճակի մասին իրենց քաղաքական ուժին պատշաճ չեն տեղեկացրել, և հակընդդեմ մեղադրանքներ է հնչեցրել, թե՝ եթե միասնական լինեիք, մեր ուժին անկյուն չէիք մղի: Ապա հայտարարել է, որ առաջիկայում, հենց միասնականության գաղափարը կյանքի կոչելու համար, ինքն ակտիվ քայլեր է անելու: Ներկաները հասկացել են, որ Սամվել Բաբայանը նպատակ ունի արցախցիների միասնականության լոզունգի ներքո հայաստանյան առաջիկա քաղաքական գործընթացներին՝ ընտրություններին մասնակցել»։