Երկուշաբթի, 30 դեկտեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

Նալբանդյան գյուղում կրակոցներ արձակած և մեկ ոստիկանի սպանած տղամարդը կալանավորվել է

Նալբանդյան գյուղում կրակոցներ արձակած և մեկ ոստիկանի սպանած տղամարդը կալանավորվել է
276
Ուրբաթ, 13 սեպտեմբերի, 2024 թ., 12:00

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են․ «ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում շարունակվում է մեկ ոստիկանի սպանության, ևս չորսի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2024թ. սեպտեմբերի 7-ին օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Արմավիրի մարզի Նալբանդյան բնակավայրի 41–ամյա բնակիչը եղբոր անվամբ հաշվառված «VAZ 210740 I» մակնիշի ավտոմեքենայում ապօրինի հրազեն է պահում: Նշված տեղեկատվությունն իրացնելու նպատակով ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողներից բաղկացած խումբը մեկնել էր Նալբանդյան բնակավայր:
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Ոստիկանության ծառայողների խումբը Նալբանդյան բնակավայրից դեպի Նոր Արտագերս տանող ճանապարհին նկատել է հիշյալ տղամարդուն՝ «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան վարելիս։ Ոստիկանության ծառայողները կանգնեցրել են նրան և ձերբակալելու նպատակով մոտեցել վերջինիս։
Նկատելով ոստիկաններին, գիտակցելով իր կողմից ապօրինի ձեռք բերված՝ այդ պահին հիշյալ ավտոմեքենայում պահվող հրազենը վերջիններիս կողմից հայտնաբերելու իրական հնարավորությունը, ինչպես նաև իրեն ձերբակալելու մտավախությունից դրդված՝ նշված անձը, ոստիկաններին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, այլ անձանց համար վտանգավոր եղանակով, իր մոտ գտնվող «AK-74» մոդելի ինքնաձիգից ավտոմեքենայի սրահից, ինչպես նաև իջնելուց հետո կրակոցներ է արձակել ոստիկանության վերը նշված աշխատակիցների ուղղությամբ և դիմել փախուստի։
Կրակոցների հետևանքով ոստիկաններից մեկին պատճառվել են կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, ևս մեկ ոստիկան ստացել է ծանր մարմնական վնասվածքներ։
41–ամյա տղամարդը, իր կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված, իր հանցավոր մտադրությունն ամբողջովին ավարտին չի հասցրել, քանի որ հրազենային վիրավորում ստացած հիշյալ ոստիկանի կյանքը հնարավոր է եղել փրկել ժամանակին ցուցաբերված բժշկական օգնության շնորհիվ, իսկ ոստիկանության մյուս աշխատակիցներին հաջողվել է թաքնվել և խույս տալ իրենց ուղղությամբ արձակված կրակոցներից:
Վերը նշված ենթադրյալ հանցագործությունները կատարելուց հետո 41–ամյա տղամարդն իր կողմից ապօրինի ձեռք բերված և պահվող հիշյալ «AK-74» մոդելի ինքնաձիգը և դրա համար նախատեսված 10 հատ 5.45 մմ տրամաչափի փամփուշտ պահել է նույն բնակավայրում գտնվող անասնագոմի տարածքում, որոնք սեպտեմբերի 8–ին անասնագոմի սեփականատիրոջ կողմից ներկայացվել են քննչական բաժին։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Նալբանդյան բնակավայրի 41-ամյա բնակչի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և նրան մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով, 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով (4 դրվագ), 452-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ), 44-452-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (3 դրվագ) և 335-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։
Նախաքննությունը շարունակվում է»։