Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Չափազանց ուրախալի լուր՝ ջավախահայության համար Այսօրվանից Վրաստանում ապրող ՀՀ քաղաքացիներն իրենց վրացական մեքենաներով Բավրայից կարող են մտնել ՀՀ առանց գրավի՝ կացության վկայականի հիման վրա: 2024թ. հունվարի 1-ից, երբ ՀՀ մուտքի նոր կարգ սահմանվեց Վրաստանի պետհամարանիշերով մեքենաների համար, Վրաստանի տարածքում ապրող բազմահազար հայեր, որոնք Վրաստան-ՌԴ լարված հարաբերությունների տարիներին ՌԴ մեկնելու նպատակով ստացել են ՀՀ քաղաքացիության անձնագրեր, կորցրել Վրաստանի քաղաքացիությունը և այդ երկրի տարածքում ապրում են կացության իրավունքի վկայականով, կանգնեցին լուրջ խնդրի առջև: Այսպես, ինչպես բոլոր ՀՀ քաղաքացիները, 2024թ. հունվարի 1-ից վրացական պետհամարանիշով սեփական մեքենայով մուտք գործելիս Վրաստանում ապրող և ՀՀ քաղաքացիություն ունեցող հայերը (հիմնական տոկոսը կազմում են ջավախահայերը) ստիպված են սահմանին բանկում վճարել տվյալ մեքենայի մաքսազերծման ամբողջ գումարը, որը ահռելի թիվ է կազմում: Բնականաբար, ոչ բոլորն էին ի վիճակի այդչափ գումար գրավի տեսքով սառեցված պահել բանկում: Արձագանքելով հարյուրավոր ջավախահայ իմ հայրենակիցների մտահոգություններին՝ դիմել էի ՊԵԿ-ին, մանրամասն ներկայացրել խնդիրը, խնդրել ձեռնարկել համապատասխան քայլեր և առաջարկել լուծում, ըստ որի՝ Վրաստանում (տվյալ դեպքում՝ Ջավախքի շրջաններում) բնակվող, վրացական պետհամարանիշով և ՀՀ քաղաքացիության անձնագրով վարորդներին թույլատրել մուտք գործել ՀՀ՝ առանց մեքենայի մաքսազերծման արժեքի գրավադրման՝ հիմք ընդունելով վերջիններիս՝ Վրաստանում կացության իրավունքի թույլտվության վկայականները: Հայտնեմ, որ, ուսումնասիրելով իմ կողմից բարձրացված և ներկայացված խնդիրը, ՊԵԿ-ը կայացրել է դրական որոշում: Այօրվանից Վրաստանում ապրող այն ՀՀ քաղաքացիները, որոնք ունեն Վրաստանում կացության իրավունքի վկայական, կարող են այն ՀՀ անձնագրի հետ մեկտեղ ներկայացնել Բավրայի անցակետ, վրացական պետհամարանիշով սեփական մեքենայով մուտք գործել ՀՀ և մնալ ՀՀ տարածքում 1 տարի: Ուշադրություն, տվյալ կարգը գործում է միայն Բավրայի անցակետում: Ըստ այդմ՝ սեպտեմբերի 16-ին համապատասխան հրահանգ է իջեցվել Բավրայի անցակետ, և այսօր՝ սեպտեմբերի 17-ի առավոտյան, արդեն առաջին ջավախահայն իր վրացական պետհամարանիշով մեքենայով մուտք է գործել ՀՀ՝ ներկայացնելով Վրաստանում կացության իրավունքի վկայականը: Ավելին, մենք խնդրել էինք ՀՀ տարածքում մնալու խելամիտ ժամկետ սահմանել գոնե մեկ ամիս, իսկ ՊԵԿ-ի որոշմամբ դա սահմանվել է 1 տարի (հավասարեցվել է Վրաստանի քաղաքացիների համար սահմանված ժամկետին): Սա ևս ողջունելի է»,- մասնավորապես գրել է Սարգսյանը: