Հինգշաբթի, 28 նոյեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

««Պուտինը 2022-ին Արցախի հարցով Հայաստանին ձեռք էր մեկնել». Բորիս Մուրազի

««Պուտինը 2022-ին Արցախի հարցով Հայաստանին ձեռք էր մեկնել». Բորիս Մուրազի
295
Չորեքշաբթի, 30 հոկտեմբերի, 2024 թ., 22:24

Լրագրող Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պուտինը 2022-ին Արցախի հարցով Հայաստանին ձեռք էր մեկնել․ դավաճանության ու ստի մեխանիկան
Կյանքի խելահեղ արագության այս դարում մարդիկ հաճախ չեն հասցնում իրենց հիշողության մեջ պահել կարևորագույն իրադարձություններ, որոնք առնչվում են իրենց կյանքին։ Արցախի հարցի վերաբերյալ վերջին տարիներին այնպիսի իրադարձություններ են տեղի ունեցել, այնպիսի քայլեր են իրագործվել, որ հասարակության մեծ մասը չի էլ հիշում, թե ինչպես հանձնվեց ու հայաթափվեց հազարամյա հայկական Արցախը։ Հանրության լայն զագվածներ հիշում են միայն քարոզչական վառ դրվագներ, որոնք լսել են անգամ սառնարանի դուռը բացելիս, իսկ քարոզչությունը հայ հանրությանը համոզել է, որ Արցախը հանձնել է Ռուսաստանի Դաշնությունը։
Իրականությունն այն է, որ Արցախի հայթափման գործընթացի սկիզբը դրվել է 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահա քաղաքում՝ Արևմուտքի քավորությամբ քառակողմ՝ Մակրոն, Միշել, Ալիև և Փաշինյան ֆորմատով։ Հենց այդ ժամանակ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողն Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս, բայց հանդիպումից հետո տարածվեց այնպիսի հայտարարություն, որից լայն զանգվածները ոչինչ էլ չհասակցան․ «Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը հանդիպեցին 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում՝ Ֆրանսիայի Հանրապետության նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կայացած «Եվրոպական քաղաքական համայնքի» առաջին հանդիպման շրջանակներում:
Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Նրանք հաստատեցին, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար, և որ այդ հանձնաժողովների հաջորդ նիստը կկայանա Բրյուսելում, մինչև հոկտեմբերի վերջ։
Հայաստանն իր համաձայնությունը հայտնեց՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնեց համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա: Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը և իր զեկույցների միջոցով, սահմանային հանձնաժողովներին աջակցելը»:
Հայ ժողովրդին մոլորություններից հեռու պահելու գործը իր վրա վերցրեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումից 20 օր հետո, երբ Հայաստանում ոչ մի պատկերացում չկար, թե ինչ է սպասվում Արցախի հարցում, Պուտինն արեց աննախադեպ բացահայտում․ «Մենք չենք պատրաստվում ոչինչ պարտադրել, չենք կարող և չենք պատրաստվում Հայաստանին ինչ-որ բան թելադրել, եթե հայ ժողովուրդն ու Հայաստանի գործող ղեկավարությունը որոշեն, որ պետք է ընտրել կոնկրետ տարբերակ։ Այսպես կոչված, Վաշինգթոնյանը, որքանով ես եմ հասկանում, նախատեսում է Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչում։ Եթե Հայաստանն այդպես է կարծում, ապա խնդրեմ»,- հայտարարել էր Պուտինը՝ նշելով, որ ՌԴ-ն կսատարի հայ ժողովրդի ցանկացած ընտրություն։
Նախագահ Պուտինը նաև նշել էր, որ եթե Հայաստանն ու ներկա իշխանությունը կարծում են, որ Ղարաբաղն ունի իր առանձնահատկությունները, որոնք պետք է հաշվի առնել և ներառել պայմանագրում, դա նույնպես հնարավոր է քննարկել։
«Սա շատ դժվար ու ծանր հարց է, Հայաստանը մեր ռազմավարական գործընկերն է, դաշնակիցն է, և մենք, նկատի առնելով Ադրբեջանի շահերը՝ պետք է կենտրոնանանք այն հարցերի վրա, որոնք կառաջարկի Հայաստանը»,- ասել էր ՌԴ նախագահը։
Թվում էր, թե ՌԴ նախագահի խոսքը կսթափեցնի Հայաստանի հանրությանը և, իհարկե, իշխանություններին։ Նախ, որ դադարեն ստել ու մոլորեցնել հանրությանը, բացել խաղաքարտերը, պատմել, թե ինչպիսի լուծում են առաջարկում Արևմուտքում։ Եվ երկրորդ՝ տեսնել նախագահ Պուտինի կողմից բացված հնարավորության պատուհանը և փորձել օգտվել դրանից, դուրս գալ Արևմուտքի թելադրած խաղից ու պահպանել Արցախը հայկական։
Անկեղծության և մեկնված ձեռքը բռնելու փոխարեն Հայաստանի իշխանությունները թքեցին այդ ձեռքի մեջ, և Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի բերանով, Հանրային հեռուստաընկերության եթերում, ըստ էության հայտարարեցին, որ նախագահ Պուտինի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը․ «Պաշտոնապես ասում եմ՝ չկա վաշինգթոնյան նախագիծ, չկա արևմտյան նախագիծ։ Կա խաղաղության պայմանագրի ադրբեջանական նախագիծ, որը փոխանցվել է հայկական կողմին, որի վրա հայկական կողմն աշխատել է այս ընթացքում: Աշխատանքներն ավարտված են, կարելի է ասել, և դրա վերաբերյալ առաջիկա հանդիպմանը կլինի քննարկում»,- հայտարարել էր Մարուքյանը։
Հերքելով նախագահ Պուտինի կողմից արված բացահայտումը՝ միևնույն ժամանակ Հայաստանի իշխանությունները արևմտյան հարթակներում ընդունում էին Արևմուտքի կողմից Արցախը Ադրբեջանին հանձնելու առաջարկները և կապում Ռուսաստանի ձեռքերը։
Արդեն 2024 թվականին, երբ Արցախը հայաթափված էր, այդ նույն հատուկ հանձնարարություններով դեսպանը հայտարարեց, որ Արևմուտքը գցել է Հայաստանին․ «Պրահայի գործընթացից հետո Հայաստանը քցվել է։ Հայաստանը առաջ է ընկել և հայտարարել է, որ քառակուսի կիլոմետրով ճանաչում է Ադրբեջանը, իսկ Ալիևն ասում է, որ ես չեմ ասում 29 800 քառակուսի կիլոմետր։ Հայաստանը քցվել է Պրահայի գործընթացի բոլոր հովանավորների կողմից (ԵՄ-ի և Ֆրանսիայի լրագ․), նաև ԱՄՆ կողմից,-հայտարարել էր Էդմոն Մարուքյանն իր հարցազրույցներից մեկում»։
Ահա այսպես դավաճանաբար, կեղծիքով ու ստով հանձնվեց/հայաթափվեց Արցախը։ Հանձնվեց ու հայաթափվեց Հայաստանի գործող իշխանությունների ձեռքով և Արևմուտքի քավորությամբ։ Քարոզչությունից զերծ իրականությունը հենց սա՛ է»։

Աղբյուրը`   Բորիս Մուրազի