Շաբաթ, 21 դեկտեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Երբ դերասանուհին և իր մարմնավորած կերպարը ենթարկվում էին «քննադատության», գոնե մեկ հատ երկրորդ կարծիք չհնչեց»․ Աննա Հակոբյան

«Երբ դերասանուհին և իր մարմնավորած կերպարը ենթարկվում էին «քննադատության», գոնե մեկ հատ երկրորդ կարծիք չհնչեց»․ Աննա Հակոբյան
1468
Հինգշաբթի, 14 նոյեմբերի, 2024 թ., 10:30

Վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երևանի Նորաձության Շաբաթ 2024-ի պոդիումում օրեր առաջ հայտնվեց մի կերպար, որը հաջորդող 18 ու կես ժամվա ընթացքում հանրային հասարակական քննարկման թիվ մեկ նյութը դարձավ։ Քննարկում բառը տվյալ դեպքում շատ բարձր է հնչում։ Առավելապես ծաղր, ավելի պակաս չափով՝ քննադատություն հիշեցնող ինչ-որ բաներ։
Կերպարը մարմնավորում էր Հայաստանում և սփյուռքում հայտնի, շատերի կողմից սիրված դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը, ով սոցիալական ցանցերում հարյուր հազարավոր հետևորդներ ունի։
Եթե սխալվում եմ, ուղղեք ինձ խնդրում եմ, բայց իմ փոքրիկ ուսումնասիրությունը ցույց տվեց, որ այդ 18 ու կես ժամվա ընթացքում, երբ դերասանուհին և իր մարմնավորած կերպարը ենթարկվում էին «քննադատության», նմուշի համար գոնե մեկ հատ երկրորդ կարծիք չհնչեց։
Մասնագիտական կարծիք, կերպարի վերլուծություն, դերասանի կարծիք, նկարչի, Նազենիի դասախոսներից մեկից կարծիք, Նազենիի արտիստ ընկերներից որևէ մեկից կարծիք, չեզոք փորձագետի կարծիք, ստեղծագործական մտքի ազատությունը մարդու հիմնարար իրավունք լինելու մասին կարծիք, եվրոպաներում կրթված, ապրած, նորաձևության պոդիումներում տարբեր կերպարների հանդիպած որևէ համեմատական կարծիք, ինքըզինքը առաջադեմ համարող որեւէ անձի կարծիք, միջազգային կառույցների հետ համագործակցող քաղհասարակությունից որևէ կարծիք, ի վերջի մեր ազգային հպարտություններից մեկի՝ Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմով ներշնչված «911» երգի տեսհոլովակով երբևէ ոգևորած մարդու կարծիք։
Երբ փոթորիկը խաղաղվեց ու պարզվեց, որ կերպարն ու այն մարմնավորած դերասանուհին դեռ շնչում են, դերասանուհին ինքը փորձեց բացատրել ինչ էր դա, ինչի համար էր, ինչ իմաստ և նշանակություն ուներ և ահա արժանացավ իրեն սիրող հանդիսատեսի աջակցությանն ու քաջալերանքին՝ «Նազենի ջան, այդ չար մարդկանց նախանձն ու մաղձը անտեսիր, միշտ առաջ քայլիր, մենք քեզ սիրում ենք»՝ մոտավոր բովանդակությամբ։
Եթե վերևում նկարագրվածը կարող է մտորումների տեղիք տալ և կասկած առաջանա, որ գուցե տվյալ դերասանուհին, կամ ոճաբանը ընդդիադիր հայացքներ ունեն և երկրորդ կարծիք չհնչեց այդ հանգամանքից ելնելով, ապա ուզում եմ հիշեցնել որ ճիշտ նույն ժամերին, մոտավորապես էլի 18 ժամ 40 րոպե իշխանական կանանցից մեկի կերպարը, որը 180 աստիճան տարբերվում էր վերը հիշատակված բեմական կերպարի փիլիսոփայությունից, «քննադատության» թիրախ էր, և կրկին այդ 18 ժամ 40 րոպեի ընթացքում նմուշի համար գեթ մեկ երկրորդ կարծիք չհնչեց։
Բնականաբար ինչպես ընդդիմադիր դերասանուհին ունի իրեն սիրող մարդիկ ու հանդիսատես, այնպես էլ իշխանական այս տիկինն ունի ընկերներ, քաղաքական համախոհներ և այլն»։
Հիշեցնենք, որ Նազենի Հոհաննիսյանը մեկնաբանել էր իր կերպարը՝ գրելով․ «Նախ ՄԵԾԱՊԵՍ շնորհակալ եմ, իմ համեստ անձն այդքան կարևորելու ու քննարկելու համար, Արամ Նիկոլյանի ցուցադրությունից հետո, ում նպատակն էր ԿԱՆԱՆՑ միջոցով ներկայացնելու տասը կարևոր հիմնասյուները, որոնց վրա պահվում է պետությունն ու Երկիրը, Ու, որպեսզի թյուրըմբռնում չլինի կարճ ներկայացնեմ իմ «կերպարը»:
Ինձ բաժին էր հասել ՀԱՎԱՏՔԸ, իմ սրտին ու էությանը ամենամոտ ու կարևորագույնը, այսպիսով՝ իմ այս հագուստով Հավատք կերպարը ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑՈւ Կերպարն է, եկեղեցին կնոջ կերպար է, եկեղեցու ավազանը համարվում է արգանդը, որտեղից ծնվում ենք որպես քրիստոնյա»։

Աղբյուրը`   Աննա Հակոբյան