Երեքշաբթի, 26 նոյեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

««Ակադեմիական քաղա՞ք», թե՞ կոռուպցիոն կարկանդակ». Արմեն Աշոտյան

««Ակադեմիական քաղա՞ք», թե՞ կոռուպցիոն կարկանդակ». Արմեն Աշոտյան
122
Հինգշաբթի, 14 նոյեմբերի, 2024 թ., 17:36

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հոդվածը. ««Ակադեմիական քաղա՞ք», թե՞ կոռուպցիոն կարկանդակ

Ինչպես ԱԺ-ում բյուջետային քննարկումների ժամանակ, այդպես էլ մինչ այդ, տարբեր առիթներով գործող վարչակազմը, ներկայացնելով սեփական ոլորտային գերակայությունները, անվտանգության հետ մեկտեղ ընգծում է կրթությունը։

Թե ինչ ողբալի վիճակում է անվտանգությունը, ցավալի այդ փաստը բոլորը շատ հստակ տեսնում են, իսկ ընդդիմադիր գործիչներն ու մեդիաները կանոնավոր կերպով և հիմնավոր անդրադառնում են այդ ոլորտի դառը ֆիասկոներին։

Նույն բանը, սակայն, չեմ կարող ասել կրթության ոլորտի ներկայիս ողբալի իրավիճակի մասին, որի քննարկումները չեն գերակայում հանրային դիսկուրսում։ Եվ այս կարճ ակնարկով ես կփորձեմ լրացնել այս ոլորտի համակարգային ճգնաժամի մասին վկայող տեղեկատվության և ուշադրության բացը։

Մինչ բուն ոլորտային տվյալներին անցնելը, սակայն, եկեք միասին հասկանանք, թե ինչո՞ւ է փաշինյանական չարորակ ռեժիմը սևեռվել կրթության ոլորտի վրա։

Գուցե պատճառներից մեկը Փաշինյանի պատանեկան բարդույթներից մեկն է՝ թերի մնացած կրթությունը։ Գուցե դրանում իր ազդեցությունն ունի եղած «փողոցային» ծագման ներկայիս նախարարների շարքում կաբինետային տեխնոկրատի անցյալ ունեցող ներկայիս ԿԳՄՍ նախարարի կերպարը։

Գուցե այլ բացատրություններ էլ բերեք, բայց կարևորագույն բացատրությունն, իմ կարծիքով, հետևյալն է. եթե անվտանգության ճգնաժամը խոցում է մեր ներկան, ապա կրթության ոլորտի կազմաքանդմամբ Նիկոլը թիրախավորում է մեր անցյալն ու ապագան՝ փորձելով պայքարել մեր պատմության դեմ և լվանալ նոր սերնդի ուղեղը հակազգային նոր կոդերով։

Ուստի հռչակելով անվտանգությունն ու կրթությունը որպես գերակայություն, Փաշինյանը 3D կռիվ է մղում հայ ժողովրդի դեմ՝անցյալի, ներկայի և ապագայի հարթություններով։

Իհարկե, հնարավոր չէ մեկ անդրադարձով լիարժեք շոշափել կրթության նման բազմաշերտ և բարդ ոլորտի բոլոր մակարդակներում խորացող խոցերը։

Իսկ ներկայիս քաղաքական իշխանության որակը՝ ԱԺ+Կառավարություն, որում դժվար է գտնել, ինչպես ռուսներն են ասում, изуродованное интеллектом лицо, ոչ մի աղերս չունի լավ կրթության պոպուլյարիզացիայի հետ։

Հա, մեր իշխանության ժամանակ էլ բոլորը չէ, որ սեփական օրինակով կարող էին գիտելիքի և լավ կրթության կենդանի օրինակներ լինել, բայց ֆրակցիայի առնվազն կեսը, իսկ կառավարության՝ առնվազն 80%-ը բավարարում էին այս չափանիշին։

Կրթության բովանդակության այլասերումը, կադրային ջարդը, ուսումնական հաստատությունների ինքնակառավարման ոչնչացումը, խայտառակ դասագրքերը, բուհական համակարգի կաթվածը փորձում են քողարկել կա՛մ դեռևս մեր իշխանության ժամանակ նախատեսված և միջազգային դոնորներով (Համաշխարհային բանկ, Ասիական զարգացման բանկ, և այլն) իրականացվող դպրոցաշինությամբ, կա՛մ էլ «Ակադեմիական քաղաք» բրենդավորմամբ մատուցվող, իսկ իրականում՝ միլիարդների հասնող ոտքից գլուխ կոռուպցիոն ռիսկերով արկածախնդրությամբ։

Այս առնչությամբ ընդամենը մեկ փաստ ընդգծեմ. այս նախագծի իրականացման համար պատասխանատու նորաստեղծ և նույնանուն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ԲՈԼՈՐ անդամները ներկայացնում են միայն ՀՀ կառավայությանը։

Այդ դրույթը բառացի ամրագրված է այդ հիմնադրամի կանոնադրության մեջ ( 6-րդ գլուխ, 2-րդ հոդված). «Խորհուրդը բաղկացած է ութ անդամից: Ի պաշտոնե խորհրդի անդամ և նախագահն է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարը։ Խորհրդի մյուս ի պաշտոնե անդամներն են՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի նախագահը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը, Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարը, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահը»։

Ֆիքսեցի՞ք։ Նույնիսկ խորհրդի նախագահն է ի պաշտոնե՝ Նիկոլի աշխատակազմի ղեկավար, տխրահռչակ Արայիկ Հարությունյանը։

Պատկերացրեցի՞ք։ Բուհական «մեգա-նախագծի» իրականացման համար պատասխանատու մարմնում չի ներառվել և ոչ մի ներկայացուցիչ բուն ակադեմիական, գիտական, դասախոսական կամ ուսանողական շրջանակներից։ Սա ամենապարզ և ամենացցուն ապացույցն է, որ դա ոչ թե «ակադեմիական» քաղաք է, այլ կոռուպցիոն միջուկով՝ ավտորիտար կարկանդակ։

Իսկ թե ինչպիսին է Հայաստանում կրթության վիճակն ըստ միջազգային գնահատականների, կպատմեմ ձեզ առանձին հոդվածով։ Բայց հիմա կտամ սպոյլեր՝ Խայտառա´կ…»։