Չորեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Կարեն Անդրեասյանը խախտել է օրենքի գերակայության սկզբունքը և Սահմանադրության դրույթները»․ Դատավորների միություն

«Կարեն Անդրեասյանը խախտել է օրենքի գերակայության սկզբունքը և Սահմանադրության դրույթները»․ Դատավորների միություն
485
Երկուշաբթի, 25 նոյեմբերի, 2024 թ., 21:06

Դատավորների միությունը ֆեյսբուքյան էջում հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես նշված է․ «Բազմիցս արձանագրվել է, որ Կարեն Անդրեասյանը՝ որպես քաղաքական գործիչ, ով չի համապատասխանել Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնը զբաղեցնելու համար սահմանված չափանիշներին, պաշտոնավարման ողջ ընթացքում առաջնորդվել է քաղաքական և անձնական շարժառիթներով՝ կատարած ապօրինություններով խախտելով օրենքի գերակայության սկզբունքը և Սահմանադրության դրույթները ու սկզբունքները։

ԲԴԽ նախագահի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում Կարեն Անդրեասյանը պարբերաբար իրականացրել է անօրինական գործողություններ, որոնք նպատակաուղղված են եղել դատավորների և դատական իշխանության անկախության սահմանափակմանը։ Դրանց շարքում են, մասնավորապես՝

· Ֆինանսական գործընկերոջ՝ արդարադատության նախարարի հետ փոխհամաձայնեցված անօրինական կարգապահական վարույթներով դատավորներին պատասխանատվության ենթարկելը և ահաբեկման մթնոլորտի (chilling effect) տարածումը,

· Դատավորների նշանակման և առաջխաղացման գործընթացում կամայականություններով ու անարդարություններով բարոյալքման մթնոլորտի սերմանումը,

· Դատական իշխանության կառավարման ինքնուրույն մարմինների գործունեության միջամտությունը և դրանց լիազորությունների սահմանափակման փորձերը,

· ԲԴԽ-ի կողմից ընդունված՝ աշխատանքային կարգապահության և գործերի ժամկետների քողի տակ դատավորների անկախությունը սահմանափակող՝ «բրգաձև կառավարում» հաստատելուն ուղղված նորմատիվ իրավական ակտերով Սահմանադրական նորմերի խախտումը,

· Նախարարի հետ սեփական շահերին միտված օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությունները,

· Անօրինական ցուցումների արձակումը, ապօրինի ընտրությունների կազմակերպումը և ԲԴԽ դատավոր անդամների ընտրական գործընթացներին միջամտելը,

· Դատավորների նկատմամբ պետական ռեսուրսներով մեդիա հարձակումների կազմակերպումը,

· Դատական իշխանության հեղինակության և ռեսուրսների հաշվին պարբերաբար ինքնագովազդով զբաղվելը,

· Դատական իշխանության ֆինանսական ռեսուրսների՝ առանձնապես խոշոր չափերի գումարների վատնումը:

Այս և այլ բազմաթիվ գործողություններով Անդրեասյանը դիտավորյալ ոտնահարել է դատավորների անկախությունը և խաթարել դատական իշխանության ինստիտուցիոնալ հիմքերը։ Պարբերաբար իրականացվող նման գործողությունները էապես սահմանափակել են դատավորների իրավունքները, թուլացրել դատական իշխանության անկախությունն ու հանրային վստահությունը արդարադատության նկատմամբ։

Նշված գործողությունների առաջացրած հետևանքների մասին համապատասխան գնահատականները դեռևս կարտացոլվեն նաև դատարանների, այդ թվում միջազգային որոշումներում:

Այդուհանդերձ՝սույն թվականի նոյեմբերի 18-ին գործադիր իշխանության ղեկավարի՝ իրավապահ մարմինների մի շարք պաշտոնյանների՝ իրենց պաշտոններն ազատելու խնդրանքի մասին ֆեյսբուքյան գրառմանը զուգահեռ Կարեն Անդրեասյանն անմիջապես հրապարակել է իր հրաժարականի տեքստը՝ ակնարկելով, որ այն կապված է քաղաքական պաշտոնանկությունների շարքի հետ և ինքն առաջ է ընկնում՝ տալով հրաժարական:

Չնայած կարճ ժամանակ առաջ՝ 2024 թվականի հոկտեմբերի 1-ին, Արդարադատության նախարար Մինասյանի հրաժարականի կապակցությամբ Կարեն Անդրեասյանի մամլո խոսնակը պաշտոնական հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ կառավարության որևէ անդամի հրաժարականը և քաղաքական գործընթացները չի կարող ազդել ԲԴԽ նախագահի վրա ու նա պաշտոնավարելու է մինչև 2027 թվականի հոկտեմբերի 6-ը:

2024 թվականի հոկտեմբերի 22-ին ՀՀ վարչապետը հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հստակեցրել է, որ Կարեն Անդրեասյանին ևս անձամբ է խնդրել հրաժարվել ԲԴԽ նախագահի պաշտոնից, ինչն ի կատար է ածվել:

Թեև Կարեն Անդրեասյանի ու ԲԴԽ գործող կազմի՝ քաղաքական իշխանության ուղղակի ազդեցության տակ գտնվելու հանգամանքը չի վիճարկվել նաև նախկինում, այդուհանդերձ հարկ է արձանագրել, որ Բարձրագույն դատական խորհուրդը կամ որևէ առանձին անդամ մինչ այս պահը որևէ գնահատական տալու համարձակություն չի ունեցել՝ շարունակելով խորացնել գործադիրի ազդեցության տակ գտնվելու փաստն ու համահունչ հանրային ընկալումը:

Այսպիսով՝ վերստին փաստվում է Սահմանադրությամբ դատական իշխանության անկախության երաշխավորման առաքելությունն ստանձնած գործող ԲԴԽ անդամների անկարողությունը կամ ցանկության բացակայությունն անգամ հանրային ընկալումը փարատելու համար հայտնելու որևէ դիրքորոշում, դատական իշխանության գործունեության միջամտության անթաքույց և հաստատված անթույլատրելի միջամտությունների, դատական իշխանության հեղինակությունը վերականգնելու առնչությամբ՝ առավելապես մտահոգված լինելով Կարեն Անդրեասյանի դիրքն ու աթոռը զբաղեցնելուն ուղղված գործընթացներով»: