Մանրամասներ՝ Նոր Խարբերդի 17-ամյա բնակչի սպանության դեպքից
477
Չորեքշաբթի, 27 նոյեմբերի, 2024 թ., 16:42
ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ 2024թ․ նոյեմբերի 8-ին Նոր Խարբերդ բնակավայրի 17-ամյա բնակչի սպանության դեպքի նախաքննության արդյունքում պարզվել են երիտասարդի՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք ստանալու դեպքին առնչվող կարևոր հանգամանքներ։ Մասնավորապես, պարզվել է, որ 2024 թվականի նոյեմբերի 8-ին Մասիս համայնքի Նոր Խարբերդ բնակավայրի բնակիչ Ս.Պ-ի և նույն բնակավայրի մեկ այլ բնակչի՝ Ս.Ս-ի միջև, էլեկտրոնային հաղորդագրության հետ կապված անձնական հարցի պատճառով, լարված հարաբերություններ են ձևավորվել: Այդ հարցի հետ կապված պարզաբանումներ ստանալու և վրեժի շարժառիթով պատժելու նպատակով Ս.Ս-ն իր համախոհներին հավաքագրել և տեղափոխել էր Մասիս համայնքի Նոր Խարբերդ բնակավայրի գերեզմանատան հարակից տարածք, որտեղ, պայմանավորվածության համաձայն, հանդիպել են Ս.Պ-ին և վերջինիս երեք ընկերներին, այդ թվում՝ տուժող Դ․Պ-ին: Ս.Ս-ն ընկերների հետ խմբի կազմում, իրականում առանց պարզաբանում կատարելու, մարդկային կյանքի նկատմամբ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, համատեղ գործելով, հարձակվել են Ս.Պ-ի և վերջինիս ընկերների վրա, ձեռքերով և ոտքերով սկսել են հարվածներ հասցնել վերջիններիս: Այդ ընթացքում Ս.Ս-ի ընկեր Ա.Գ-ն, առավել ակտիվ ու ագրեսիվ վարքագիծ դրսևորելով, իր մոտ պահվող դանակով սկսել է հարվածներ հասցնել գետնին ընկած անչափահաս Ս.Պ-ի ընկերոջ՝ Դ.Պ-ի կենսական կարևոր նշանակություն ունեցող օրգաններին, իսկ խմբի անդամներ Ս.Ս.-ն և մյուսները, շարունակել են հարվածներ հասցնել Դ.Պ-ին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, այդ կերպ ապօրինաբար կյանքից զրկելով վերջինիս: Դեպքից օրեր անց միջադեպի մասնակիցներից մեկի՝ Նոր Խարբերդ բնակավայրի բնակչի ազգականը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 17-ամյա երիտասարդի սպանությունից օրեր անց՝ նոյեմբերի 12-ի ուշ երեկոյան, իրեն պատկանող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի ընթացքը մի քանի մեքենաներ խոչընդոտել են, ինչի պատճառով ինքը մեքենան վարել է հակառակ ուղղությամբ, որի ժամանակ լսել է կրակոցի նմանվող ձայն, իսկ որոշ ժամանակ անց նկատել է, որ իր մեքենայի վրա առկա են վնասված հետքեր: Բացի այդ, դեպքից օրեր անց հաղորդում է ստացվել նաև 17-ամյա երիտասարդի սպանության վարույթով մեղադրյալների հորից այն մասին, որ 2024թ․ նոյեմբերի 11-ի երեկոյան, անհայտ անձը (անձինք) փորձել է հրկիզել Նոր Խարբերդ գյուղում գտնվող, չբնակեցված իր տունը, սակայն այրվել է միայն տան պատուհանը։ Նշված հաղորդումների առթիվ նախաձեռնվել են առանձին քրեական վարույթներ, որոնք, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու նպատակով, միացվել են երիտասարդի սպանության դեպքի առթիվ քննվող քրեական վարույթին։ Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և վարութային բազմաթիվ գործողություններ՝ դեպքի վայրի, հագուստների, տեսագրությունների զննություններ, անձի ճանաչման քննչական գործողություն, խուզարկություններ, առգրավումներ, հարցաքննություններ: Ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են վերոհիշյալ դեպքերի հետ առնչություն ունեցող ավտոմեքենաներից երկուսը և տեղափոխվել հատուկ պահպանվող տարածք: Մյուսները հայտնաբերելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվում։ Պարզվել է ողբերգական հետևանքներով միջադեպին մասնակից շուրջ մեկ տասնյակ անձանց ինքնությունը, անհատականացվել են նրանց գործողությունները։ Տունն առերևույթ հրկիզող, ավտոմեքենայի ուղղությամբ հնարավոր կրակոց արձակած անձի (անձանց) ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվում են ակտիվ միջոցառումներ: Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու վերաբերյալ հանձնարարություն է տրվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը: Էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Մեղադրյալների, ինչպես նաև վարույթով առանցքային նշանակություն ունեցող վկաների նկատմամբ կայացվել են «Պաշտպանական միջոց կիրառելու վերաբերյալ» որոշումներ: Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Նոր Խարբերդի գերեզմանատան մոտ տեղի ունեցած միջադեպի մասնակից 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, դատարանի որոշմամբ վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորում: Մեղադրյալներից 4-ը կալանավորվել են, մյուսի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Նախաքննությունը շարունակվում է։
Մանրամասներ՝ Նոր Խարբերդի 17-ամյա բնակչի սպանության դեպքից