Երկուշաբթի, 23 դեկտեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Փաշինյանի սխալները բաժանվում են երեք հիմնական մասի». Դավիթ Մանուկյան

«Փաշինյանի սխալները բաժանվում են երեք հիմնական մասի». Դավիթ Մանուկյան
95
Այսօր, 13:42

«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Դավիթ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Որքան էլ Փաշինյանը փորձի արդարանալ, նրան արդարացում չկա։ Արցախի կորստի գլխավոր մեղավորը ինքն է։ Սա պատմական ճշմարտություն է, և հայ ժողովրդի ամենաողբերգական էջերից մեկը։
Ո՛չ ժամանակը, ո՛չ պատմությունը և ո՛չ էլ հայ ժողովուրդը չեն ներելու նրան։
Իսկ հիմա Նիկոլի սխալների մասին.
Իհարկե, այստեղ մեծ և արդարացի կասկած կա՝ արդյո՞ք սխալվել է, թե միտումնավոր է արել, սակայն ես առաջարկում եմ գնալ սխալվելու ճանապարհով, քանզի նրան պետական դավաճանության մեջ մեղադրելը և դրանով հարցը փակելը ամենահեշտ տարբերակն է:
Փաշինյանի սխալները, ըստ ժամանակագրության, բաժանվում են երեք հիմնական մասի՝ մինչև պատերազմը, պատերազմի ժամանակ և հետպատերազմյան շրջան։
Նիկոլ Փաշինյանը ստանձնելով Հայաստանի Հանրապետության ղեկավարի պաշտոնը, Արցախի հարցում դիրքավորվեց մեզ համար չափազանց սխալ և վտանգավոր դիրքում՝ փորձելով առկա իրավիճակին ոչ համարժեք թեզեր նետել բանակցային դաշտ, նա արագացրեց Ադրբեջանի կողմից ռազմական ուժ կիրառելու հնարավորությունը՝ փոխանակ ամեն բան աներ, հնարավոր պատերազմը կանխելու, իսկ եթե դա անհնար էր, ապա այն հնարավորինս հետաձգելու համար, որպեսզի կարողանար ժամանակ շահեր անխուսափելի պատերազմին պատրաստվելու համար։ Հիշենք նրա հայտնի հայտարարությունը՝ «բանակցությունները սեփական կետից» սկսելու մասին։
Չափազանց ակնհայտ է, որ պատերազմի ժամանակ Հայաստանյան իշխանությունները իրենց առջև Արցախը ամեն գնով պահելու խնդիր չէին դրել։ Դա, պատերազմի հենց առաջին օրը, Փաշինյանը գուժեց իր հայտնի հայտարարությամբ. «Եկեք պայմանավորվենք մի բան՝ ինչ էլ լինի՝ մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչի»։ Հետագայում նրա քայլերը կառուցվեցին այս տրամաբանության շրջանակներում։
Բանակում չծառայած Նիկոլ Փաշինյանը, չունենալով տարրական գիտելիքներ բանակի մասին, չկարողացավ ղեկավարել այն՝ թողնելով բախտի քմահաճույքին։
Պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս, տապանաքար դրեց Արցախի վրա։ Նա իր այս քայլով թշնամուն տվեց լեգիտիմ իրավունք զենքի ուժով Արցախի հարցը լուծելու համար, ինչը և Ադրբեջանը արեց»:

Աղբյուրը`   Դավիթ Մանուկյան