Հինգշաբթի, 30 հունվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Զինուժի հարցում անցնող ավելի քան երեք տասնամյակում չգտանք բալանսը». Հակոբ Բադալյան

«Զինուժի հարցում անցնող ավելի քան երեք տասնամյակում չգտանք բալանսը». Հակոբ Բադալյան
106
Երեքշաբթի, 28 հունվարի, 2025 թ., 15:42

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Զինուժի հարցում, մենք, որպես հանրություն և պետություն, ըստ իս, անցնող ավելի քան երեք տասնամյակում չգտանք բալանսը:
Մինչև 44-օրյա պատերազմը մեզանում բանակը հիմնականում ընկալվում կամ մատուցվում էր զգայականացված գերադրականությամբ, իսկ պատերազմից հետո էլ հակառակն է՝ ավելի շատ է մատուցումն ու ընկալումը, թե «չենք ունեցել բանակ» և չունենք:
Առավել զարմանալին այն է, որ կան շատ մարդիկ, որ ուղղակի, թե անուղղակի՝ երկուսի մեջ էլ կան: Մինչև 2020 թվականը գերադրականացնողների շարքում էին, 2020-ից հետո՝ «մենք չենք ունեցել» կամ «չունենք» ասողների: Ըստ երևույթին՝ «օրվա տրենդի մեջ»:
Մենք բանակ ունեցել ենք, և այդ բանակը ոչ միայն չի եղել վատ բանակ, այլ օբյեկտիվորեն համապատասխանել է այն կոնֆլիկտին և դրանից բխող անմիջական ռիսկերին, որ եղել է մեր պետականության ուղեկիցը անկախության վերականգնումից ի վեր:
Այլ հարց է, որ մեր բանակը չուներ այն համապատասխանությունը, որ պահանջում էր կոնֆլիկտի արդեն աշխարհաքաղաքական շրջանակը, այն էլ աստիճանաբար սեղմվող շրջանակը: Ինչո՞ւ չուներ, կամ՝ իսկ կարո՞ղ էր ունենալ, եթե իրատեսորեն գնահատենք ժամանակը, հանգամանքները, մեր ռեսուրսային հնարավորությունները, և այլն: Այստեղ առնվազն չկա որևէ միարժեք պատասխան, ըստ իս:
Ի վերջո, նաև դրա համար է, որ չափազանց մեծ նշանակություն ուներ այն, թե Հայաստանն ինչպես է դիվանագիտական մակարդակում կառավարում աշխարհաքաղաքական մարտահրավերների շրջանակը:
Ինչպես է բանակը և պետությունն ընդհանրապես կառավարվել 44-օրյա պատերազմի շրջանակում, դա առանձին խոսակցության նյութ է: Եվ այստեղ շատ կարևոր է ոչ թե դրվագային, այլ հանգամանալից ամբողջական պատկերի վերհանումն ու մասնագիտական դիտարկումը: Ես այսօր կարծում եմ, որ չկա այդ աշխատանքի բավարար նախադրյալ:
Բայց մի բան աներկբա է, գոնե ինձ համար, որ ցանկացած պատերազմի արդյունքի կամ հետևանքի պատասխանատուն բուրգն է՝ գերագույն գլխավոր հրամանատարից մինչև ԶՈՒ բարձրագույն գեներալակազմ:
Իսկ զինուժի հարցում, մենք պետք է կարողանանք գտնել հանրային ընկալման, վերաբերմունքի բալանսը, որ չհայտնվենք անհարկի ինքնախաբեության կամ ինքնախարազանման մտային ու հոգեբանական «փոսում», կամ՝ հնարավորինս շուտ դուրս գանք այդ «փոսից»»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան