Կիրակի, 02 փետրվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Չկա «до и после» Նիկոլ, նա նույնն է և երբեք չի փոխվելու». Արմեն Աշոտյան

«Չկա «до и после» Նիկոլ, նա նույնն է և երբեք չի փոխվելու». Արմեն Աշոտյան
98
Երեկ, 22:48

«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանն այս շաբաթ անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի ասուլիսի կարևոր թեմաներին:
«Չկա «до и после» Նիկոլ, նա նույնն է և երբեք չի փոխվելու: Ցանկացած այլ, առավել ևս՝ ժողովրդավարական երկրում քաղաքական գործիչների և պաշտոնյաների նախկին խոստումների կամ գնահատականների և իրականության մեջ խզումը մեծ ռեզոնանս և հետևանքներ է ունենում։ Նիկոլի պարագայում այս ոլորտը լրատվական-քաղաքական Կլոնդայկ է, քանզի գրեթե չկա մեկ խոստում, մեկ կարծիք, մեկ գնահատական, որ նա չի դրժել, չի փոխել, հակառակը չի արել։

«До и после» Նիկոլների միջև արմատական խզումը բացահայտել և ի ցույց դնելը վերածվել է հայկական ազգային զբաղմունքի։ Կարելի է նույնիսկ մտածել այդ սյուժեով համակարգչային խաղ ստեղծելու մասին։

Վերջին ասուլիսը բացառություն չէր, երբ նրան դեմ տվեցին իր նախկին հայտարարություններից մի քանիսը։ Նիկոլի արձագանքները նման դեպքերում միատեսակ են. նա կկոցում է աչքերը, քորում է քիթը, անհանգիստ շարժումներ է անում ու, ժամանակ շահելով, մտածում է, թե ինչ կռուտիտ անի։

Կարող է երկար-բարակ բառակույտ արտաբերել, պրիմիտիվագույն մտքեր հայտնել, եթե այլ բան չմտածի, կասի՝ չեմ հիշում, որ նման բան եմ ասել։ Այս ստերի մեջ, սակայն, առանձնանում է 2021թ.-ի նախընտրական խոստումների ու կառավարության հաստատված ծրագրի և իրականության միջև անդունդը։ Նրա հիմնավորումները, թե փորձել ենք իրացնել 2021-ի խոստումները, բայց պատերազմից հետո բան էր փոխվել, կեղծ են և ոչ համոզիչ, քանզի 2020-ի նոյեմբերից հետո մինչև 2021-ի հունիս անցել էր 8 ամիս։

Եթե պատերազմից հետո «բան էր փոխվել», ապա ութ ամիսը լրիվ բավարար էր դա ազնվորեն ասելու համար։

Այսինքն՝ Նիկոլը 2021-ին գիտակցված և ծրագրավորված է խաբել ընտրողին, ֆռռացրել 680 000 մարդու։

Այսինքն՝ նա ոչ թե 2018-19-ին «խիզախություն չուներ» մարդկանց ասելու, որ հանձնելու է Արցախը և երկիրը տանի դեպի Անկարա, այլ բարոյականություն չունի՝ երեկ, այսօր և վաղը»,- աձանագրել է Աշոտյանը։