Չորեքշաբթի, 05 փետրվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Ցանկանում ենք նոր դարաշրջան բացել Թուրքիայի և Ադրբեջանի հետ մեր հարաբերություններում». Նիկոլ Փաշինյան

«Ցանկանում ենք նոր դարաշրջան բացել Թուրքիայի և Ադրբեջանի հետ մեր հարաբերություններում». Նիկոլ Փաշինյան
83
Այսօր, 09:54

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգթոնում այցելել է Ատլանտյան խորհուրդ, որտեղ հանդես է եկել ելույթով, որից մի հատված ներկայացնում ենք ստորև. «Հայաստանի Կառավարությունը որդեգրել է մի արտաքին քաղաքականություն, որը մենք անվանում ենք բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականություն։ Այդ քաղաքականության առանցքում Հայաստանի Հանրապետության անկախության և ինքնիշխանության մակարդակի բարձրացումն է։

Երբ մենք մտածում էինք, թե որն է անկախության մակարդակի բարձրացման բանաձևը, եկանք եզրակացության, որ դա նշանակում է քչերից կախվածությունը փոխարինել շատերից կախվածության։ Այժմ մենք գործում ենք այս բանաձևի շրջանակներում։ Իհարկե, մենք առաջին հերթին կենտրոնացած ենք մեր տարածաշրջանային հարաբերությունների վրա, որովհետև թե որքանով կլինենք անկախ, անվտանգ, որքանով մեր անվտանգության համակարգը կլինի հուսալի, կախված է նրանից, թե ինչպիսի հարաբերություններ կունենանք մեր տարածաշրջանում։

Գիտեք, որ մեր երկրի չորս սահմաններից երկուսն ամբողջությամբ փակ են, ես խոսում եմ Թուրքիայի և Ադրբեջանի հետ մեր սահմանների մասին։ Մենք ունենք ևս երկու սահման՝ Վրաստանի և Իրանի հետ։ Իհարկե, այս երկու սահմանները մեզ համար շատ կարևոր են, մենք համագործակցում ենք, ունենք լավ հարաբերություններ մեր երկու հարևանների՝ Վրաստանի և Իրանի հետ, բայց մենք ցանկանում ենք նոր դարաշրջան բացել Թուրքիայի և Ադրբեջանի հետ մեր հարաբերություններում։

Նախորդ տարիներին հսկայական առաջընթաց ենք գրանցել Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացում։ Որպեսզի այս առաջընթացն ըմբռնելի լինի ձեզ համար, գիտեք, որ հիմա մենք Ադրբեջանի հետ քննարկում ենք խաղաղության պայմանագրի նախագիծը, և այժմ այդ պայմանագրի 17 կետից 15-ի շուրջ ամբողջական համաձայնության ենք հասել և մնում է երկու կետ, որոնց շուրջ դեռ պետք է վերջնական համաձայնության հասնենք։ Հույս ունենք՝ այս գործընթացն ավարտին հասցնել հնարավորինս արագ։ Իհարկե, Ադրբեջանի հետ աշխատում ենք երկկողմ ձևաչափով, բայց ակնհայտորեն միջազգային հանրության ուշադրությունն ու աջակցությունը շատ օգտակար կլիներ կայուն խաղաղության հասնելու գործում պատշաճ միջավայր ձևավորելու համար։

Մենք Թուրքիայի հետ բավականին ակտիվ երկխոսություն ունենք։ Վերջին տարիներին ես մի քանի հանդիպում եմ ունեցել Թուրքիայի նախագահի հետ, ներկա եմ գտնվել Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը, վերջերս հանդիպել ենք Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի շրջանակներում, և մենք շատ կոնկրետ համաձայնություն ունենք՝ առաջին փուլով բացել մեր սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրող մարդկանց համար, և հույս ունենք հնարավորինս արագ հասնել այս համաձայնագրի իրականացմանը։ Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ։

Մյուս կողմից մենք խորացնում ենք համագործակցությունը տարածաշրջանային այլ գործընկերների հետ, նկատի ունեմ՝ Վրաստանի և Իրանի հետ։ Իհարկե, կա միջազգային մի իրավիճակ, որը խոչընդոտում է մեր հարևանների հետ հարաբերությունների խորացմանը, և այս հանգամանքները բոլորին հայտնի են, ես չեմ նշի դրանք։ Բայց կարծում եմ՝ մեզ հաջողվում է հաշվի առնել այս բոլոր հանգամանքները, իսկ մյուս կողմից զարգացնել հարաբերությունները հարևանների հետ։ Իհարկե, հույս ունենք, որ մեր տարածաշրջանային իրավիճակում բեկում կլինի, երբ մեզ հաջողվի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը բերել վերջնական տեսքի և ստորագրել այն, ինչպես նաև Թուրքիայի հետ հասնել հարաբերությունների կարգավորման, ինչը ոչ միայն ամբողջությամբ կփոխի տարածաշրջանային իրավիճակը, այլ նաև կարծում եմ՝ շատ շոշափելի ու զգալի ազդեցություն կունենա միջազգային իրավիճակի վրա։

Մենք շարունակում ենք մնալ Եվրասիական տնտեսական միության անդամ։ Ես Եվրասիական տնտեսական միությունում մեր հարաբերությունները կգնահատեի նորմալ։ Եվրասիական տնտեսական միությունը գործում է և մենք աշխատում ենք դրա շրջանակներում։ Մյուս կողմից, մենք կասեցրել ենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ում, որն անվտանգային մեր հիմնական գործընկերն էր։ Այս որոշումը կայացնելու պատճառն այն իրավիճակն էր, երբ ՀԱՊԿ-ը չկատարեց Հայաստանի Հանրապետության անվտանգությունը երաշխավորելու իր պարտականությունները։

Ընդհանուր առմամբ, պետք է ասեմ, որ այժմ մենք գտնվում ենք մեր արտաքին հարաբերությունները բոլոր ոլորտներում դիվերսիֆիկացնելու գործընթացի մեջ, սկսած տնտեսությունից՝ մինչև անվտանգություն։

Գիտեք, որ մենք խորացնում ենք մեր հարաբերությունները Եվրոմիության հետ, և անցած տարի Եվրոմիության հետ մեր հարաբերություններում մի շատ կարևոր բան տեղի ունեցավ։ Սկսած 2022 թվականից քաղաքացիական դիտորդական առաքելությունը տեղակայված է Հայաստան-Ադրբեջան սահմանին, և սա առաջին անգամն է, որ Եվրոմիությունը որևէ կերպով մասնակցություն ունի Հայաստանի Հանրապետության անվտանգության օրակարգում։ Մենք զարգացնում ենք համագործակցությունը Եվրոմիության հետ։ Վերջերս մեկնարկեցինք վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը, և հույս ունենք այն ավարտին հասցնել հնարավորինս արագ։

Եվրոմիությունը կայացրել է ևս մեկ շատ կարևոր որոշում՝ ներառելով Հայաստանը Խաղաղության եվրոպական հիմնադրամում, ինչը նույնպես շատ կարևոր քաղաքական որոշում է։ Վերջերս մենք ստորագրեցինք Ռազմավարական համագործակցության կանոնադրությունն ԱՄՆ-ի հետ, ինչը նույնպես շատ կարևոր որոշում է։ Մենք հույս ունենք ԱՄՆ-ի հետ հարաբերություններում նոր էջ բացել»:

Փաշինյանն Antlantic council-ում ներկայացրել է ՀՀ կառավարության արտաքին քաղաքականությունը