Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Խաղաղ ու կայուն զարգացող աշխարհի մասին պատրանքներ ունենալը վաղաժամ է»․ Արտակ Զաքարյան

«Խաղաղ ու կայուն զարգացող աշխարհի մասին պատրանքներ ունենալը վաղաժամ է»․ Արտակ Զաքարյան
183
Հինգշաբթի, 13 փետրվարի, 2025 թ., 21:30

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ուկրաինան և Եվրոպան պետք է մասնակցեն ցանկացած բանակցությունների՝ կապված Ուկրաինայում պատերազմի ավարտի հետ:

Եվրոպական մի շարք երկրների արտգործնախարարներն այսօրվա հայտարարութամբ պատրաստակամություն են հայտնել նաև ուժեղացնել աջակցությունն Ուկրաինային՝ պաշտպանելով նրա անկախությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:
Երեկ ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայի վերաբերյալ հեռախոսազրույցով արձանագրվել էր պատերազմը դադարեցնելու և խնդիրները լուծելու երկկողմ ցանկությունների և պատրաստակամության մասին:
Եվրոպայի այսօրվա հայտարարությունից երևում է, որ պատերազմն այս փուլում, և այս ստատուս-քվոյով կանգնեցնելն այդքան էլ իրենց սրտով չէ: Նրանք, ըստ էության ակնարկել են նաև Ուկրաինայում պատերազմը շարունակելու մասին, քանզի ակնհայտ է, որ Ռուսաստանը չի համաձայնվի ԵՄ առաջ քաշած պայմաններով լուծումներին:
Ամերիկյան վարչակազմին կհաջողվի՞ արդյոք մոտեցնել Ռուսաստանի և Եվրոպական լոկոմոտիվ երկրների ստրատեգիական դիրքորոշումները՝ առայժմ բարդ է ասել: Չի բացառվում, որ Միացյալ Նահանգները մի քանի փորձերից հետո դադարի շարունակել խաղաղության հասնելու գործընթացը, և Եվրոպան ստիված լինի միայնակ առերեսվել ուկրաինական պատերազմի ընթացքի ու հետևանքների հետ: Հատկապես, որ այդ պատերազմի հարցում Եվրոպան միասնական չէ և երկրներն ունեն տարբեր շահեր ու ակնկալիքներ:
Այդ պարագայում կարող է ընդլայնվել ռազմական գործողությունների աշխարհագրությունը՝ իր մեջ ընդգրկելով եվրոպական այլ տարածքներ: Իսկ պատերազմին հատկացվող և ավելացող ծախսերն ու խորացող սոցիալական պրոբլեմները կհանգեցնեն երկրների հասարակությունների աճող դժգոհությանն ու հնարավոր իշխանափոխությունների:
Խաղաղ ու կայուն զարգացող աշխարհի մասին պատրանքներ ունենալը, թերևս, վաղաժամ է»։

Աղբյուրը`   Արտակ Զաքարյան