Ուրբաթ, 28 փետրվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Ադրբեջանում տառապող հայ պատանդների ու գերիների ազատ արձակման միակ պատասխանատուն մեկ մարդ է` ՔՊ ղեկավարը». Արման Թաթոյան

«Ադրբեջանում տառապող հայ պատանդների ու գերիների ազատ արձակման միակ պատասխանատուն մեկ մարդ է` ՔՊ ղեկավարը». Արման Թաթոյան
103
Այսօր, 00:24

ՀՀ նախկին ՄԻՊ, «Թաթոյան հիմնադրամի» հիմնադիր տնօրեն Արման Թաթոյանը գրել է. «Ադրբեջանում հայ պատանդների ու գերիների ապօրինի ազատազրկման ու նրանց տառապանքների, ինչպես նաև նրանց ազատ արձակման միակ պատասխանատուն, ինչ ուզում եք, արեք, մեկ մարդ է՝ ՔՊ ղեկավարը, որ զբաղեցնում է Հայաստանի վարչապետի պաշտոնը: Գլխավոր հասցեատերը նա է:
Այսօր ողջ օրվա ընթացքում որոշ ՔՊ-ականներ անամոթաբար մեղադրում էին ադրբեջանական բանտում գտնվող հայ պատանդներին ու գերիներին գերեվարվելու, իսկ զինվորականներին՝ չկռվելու համար՝ այդ կերպ փորձելով պաշտպանել ՔՊ ղեկավարին և արդարացնելով իրենք իրենց:
Սկզբունքային կարևորություն ունի այն, որ այս հարցը չի կարելի դարձնել անհատների կամ քաղաքական հակառակորդների ազատ արձակման խնդիր:
Այս հարցը պետք է լինի ՀՀ արտաքին քաղաքական գերակայություններից և դիտվի Հայաստանի նկատմամբ ադրբեջանական թշնամանքի համատեքստում:
Ադրբեջանն այս արհեստական դատավարություններով, խոշտանգումով կորզված ցուցմունքներով, հնարած պատմություններով իր համար հիմքեր է ապահովում Հայաստանի նկատմամբ հետագա ագրեսիայի և ճնշումների համար:
Ադրբեջանը ներկայում ստեղծում է կեղծ հիմքեր՝ Հայաստանին գոյություն չունեցող հանցանքների մեջ մեղադրելու համար: Հետևաբար, հարցը նախևառաջ պետք է դիտարկել հենց այս տեսանկյունից և պայքար տանել՝ հիմքում դա դնելով»։

Աղբյուրը`   Արման Թաթոյան