Ադրբեջանը խեղաթյուրում է Արցախի մշակութային ժառանգության իսկությունը
![]() 161 Այսօր, 10:12 Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը գրում է․ ««Երջանիկ են, բայց չեն գիտակցում աշխարհի այն ժողովուրդները, որոնք չունեն քաղաքակրթություններ կործանող հարևաններ»․ Սամվել Կարապետյան Ժամանակավորապես բռնազավթված Արցախում «Ադրբեջանի» իշխանությունների կողմից պատմա-ճարտարապետական հուշարձանների, խաչքարերի, ամբողջական բնակավայրերի, բնակելի թաղամասերի ոչնչացմանը զուգահեռ իրականացնում է նաև Արցախի մշակութային ժառանգության իսկության խեղաթյուրման քաղաքականություն: Այս քաղաքականության անկյունաքարը հանդիսանում է հայկական մշակութային ժառանգության աղվանականացումը: 1950-ական թվականների վերջին և 1960- ական թվականների սկզբին «Ադրբեջանում» սկիզբ է առել հայկական պատմա-ճարտարապետական հուշարձանների աղվանականացման գործընթացը: Այս քաղաքականության հիմքում դրված է Զիա Բունյաթովի տեսությունը, ըստ որի Արցախի և Ուտիքի պատմամշակութային հուշարձանները, որոնք ստեղծվել են հայ ժողովրդի կողմից, ունեն «աղվանական ծագում»։ Նշված տեսությունը հետագայում զարգացրել են Ֆարիդա Մամեդովան և այլ «ադրբեջանցի» կեղծարարներ։ Համաձայն ադրբեջանական պետական քարոզչական այս թեզի ՝ «Կովկասյան Աղվանքը Ադրբեջանի Հանրապետության տարածքում պատմականորեն ամենավաղ «ադրբեջանական պետություն» պետությունն է»։ Քարոզչական և հակագիտական նման թեզերին զուգահեռ տեղորոշիչ քարտեզների վրա Արցախի մի շարք եկեղեցիներ և վանքեր նշվում են որպես «աղվանական»: Այդ քաղաքականությունը մինչ օրս էլ շարունակվում է՝ ունենալով պետական աջակցություն՝ ի դեմս նախագահ , ռազմական հանցագործ և պատմական փաստերի գլխավոր կեղծարար Իլհամ Ալիևի: Հարկ ենք համարում ընդգծել, որ «Ադրբեջանի» պետական մակարդակով իրականացվող աղվանականացման քաղաքականությունը դուրս է եկել Արցախի, Ուտիքի և Նախիջևանի տարածքներից՝ թիրախավորելով և յուրացնելով Հայաստանի Հանրապետության, Արևմտյան Հայաստանի և Վրաստանի տարածքներում գտնվող մի շարք պատմաճարտարապետական հուշարձաներ: Մասնավորապես՝ Տաթևի վանական համալիրը, Գոշավանքը, Էջմիածնի Մայր տաճարը, Հառիճավանքը, Հաղպատի վանական համալիրը, Հաղարծին վանական համալիրը, Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքը, Ապարանի Սուրբ Պողոս-Պետրոս բազիլիկ եկեղեցին, Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին, Վրաստանի Բոլնիսի շրջանի ադրբեջանաբնակ Դեմիրլի (այժմ՝ Խախալջիվարի) գյուղից 500 մ հարավ-արևելքում գտնվող 1655 թ. կառուցված հայկական եկեղեցին և այլն: Այս քաղաքականության հերթական թիրախը դարձավ Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խաչեն գյուղի Սբ․ Ստեփանոս եկեղեցին: Սբ․ Ստեփանոս եկեղեցու մասին մատենագրական տեղեկությունները սակավ են: Մակար Բարխուդարյանցն իր «Արցախ» աշխատության մեջ գյուղը հիշատակում է Սեյտիշեն անվամբ: Գյուղի եկեղեցին հիշատակվում է Սբ․ Հովհաննես անվամբ: Ըստ Բարխուդարյանցի՝ եկեղեցին «…քարուկիր, յիշատակ է Շուշեցի Մահտեսի Բալայ Զաքարեանցին, բայց վտանգաւոր կերպով վնասուած...»: Բարխուդարյանցի կողմից հիշատակվող եկեղեցին փաստորեն վնասված էր և կրում էր Սբ․ Հովհաննես անունը: Ներկայիս եկեղեցին կառուցվել է 1901 թվականին և համաձայն արձանագրության կոչվում է Սբ․ Ստեփանոս: Տեղորոշիչ քարտեզների վրա Սուրբ Ստեփանոս եկեղեցու ներկայացումը որպես «աղվանական»՝ խեղաթյուրում է պատմական իրականությունը։ «Ադրբեջանի» աղվանականացման քաղաքականությանը գումարվեց հայկական որոշ եկեղեցիների ուղղափառացման քաղաքականությունը: Ադրբեջանական պետական քարոզչամեքենան որպես ռուս ուղղափառ եկեղեցի է ներկայացնում Շուշիի Սուրբ Ամենափրկիչը, ինչպես նաև ներկայացնում են որպես աղվանական Սուրբ Հովհաննես Մկրտիչ (Կանաչ ժամը) եկեղեցինները: Հարկ ենք համարում ընդգծել, որ իսկությունը խեղաթյուրված պատմա-ճարտարապետական հուշարձաները ևս դառնում են Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանության զոհ: Հիմնովին ոչնչացված է «Ադրբեջանի» պետական քարոզչամեքենայի կողմից որպես «աղվանական» ներկայացված Ջուղայի խաչքարերը, որի տարածքում զորավարժարան է կառուցվել, Ծիծեռնավանքի խորանը և եզակի շուրֆը պղծվել են, հիմնահատակ ավիրել է Հադրութի շրջանի Մոխրենիս գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցին, հիմնովին ավիրվել է, որպես ռուս ուղղափառ եկեղեցի ներկայացվող Շուշիի Սբ. Հովհաննես Մկրտիչ (Կանաչ ժամ) եկեղեցին: Չնայած այն հանգամանքին, որ բազմակի վանդալիզմի թիրախ դառնալուց հետո հիմնովին ավիրվեց Շուշիի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին «Ադրբեջանի Հանրապետության մշակույթի» նախարարության կայքէջում այն ներկայացված է, որպես «Օրիորդաց վանք»: Ներկայացվածը ընդամենը մի քանի օրինակներ են այն հազարավոր փաստագրված դեպքերից: Այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանի նպատակն է հիմնովին ոչնչացնել և յուրացնել բռնազավթված հայկական բնակավայրերի համամարդկային մշակութային ժառանգությունը»։ Աղբյուրը` Մշակութային ժառանգության օմբուդսմեն |
Ադրբեջանը խեղաթյուրում է Արցախի մշակութային ժառանգության իսկությունը
16110:12Մխիթար Սեբաստացու կուրությունը բուժած հրաշագործ սրբապատկերը կցուցադրվի ազգային պատկերասրահում
18500:24Երևանի պատմության թանգարանում բացվել է «Կնոջ զգեստապահարանի գաղտնիքը» խորագրով ցուցահանդես (լուսանկար)
234Երեկ, 23:24«Տավուշում բազում քանդվող վանքերից ու պատմական կոթողներից նորոգվելու է ընդամենը երկուսը»․ Ոսկան Սարգսյան
30714.03.2025, 20:48«Մոտավորապես այսպիսին է եղել Զվարթնոցի տաճարը». Խաժակ Սիրեկանյան (տեսանյութ)
42513.03.2025, 03:12«1938թ-ի մարտի 7-ին Երևանում մահացավ Հայ գուսանական դպրոցի հիմնադիր գուսան Շերամը». Էդուարդ Մանվելյան (տեսանյութ)
79707.03.2025, 03:06Հուշարձանի կարգավիճակ կշնորհվի 9 կառույցի
71307.03.2025, 02:12«Ինչու են թուրքերն արտադրում ու Հայաստան արտահանում իբրև թե հայկական սրբություններով կտորներ». Աննա Մկրտչյան (տեսանյութ)
92506.03.2025, 22:00