Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Լավ կլիներ՝ պայմանավորվեին միմյանց հանդեպ չօգտագործել թուրք բառը»․ Թաթուլ Հակոբյան

«Լավ կլիներ՝ պայմանավորվեին միմյանց հանդեպ չօգտագործել թուրք բառը»․ Թաթուլ Հակոբյան
252
Հինգշաբթի, 15 մայիսի, 2025 թ., 17:36

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ներքաղաքական տհաճ միջադեպերից հետո փորձում եմ հասկանալ երկու բան.
ա/ ինչ կանեի անձամբ ես, եթե լինեի իշխանության մաս,
բ/ ինչ կաներ ընդդիմությունը, եթե այդ պահին ինքը լիներ իշխանության:
Ինչ կանեի ես, եթե տարիներ շարունակ ինձ անվանեին թուրք, թուրքի պատվեր կատարող: (ի դեպ, քիչ չեն գրել այդպիսի բաներ, ինչը տարել եմ տհաճությամբ և ցավով ու ափսոսանքով, բայց երբեք չեմ հակադարձել նման բառապաշարով: Ես գիտեմ, որ առնվազն վեց սերունդ հայ եմ և՛ մորական, և՛ հորական կողմից, մտածում եմ հայերեն, հրաշալի տիրապետում հայերենին, ուրեմն՝ ոչ թուրք եմ, ոչ շվեդ և ոչ էլ՝ հնդիկ...):
Ինչ կաներ վարչապետ Լևոն Քոչարյանը, եթե ընդդիմության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ու նրա համախոհները տարիներ շարունակ Ռոբերտ Քոչարյանին անվանեին թուրք, պնդեին, որ երկրորդ նախագահի հայրը թուրք է, անունն էլ՝ հայտնի:
Այս հարցերի պատասխանը ես չեմ կարող գտնել:
Հավանաբար քաղաքական մշակույթի, ավելի ճիշտ՝ դրա բացակայության հետ գործ ունենք:
Հավանաբար գործ ունենք ներքին կրթվածության, դաստիարակության, ավելի ճիշտ՝ դրա բացակայության հետ:
Չեմ բացառում, որ վարչապետ Լևոն Քոչարյանը և հայրենասիրական ուժերը խորհրդարանում սամասուդ՝ արյունլվա անեին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանին ու ընդդիմադիր պատգամավորներին՝ հենց տեսախցիկների առաջ:
Երեկվա տեսարանը դիտելով և լսելով իշխանական պատգամավորների ելույթները՝ մտածում եմ, որ եթե Լևոն Քոչարյանի շուրջ չլիներ համախոհ կանանց պաշտպանական շղթան, ապա ՔՊ-ականները սամասուդ՝ արյունլվա էին անելու երկրորդ նախագահի որդուն:
Ես անգամ մտածում եմ, որ եթե Լևոն Քոչարյանը գա խորհրդարան, ապա հավաքական ծեծի սցենարը չպետք է բացառել:
Լավ կլիներ, եթե իշխանությունն ու ընդդիմությունը լռելյայն պայմանավորվեին միմյանց հանդեպ այլևս չօգտագործել թուրք բառը:
Դա երկու կողմերի համար էլ ամոթալի է: Բացի այդ, դա ամենամեծ վնասն է հասցնում Հայաստան-Թուրքիա գործընթացին:
Երկրի խորհրդարանում անդադար թուրք բառով միմյանց պիտակելը թուրքական դրոշ վառելուց առավել զազրելի երևույթ է»։

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան