Շաբաթ, 21 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Մեզ մոտ մի բան սխալ է աշխատում»․ Սուրեն Սահակյան

«Մեզ մոտ մի բան սխալ է աշխատում»․ Սուրեն Սահակյան
143
Այսօր, 03:12

Հասարակական-քաղաքական գործիչ Սուրեն Սահակյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մեզ մոտ մի բան սխալ ա աշխատում
Պաղեստինյան Գազայի հատվածը Երևան քաղաքի տարածքից մի քիչ ա մեծ։ Մոտ երկու տարի ա՝ Իսրայելի բանակը է՛լ ռմբակոծում ա, է՛լ արդեն վաղուց մտել ա տարածք։ Գազայի հատվածում մարդիկ սովի են մատնված։ Բայց դա Իսրայելի համար դեռ պատերազմական ճակատ ա, որի դեմ մի կուսակցության ռազմական թև ա պատերազմում, էն էլ գլխատված, տարածքում շրջափակված ու կարծես բոլորից մերժված։ Ասել, որ իսրայելական բանակը հաղթել ա, չափազանցություն կլինի, իսկի իրենք տենց բան չեն ասում։ Իսկի իրենց գերիներին չեն կարողանում ազատել ու ստիպված են լինում պարբերաբար հրադադար հաստատել համասցիների որոշակի պայմաններով։
Մոտ 3,5 տարի առաջ Ռուսաստանը, որի բանակը աշխարհում երկրորդն էր համարվում, միջուկային տերություն էր, հարձակվեց նոր-նոր ձևավորվող ուկրաինական բանակի վրա։ Էս մի պատերազմը միլիոնավոր մարդկանց կյանքեր ա խլել ու դեռ հարյուրահազարավորներ էլ կխլի։ Շատ դժվար, բայց այնուամենայնիվ, ուկրաինացիները դիմացան։ Ասել, որ ռուսները հաղթել են, էլի խիստ չափազանցված կլինի։ Ավելին, նույնիսկ եթե Ռուսաստանը վերջում տարածքային ձեռքբերումներ ունենա, տնտեսական, դեմոգրաֆիական, տեխնոլոգիական, հեղինակային էնքան կորուստներ ունեցավ, որ տասնամյակներով պետք ա աշխատի, որ հետ գա գոնե նույն մակարդակի։
40 տարի տնտեսությունը մաշեցնելուց հետո վերջապես Իրանն էլ ընկավ հարվածների տակ, ընդ որում՝ ներսից ու դրսից, տեխնոլոգիական ամենաժամանակակից զինատեսակների կրակի տակ։ Դիմացավ, հակահարված տվեց։ Ամենայն հավանականությամբ կբախվի նաև աշխարհի առաջին բանակի հարձակումներին ու, թերևս, կդիմանա։ Կդիմանա, որովհետև աշխարհում չկա դիմադրող ու վերացող ժողովուրդ։
Համաշխարհային ողբերգության էս տարբեր արարների դեպքերից յուրաքանչյուրում հանրությունը կոնսոլիդացել ա՝ ընդհանուր վտանգի դեմն առնելու։ Անթույլատրելի շատ զոհեր են պահանջվել՝ իրենց ոչ ասելու իրավունքը պահպանելու համար։ Ամեն վայրկյան նոր դաշնակցի աջակցություն են փնտրել, քանդել են թշնամական ճամբարի միասնականությունը, աշխատել են մտքով ու մկաններով, ինքնուրույն որոշելու իրավունքի համար զոհել կամ պատրաստ են եղել զոհել գործնականում ամեն ինչ։
Նմանատիպ մեր պատմությունը տևել ա ընդամենը ամիսուկես։ Մենք չենք կոնսոլիդացել, առաջին օրվանից սկսել ենք իրար միս ծամել, իրար նկատմամբ անվստահություն ենք սերմանել, կռվող բանակի թիկունքը թուլացրել ենք ու ամիսուկես հետո՝ հանձնվել։ Հանձնվելու ձևեր էլ կան։ Մենք, պայքարելու ու նորանոր դաշնակիցների ներգրավելու հնարավորություններ ունենալով, ոչ միայն հանձնվել ենք, այլև մեր սեփականը դարձրել թշնամական կեղծ նարատիվները ու ներսից շարունակում ենք ինքներս մեզ քայքայել, մի թեթև ձևական պայքարից հետո ընդունել թշնամական նորանոր պայմաններ ու, հաճախ էլ՝ արդարացնել էս վիճակը։ Հեշտ ա, իհարկե, կոնկրետ անձանց ու խմբերի վրա բարդել եղածը, բայց առանց մեր մեծամասնության աջակցության ոչ ոքի ու ոչ մի խմբի չէր հաջողվի սենց նվաստացնել միլիոնավոր մարդկանց։
Նկարագրվածը փաստ ա։ Յուրաքանչյուրը կարող ա ի՛ր ձևով էս փաստի հետ հարաբերվել։ Հասկանում ես՝ «ժողովրդավարություն» ա, խոսքի ու կարծիքների «ազատություն»։ Բայցև, երբ էս ամեն ինչն ավարտվի, մենք ինքներս մեզ հետ առերեսվելու անհրաժեշտության առաջ ենք կանգնելու։ Իսկ երբ առերեսվենք ու գիտակցենք՝ ով ենք մենք էսքանից հետո, դժվար թե առաջ գնալու, զարգանալու որևէ ուժ գտնենք։ Մեզ հետ մի բան էն չի, երբ հրաժարվում ենք պայքարից։ Պետք ա դա փոխել, նոր կրակ ու ապրելու նոր մոտիվ գտնել։ Իհարկե, ներկայիս կառավարող շրջանակը չի կարող որևէ նման բան առաջարկել։ Նրանցը չարությունն ա, ատելությունը, պառակտումն ու քաոսը, ինչից սնվում են և ինչից ոչ մի լավ բան չի ծնվում։ Բայցև էդ առաջարկը նաև նախկին քաղաքական համակարգը չի կարող անել աշխարհի մասին դրա ֆեոդալական ժամանակաշրջանի պատկերացումներով։ Ակնհայտ ա, որ մի անգամ մերժելով, հանրությունը դրան որևէ վերադարձ նույնպես մերժում ա։
Խնդիրը, որին մենք որպես հանրություն ու ազգ բախվել ենք, ավելի խորն ու ընդգրկուն ա, քան ներկայումս որևէ հանրային բախում կամ բարձրացված հարց ենթադրում ա։ Ավելին, դրանց մեջ որևէ մասնակցություն ունենալը նշանակում ա ավելի խորն ընկղմվել նույն գարշահոտ զանգվածի մեջ, որի մեջ Նիկոլի համառ ջանքերի «շնորհիվ» հայտնվել ենք։
Ամբողջ հարցն էն ա, թե որոնք են էն արժեքները, որոնց վրա հենվելով առաջ ենք գնալու, ովքեր ու ոնց են դրանք ձևակերպելու, ովքեր են դրանց կրողները և ինչքան հաստատակամ են էդ արժեքների պաշտպանության հարցում»։

Աղբյուրը`   Սուրեն Սահակյան