Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Անխելքության մասին հայտարարություններն արվում են պատասխանատվությունից խուսափելու միտումով»․ Ռաֆայել Թեյմուրազյան

«Անխելքության մասին հայտարարություններն արվում են պատասխանատվությունից խուսափելու միտումով»․ Ռաֆայել Թեյմուրազյան
266
Ուրբաթ, 27 հունիսի, 2025 թ., 17:54

Պրոֆեսոր Ռաֆայել Թեյմուրազյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Մենք (և հայ ժողովուրդը), ես անձնապես, չենք ունեցել բավարար խելք՝ ժամանակին գնալու լուծումների»,- հունիսի 5-ին այսպես է բացատրել Արցախի հետ կատարվածն ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Խելքի պակասությանը հղում անելով պետության գլխին բերած ավերները բացատրելն այս իշխանության մոտ բնավորություն է դարձել։ Վարչապետը, ԱԺ նախագահը, նախարարներ ու պատգամավորներ պարբերաբար հենց դա են վկայաբերում որպես մեզ հետ կատարվողի բացատրություն («մոլորության մեջ ենք եղել», «խնդիրը մինչև վերջ չենք հասկացել», «ուշ ենք հասկացել» և այլն)։ Այն, սակայն, միշտ արվում է ընդհանրական ձևակերպմամբ՝ տարածելով «մոլորությունը», չհասկանալը կամ խելքի անբավարարությունը քաղաքական ողջ դաշտի, անգամ ողջ ժողովրդի վրա։
Համընդհանուր անխելքության մասին հայտարարություններն արվում են ոչ թե ազնվության մղումով (դրա միակ դրսևորումը հրաժարականն է), այլ՝ պատասխանատվությունից խուսափելու միտումով, որովհետև եթե քաղաքական ողջ դաշտում կամ անգամ ամբողջ ժողովրդի մեջ հասկացող չկար, նշանակում է՝ մեղավորներ չկան։ Հենց սա է պատճառը, որ խելապակասների համար Առաջին նախագահն ամենաատելի կերպարն է. նա խաթարում է համընդհանուր անհասկացողության կեղծիքը։
Սեփական խելքի պակասը որպես երկրի գլխին բերած ավերների բացատրություն ներկայացնելը ոչ թե մեղմացուցիչ հանգամանք է, այլ՝ պաշտոնական անպիտանության արձանագրում, և չի կարող ազատել պատասխանատվությունից։ Այն իրականում ցույց է տալիս դրանց հեղինակների հանրային վտանգավորությունը։
Պետության, ինստիտուտների, ազգային ինքնության ու պետականության սիմվոլների դեմ այս իշխանության հետևողական գրոհները վաղուց հատել են անգամ «մոլորության» կամ խելքի պակասով բացատրվելու սահմանը։ Տպավորություն է, որ երկիրն արդեն ներսից գրավված է։ Այդ գրոհները առողջական խնդիրներով ևս չեն կարող բացատրվել, որովհետև «իմ էշ խելքն ասա» տիպի արդարացումները ցույց են տալիս, որ դրանց հեղինակները գիտակցում են, որ այնպիսի հարված են հասցրել մեր պետականությանն ու ժողովրդին, որ պատասխանատվությունից խուսափելու վերջին տարբերակ են դիտարկում պարբերաբար անխելք ինքնահայտարարվելը։
Հայաստանի Հանրապետությունն այսքան հակապետական իշխանություն երբևէ չի ունեցել։ Ու չի կարող շարունակություն ունենալ առանց դրա իրավական ու քաղաքական գնահատականի»։