«Մեր երկրում այդ տարիքի կանայք մի հատ աստիճան են բարձրանում, ճնշումն էլ հետն է բարձրանում». Նարինե Բաղդասարյան
207
Այսօր, 11:30
Յոգայի ուսուցիչ, նախկին լրագրող Նարինե Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ջենիֆեր Լոպեսի մասին երևի միայն ես չեմ գրել։ Չգիտեմ էլ ինչ գրեմ այս համատարած բամբասանքի ու չարության մեջ… Ինչ ասես գրեցին՝ վատ էլ, լավ էլ… Մեկը գրել էր՝ Նարինե ջան, դուք համերգին կայի՞ք, ինձ թվաց՝ Ձեզ տեսել եմ։ Նախ ես Հայաստանում չեմ այս պահին և ինձ չէիք կարող տեսնել և երկրորդ, եթե լինեի, համերգին չէի գնա միայն մեկ պատճառով՝ իմ նախընտրած ոճը չէ։ Վերջին անգամ մարդաշատ համերգի եղել եմ Սթինգի համերգին, ես էլ այդ համերգի համար հասա Աբու Դաբի, իսկ աշխարհի տարբեր երկրներից մարդիկ Լոպեսի համար հասան Հայաստան, ամբողջ աշխարհը խոսեց դրա մասին, գրեցին ու մեկնաբանեցին։ Հազարավոր մարդիկ եկան Երևան, տեսան, ճանաչեցին։ Իսկ մենք Էլ բոդի, էլ տրուսիկ՝ հազար ներողություն… կանայք ամենավատ բաներն են գրում, ինչու ես բոդիով եկել Հայաստան։Ժողովուրդ ջան… աշխարհը փոխվել է և փոխվելու է, ուզեք թե չուզեք, ու հետո գոյություն ունի բեմական հագուստ և բեմական էթիկա և տարբեր երկրներում ու տարբեր աստղերի մոտ դա տարբեր է, յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում իր կերպարը։ Շատերը չեն էլ պատկերացնում, որ սա կարևոր իրադարձություն էր այն առումով, որ այսքան մարդ եկավ Հայաստան ու խոսեց Հայաստանի մասին, հերիք է բողոքեք, մեկը գրել էր տկլոր կուռքեր մի պաշտեք՝ Աստված կպատժի: Կոնկրետ ինձ համար Լոպեսը շատ վառ կերպար է տարբեր առումներով, եթե չեմ սխալվում 56 տարեկան է, փորի պրեսը, ընդհանուր կազմվածքը, էներգիան, մեր երկրում այդ տարիքի կանայք մի հատ աստիճան են բարձրանում, ճնշումն էլ հետն է բարձրանում, մարդը այդքան ժամ բարձրակրունկների վրա երգեց ու պարեց։ Էսա կգրեն՝ ով այդքան փող ունենա, լավ տեսք կունենա, դեմ չեմ, բայց առավոտը մարզվելը կամ վազելը, կամ քիչ ուտելը փողի հետ կապ չունի։ Հրաշալի տեսքով կին է, ով հազարավոր մարդկանց դրական էմոցիաներ փոխանցեց ու լիքը էնտուզիազմ գուցե…, որ կանայք վաղվանից սկսեն մարզվել գոնե։ Քլունգները չառնեք գաք հետս կռվեք, իմ կարծիքն եմ գրել, որի իրավունքն ունեմ, թե բա եկելա մեր երեխաներին փչացնի… Երեխան դրանից չի փչանում, այլ նրանից, որ 15 տարեկան է, բայց մաման ասել է դեմքիդ մազերը չենք կարող վերացնել, դեռ փոքր ես ու աղջիկ երեխան մազակալած դեմքով կոմպլեքսավորված ապրում է, նա չի դառնա Ջենիֆեր Լոպես… որովհետև իրեն արդեն իսկ կոտրել են, նայում է հայելու մեջ ու ունի մի երազանք՝ ազատվել դեմքի մազերի։ Ես խոսում եմ փաստերի մասին, որոնց հետ առնչվում եմ ամեն օր։ Այդ բողոքող մարդիկ երջանիկ պոստեր կգրեին, եթե ասենք Ջենիֆերը իրենց հորքուրի աղջիկը լիներ, լուրջ եմ ասում, կասեինք մենք հպարտ ենք քեզնով… Ջենիֆեր ջան … ժողովուրդ ապրեք էլի… մեռանք բողոքելով, կլինի մի բան, որից չբողոքեք։ Ուրախ եղեք ամեն դրական իրադարձությամբ։ Դե ում համար դրական, ում համար՝ բոդիով տատի։ Դարը փոխվել է ու փոխվելու է… բարոյականությունը ավելի խորքերում փնտրեք, բարոյազրկված կյանքն էլ ՝ կոնկրետ ընտրություն է և մտածողություն։ Տեսնես կլինի մի բան, որից մեր ազգը գոհ կլինի… երևի ոչ»: