Ուրբաթ, 08 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +33 °C

«Նիկոլ Փաշինյանը մեր պետությունը դնում է մուրճի ու սալի արանքում»․ Արմինե Օհանյան

«Նիկոլ Փաշինյանը մեր պետությունը դնում է մուրճի ու սալի արանքում»․ Արմինե Օհանյան
55
Այսօր, 13:30

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ամեն դեպքում արժե արդեն իրողություն դարձած փաստերն ու կանխատեսումները զատել իրարից: Կայացած փաստերից առաջինն այն է, որ Նիկոլ Փաշինյանը հանձնեց Արցախը, ոչինչ չձեռնարկեց, որ Արցախը չհայաթափվի և հիմա փորձում է որոշել Արցախի չլինելու, արցախցիների՝ իրենց երկիր չվերադառնալու ճակատագիրը: Եթե պարզ ասենք՝ Արցախի դագաղի վերջին մեխն է խփում: Այդ թեման չկա այսօր և նա ամեն ինչ անում է, որ չլինի նաև վաղը ու երբևէ: Ապշեցուցիչ ինքնավստահությամբ ու ցինիզմով միանձնյա վճռում է մի ամբողջ ժողովրդի ճակատագիր՝ չվախենալով ո՛չ երկրային, ո՛չ երկնային դատաստանից: Բայց այս զիջումների ու զոհողությունների դիմաց էլ ոչինչ չի ստանում՝ ոչ միայն Արցախի հետ կապված, այլ նաև մյուս հարցերի՝ ոչ գերիների վերադարձ, ոչ սահմանի բացում, ոչ ադրբեջանական զորքի հետքաշում ՀՀ տարածքներից։ Հիմա նայենք, թե ճանապարհների ապաշրջափակում ասելով ինչ են հասկանում Թրամփի «ճանապարհը» տվողները: Այդ ճանապարհով ի՞նչ են տեղափոխելու հայերը, ո՞վ է համարձակվելու երթևեկել, թեկուզ ասենք՝ Նախիջևանով կարճ ճանապարհով Մեղրի մեկնել: Ոչ ոք ու ոչին: Մինչդեռ պարզ է, որ ռուսների ու հատկապես Իրանի հետ լուրջ խնդիրներ են ծագելու: Ներդրումներ, բլա, բլա, Հայաստանի ինքնիշխանություն, ճանապարհը հսկող և շահագործող հայ- ամերիկյան կոնսորցիում։ սրանք լապշաներ են՝ ժողովրդի ականջներից կախելու համար: Մի լսեք ու դրանցով մի խաբվեք: Հստակ է, որ Նիկոլ Փաշինյանն իր տգիտության, կակղամորթության, իշխանասիրության պատճառով զոհաբերում է հայ ժողովրդի շահերը, մեր պետությունը դնում է մուրճի ու սալի արանքում, վտանգում է մեր պետության գոյությունը, սերունդների ապագան... Միայն մի բան չգիտեմ՝ դա անում է գիտակցվա՞ծ, թե՞ անգիտակցաբար՝ չհասկանալով գործած չարիքի աղետալի չափերն ու անվերականգնելի հետևանքները»։

Աղբյուրը`   Արմինե Օհանյան