Չորեքշաբթի, 13 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Տարակուսանք են առաջացնում Իրանի պաշտոնյաների տարաբնույթ գնահատականներն ու Ռուսաստանի լռությունը». Լևոն Տեր-Պետրոսյան

«Տարակուսանք են առաջացնում Իրանի պաշտոնյաների տարաբնույթ գնահատականներն ու Ռուսաստանի լռությունը». Լևոն Տեր-Պետրոսյան
108
Երեկ, 19:48

«Իլուր»-ի հարցին՝ ինչպես կգնահատեք Մեղրիի վերաբերյալ ամերիկյան միջնորդությամբ կնքված հայ-ադրբեջանական հռչակագիրը, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանեց. «Իշխանությունները, բնականաբար, դա ցնծությամբ համարում են իրենց մեծագույն հաջողություններից մեկը։ Իսկ խորհրդարանական ընդդիմությունը, նույնքան բնականաբար, համաձայնագրում ոչ միայն որևէ դրական բան չի տեսնում, այլև, ընդհակառակը, գուժում է նրա կիրառման կործանարար հետևանքները։ Ինչ վերաբերում է ինձ ուղղած ձեր հարցին, ապա ես առայժմ զերծ կմնամ պատասխանելուց, քանի որ համոզված եմ՝ դրան հնարավոր է անդրադառնալ միայն համաձայնագրի գործադրումից հետո։ Ինձ մոտ առայժմ որոշ տարակուսանք են առաջացնում բարեկամական Իրանի պաշտոնյաների տարաբնույթ (թեև, գուցե, միմյանց լրացնող) գնահատականները և, մանավանդ, Ռուսաստանի գրեթե բացարձակ լռությունը։ Իրանական դիվանագիտությունն այնքան նուրբ է, որ երբեմն դժվար է անմիջապես այն ընկալել։ Իմ փորձից, սակայն, կարող եմ հավաստել, որ մեր երկրի անկախության վերականգնումից ի վեր Իրանը Հայաստանի նկատմամբ ոչ միայն որևէ դժգոհություն կամ կշտամբանք չի արտահայտել, այլև դրականորեն է արձագանքել մեր բոլոր կարիքներին։ Մի խոսքով, Հայաստանի և Իրանի՝ ավելի քան 30-ամյա հարաբերություններում ես որևէ թյուրըմբռնում չեմ տեսել»։