«Սերոբ Գասպարյանն ունի կալանքի հետ անհամատեղելի հիվանդություններ»․ պաշտպաններ
146
Այսօր, 17:12
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան էջում հրապարակել է Սերոբ Գասպարյանի փաստաբանական թիմի հայտարարությունը․ «Շուրջ մեկ տարի «Սև Հովազ» ՌՀԿ հրամանատար Սերոբ Գասպարյանը պահվում է անօրինական կալանքի մեջ։ Հրամանատարը թիմին արգելել է հրապարակայնորեն խոսել առողջական խնդիրների մասին, սակայն լռությունը գործնականում դառնում է այս անօրինականությանը աջակցություն։ ՓԱՍՏԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿ • Ս. Գասպարյանը ՔԿՀ է ընդունվել լիովին առողջ վիճակում, մինչդեռ ներկայումս ունի կյանքին վտանգ սպառնացող հիվանդություններ, որոնք մեր գնահատմամբ անհամատեղելի են կալանքի հետ։ • Փորձաքննության անաչառության խնդիր. բժշկական փորձաքննություն իրականացնող մարմնի ղեկավարը գործով դատախազի հայրն է, ինչն առաջացնում է ակնհայտ շահերի բախում և խաթարում փորձաքննության օբյեկտիվության երաշխիքները, ինչով պայմանավորված նման միջնորդություն ներկայացնել չենք կարող։ • Դատական նիստերը լավագույն դեպքում կայանում են ամսական մեկ անգամ։ Վերջին ամիսներին բազմիցս չեն կայացել նիստեր՝ Ս. Գասպարյանին դատարան չներկայացնելու պատճառաբանությամբ, իսկ երբեմն նույն պատճառաբանությամբ նիստ նշանակելն անհնար է դառնում և ինքնանպատակ։ • Այս ամենի արդյունքում պետությանը ծառայած հրամանատարին թողնում են դանդաղ մահվան դեմ միայնակ պայքարի մեջ, ինչը իրավական պետությունում անթույլատրելի շքեղություն է։ ԻՐԱՎԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ • Կալանքի պայմաններում պատշաճ և հասանելի բժշկական օգնության չապահովումը հակասում է անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունք՝ հակասելով ՄԻԵԿ 3-րդ հոդվածին։ • Ազատության և անձնական անձեռնմխելիության (ՄԻԵԿ 5) և արդար դատաքննության (ՄԻԵԿ 6) իրավունքները խախտվում են, երբ պետության անգործությունը («ուղեկցում չկա») արհեստականորեն ձգձգում է դատավարությունը և խոչընդոտում է մասնակցությունը նիստերին։ • Անաչառության երաշխիքներ. փորձաքննության մարմնի ղեկավարի և գործով դատախազի սերտ ազգակցական կապը հակասում է անաչառության օբյեկտիվ չափանիշներին։ • Կիրառված խափանման միջոցը պարտավոր է լինել համաչափ և նվազ միջամտող. առկա առողջական ծանր ռիսկերը պահանջում են այլընտրանքային միջոց։ ՄԵՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԵՐԻՆ 1. Կազմակերպել անկախ, բազմապրոֆիլ բժշկական զննում քաղաքացիական մասնագիտացված կենտրոնում՝ լիարժեք ախտորոշմամբ և բուժական հստակ պլանով։ 2. Ապահովել անաչառություն․ շահերի բախմամբ պայմանավորված՝ ձեռնարկել փորձաքննության մարմնի ղեկավարի չեզոքացման կամ դատախազի փոխարինման քայլեր։ 3. Վերանայել կալանավորումը և կիրառել ազատությունից չզրկող ու համաչափ խափանման միջոց՝ հաշվի առնելով առողջական վիճակն ու վաստակը։ 4. Ապահովել նիստերի կանոնավոր անցկացում՝ կազմակերպելով ուղեկցումն առանց ուշացումների և բացառելով «լոգիստիկ» պատրվակներով ձգձգումները։ 5. Սահմանել և հրապարակել սեղմ դատավարական օրացույց, ապահովել դատական վերահսկողության իրական արդյունավետություն։ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՆԵՐԻՆ ԴԻՄՈՒՄ Կոչ ենք անում՝ • Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանին (ՄԻՊ), • ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը, • Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությանը, • ինչպես նաև մարդու իրավունքների միջազգային գործընկերներին, իրենց իրավասության շրջանակներում անմիջապես իրականացնել մոնիթորինգ, կազմակերպել քրեակատարողական հիմնարկ այց և դատավարության դիտարկում, ինչպես նաև հետաքննել Ս. Գասպարյանի կալանքի իրավաչափությունն ու բժշկական ապահովման բավարարությունը՝ համադրելով դրանք ազգային և միջազգային պարտավորությունների հետ։ ՎԵՐՋԱԲԱՆ Սերոբ Գասպարյանի գործով խնդիրն արդեն դուրս է եկել ձևականության սահմաններից․ խոսքը կյանքի և արժանապատվության մասին է։ Յուրաքանչյուր հաջորդ օր առանց կոնկրետ քայլերի մեծացնում է պետության պատասխանատվությունը և խորացնում արդեն իսկ տեղի ունեցած խախտումները»։