Ուրբաթ, 15 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«ՀՀ-ում չափահաս բնակչության 71 %-ն օգտագործում է Facebook, 60 %-ը՝ YouTube, 33 %-ը՝ Instagram»․ Արմեն Մուրադյան

«ՀՀ-ում չափահաս բնակչության 71 %-ն օգտագործում է Facebook, 60 %-ը՝ YouTube, 33 %-ը՝ Instagram»․ Արմեն Մուրադյան
139
Այսօր, 03:06

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանի չափահաս բնակչության 71 %-ն օգտագործում է Facebook, իսկ 60 %-ը՝ YouTube, Instagram-ն օգտվողների շրջանում կազմում է մոտ 33 %՝ ըստ «Կովկասյան բարոմետր»-ի (2021) տվյալների։ Համաձայն Digital Watch Observatory տվյալների՝ ինտերնետ օգտագործողների ընդհանուր հասանելիությունը Հայաստանում կազմում է ամբողջ բնակչության շուրջ 77%, իսկ Facebook օգտագործողների ընդհանուր թիվը գնահատվում է 1.6 միլիոն։
Ավագ սերնդի ներկայացուցիչների (օր.՝ 60+ տարիքային խմբի) շրջանում սոցիալական կայքերի կիրառումը վերջին տասնամյակներում աստիճանաբար աճում է, և դրա ազդեցությունը բազմակողմանի է՝ ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմերով։ Դրական ազդեցություններն արտահայտվում են հիմնականում սոցիալական կապերի պահպանմամբ և ընդլայնմամբ, այն հնարավորություն է մշտապես շփվել ընտանիքի, ընկերների, երբեմն՝ նաև հին ծանոթների հետ, օգնում է հաղթահարել միայնության զգացումը, հատկապես հեռավոր բնակավայրերում կամ առողջական սահմանափակումների դեպքում։ Նաև ստեղծում է սեղեկատվության և կրթական ռեսուրսների հասանելիություն, օրինակ՝ առցանց խմբեր, դասընթացներ և ուսուցողական վիդեոներ, որոնք կարող են օգնել զարգացնել նոր հմտություններ։ Սոցիալական կայքերի ճիշտ կիրառումը կարող է տալ որոշակի հոգեբանական բարեկեցություն, հետազոտությունները ցույց են տվել, որ սոցիալական ցանցերի չափավոր օգտագործումը կարող է բարձրացնել ինքնագնահատականը և տրամադրությունը, եթե շփումները դրական են։ Դրանք կարող են հնարավորություն ստեղծել նաև առողջապահական և համայնքային աջակցության տեսանկյունից՝ առցանց խմբեր առողջապահական խորհրդատվության համար (օր.՝ շաքարային դիաբետի, սրտանոթային հիվանդությունների կամ ֆիզիկական ակտիվության վերաբերյալ)։
Այս ամենի հետ առկա են նաև որոշակի բացասական ազդեցություններ՝
Սոցիալական մեկուսացում, եթե առցանց շփումը փոխարինում է իրական հանդիպումներին, կարող է առաջանալ սոցիալական մեկուսացում։
Կեղծ տեղեկատվության և մանիպուլյացիաների ազդեցություն, ավագ սերունդը հաճախ ավելի քիչ թվային գրագիտություն ունի, ինչի պատճառով ավելի խոցելի է կեղծ լուրերի, ֆինանսական խաբեությունների նկատմամբ։
Առողջական խնդիրներ՝ երկարատև օգտագործումը կարող է առաջացնել տեսողության խնդիրներ, գլխացավեր կամ քնի, հենաշարժական համակարգի խանգարումներ։
Թվային հմտությունների ճնշում՝ տեխնոլոգիական անորոշությունը և պլատֆորմների արագ փոփոխությունները կարող են առաջացնել սթրես և դժգոհություն։
Տարեցների շրջանում սոցիալական կայքերի օգտագործման մասին Հայաստանի հետ կապված հստակ տվյալներ առկա են միայն ընդհանուր բնակչության համատեքստում։ Սակայն մեզ հասանելի տվյալներից կարելի է մոտավոր եզրակացություններ կազմել՝ ինչպես ընդհանուր, այնպես էլ տարիքային առումներով:
Այսպես՝ «Կովկասյան բարոմետր»-ի (2021) տվյալներով, Հայաստանի չափահաս բնակչության 71 %-ն օգտագործում է Facebook, իսկ 60 %-ը՝ YouTube, Instagram-ն օգտվողների շրջանում կազմում է մոտ 33 %։
Ըստ NapoleonCat տվյալների՝ 2023 թվականի վերջի տվյալներով Facebook օգտագործողների թիվը կազմում է բնակչության 78.2% (նրանց թվում՝ 55-64 տարեկանների մոտ 10.8 %, իսկ 65+ տարիքի՝ 7.5 %)։ 2025 թվականի հունիսին տվյալները քիչ են փոփոխվել. Facebook-ի բաժանորդները կազմում են 78.5%, իսկ 65+ տարիքային խմբում՝ 8%։
Այս ցուցանիշները ցույց են տալիս, որ տարեց խումբն ունի սոցիալական ցանցերի (հատկապես Facebook-ի) որոշակի ներկայացվածություն, չնայած այն էական փոքր է երիտասարդ խմբերի համեմատ, սակայն արդեն նշանակալի՝ 5–8 %–ի չափով։
Համաձայն Digital Watch Observatory տվյալների՝ ինտերնետ օգտագործողների ընդհանուր հասանելիությունը Հայաստանում կազմում է ամբողջ բնակչության շուրջ 77%, իսկ Facebook օգտագործողների ընդհանուր թիվը գնահատվում է 1.6 միլիոն։
Այսպիսով, վերջին (2025 թ. տվյալներով), Facebook-ի ընդհանուր օգտատերերի 8%-ը կազմում են 65+ տարիքային խմբի ներկայացուցիչները։ Այս տվյալները ցույց են տալիս, որ տարեց մարդիկ, մասնավորապես սոցիալական կայքերից առավել շատ օգտվում են Facebook-ից, զգալիորեն պակաս՝ Instagram-ից կամ Messenger-ից, իսկ՝ Instagram-ի օգտատերերի մեջ 65+ տաիքը կազմում է ընդամենը մոտ 3–4 %։
Այս տվյալներն օգնում են հասկանալ տարեցների թվային ներգրավվածությունը Հայաստանում և պլանավորել ավելի նպատակային ուսուցողական կամ առողջության, սոցիալական աջակցության միջամտություններ թվային միջավայրում:
Ի տարբերություն Հայաստանի՝ Միացյալ Նահանգներում 2025 թ.–ի տվյալներով, 65+ տարիքային խմբում սոցիալական ցանցերի օգտագործման մակարդակը կազմել է 45%։ YouTube-ն այս խմբում ունի 60%, Facebook–ը՝ 58% օգտատերեր։
Եվրոպական մի քանի երկրների տվյալները ըստ Pew Research–ի, սոցիալական ցանցերի օգտագործումը Գերմանիայում ընդհանուր հասանելիության մեջ տարեցների 51%–ը օգտագործում է սոցիալական ցանցեր։ ԵՄ–ում՝ 2020 թ.–ին, տարեցների (65–74) շրջանում սոցիալական ցանցերում ներգրավվածություն է ունեցել միջինը 18%։
Այսպիսով, ՀՀ ավագ սերնդի թվային ներգրավվածությունն (8 %) բավականին ցածր է համեմատած ԱՄՆ–ի (45 %) կամ Մեծ Բրիտանիայի (մոտ 83 %) հետ: Դա կարող է պայմանավորված լինել ինտերնետ մուտքի, թվային հմտությունների, չափավոր կենսակերպի և կրթական տարբերություններով։ Եվրոպական միջին՝ 18 %–ը ցույց է տալիս, որ Հայաստանում այս ցուցանիշը դեռ գտնվում է զարգանալու փուլում, հատկապես երբ շատ երկրներում սոցիալական մեդիայի օգտագործումը տարեցների շրջանում կազմում է 30–60 % միջակայք։
Որպես ամփոփում ներկայացնում ենք որոշ խորհուրդներ այս տարիքային խմբի շրջանում նորագույն տեխնոլոգիաների հավասարակշռված օգտագործման համար՝
• Կազմակերպել հատուկ դասընթացներ ավագ սերնդի համար՝ թվային հմտությունների և կիբերանվտանգության թեմայով։
• Խրախուսել առցանց շփումները լրացնել իրական հանդիպումներով և համայնքային միջոցառումներով։
• Օգտագործել սոցիալական ցանցերը նպատակային՝ ուսուցման, հոբբիների և առողջության կառավարման համար»։

Աղբյուրը`   Արմեն Մուրադյան