«Դատախազությունն ական է շարում ակցիաների մասնակցած ոստիկանների տակ»․ Սևակ Հակոբյան
168
Այսօր, 13:54
Լրագրող Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՆԳ նախարարներին․ ոստիկանապետերին, նրանց տարբեր տեղակալներին․ մի՛ խորացեք Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը օգոստոսի 11-ին վերացրել է ոստիկանապետի նախկին տեղակալ Սաշա Աֆյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ 2020 թվականի հունվարի 30-ի որոշումը։ Սաշա Աֆյանը Մարտի 1-ի գործով կրկին մեղադրյալի կարգավիճակ ունի։ Աֆյանը մեղադրվել էր նրանում, որ 2008 թվականի մարտի 1-ին կազմակերպել է ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից «Ազատության» հրապարակում նստացույց անողներին ցրելու, քաղաքի կենտրոնական հատվածներում նրանց կուտակումները, հնարավոր ցույցերն ու հավաքները բացառելու գործողությունները: 2019թ․ նրան մեղադրանք էր առաջադրվել, մեկ տարի անց, վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով, գործը կարճվել էր։ 5 տարի անց դատախազությունը գտնում է երկու տուժողի, որոնք իբր, բողոքում են որոշման դեմ և խնդրում են վերանայել: Վարդապետյանն էլ վերանայում է, արարքը մեկնաբանվում է ցուցարարների խոշտանգում, իսկ հենց այդ դեպքում վաղեմության ժամկետների կիրառման արգելք կա։ Փա՛յլուն։ Բայց Վստահ կարող եմ ասել, որ այս «փայլուն գաղափարը», բացում է մի «փայլուն» պանդորայի արկղ ու հենց հիմա սկիզբ է դրվում մի «հիանալի» գործընթաց բոլոր ժամանակների ոստիկանության աշխատողների ու առավելապես՝ բարձրաստիճան ոստիկանների նկատմամբ։ Այդ նույն հոդվածը, վաղեմության ժամկետի կիրառման արգելքով, իշխանափոխությունից հետո կարող է օգտագործվել բոլոր պարագաներում կամ՝ իշխանության ճաշակով, ինչը կիրառում են սրանք։ Վաղը, լրիվ նույն կերպ, կկիրառվի արդեն մեկ այլ ճաշակով։ Մի հատ պատկերացրեք։ Սա նշանակում է, որ Հայաստանում չի լինելու ՆԳ նախարար, նրա տեղակալ, ոստիկանապետ, նրա տեղակալ, Երևանի ոստիկանապետ, նրա տեղակալներ, տարատեսակ բերետավորներ և այլն և այլն, որ ազատվեն քրեական պատասխանատվությունից, էլի ասեմ՝ ըստ ճաշակի։ Շեշտեմ, որ Հայաստանում քաղաքացիների, ցուցարարների նկատմամբ բռնությունները 2020-2025 թվականներին մի քանի անգամ ավելի շատ են, քան դրան նախորդած 30 տարիներին։ Սա նշանակում է, որ դատախազությունը այսօր ական է շարում ՆԳ նախարարներ Արփինե Սարգսյանի, Վահե Ղազարյանի, ոստիկանապետ Արման Սարգսյանի, ՆԳ նախարարի տեղակալներ Արամ Հովհաննիսյանի, Կամո Ցուցուլյանի, Կարեն Հակոբյանի, Արամ Ղազարյանի, բերետավորներ Հայկազ Ջոմարդյանի, Հրաչիկ Խաչատրյանի և այլն և այլն չթվարկեմ էդքանի անունները՝ էն Իջևանի անտառային պատերազմներից սկսած, Հայրենիքի փրկության շարժում, Դիմադրության շարժում, Սրբազան պայքար, Արցախի հայաթափման օրերի շարժում և ընդհանրապես՝ ընդդիմադիր բոլոր շարժումների, բռնությամբ ուղեկցված սոցիալական, հասարակական ու քաղաքական բնույթի ակցիաների մասնակցած ոստիկանների տակ։ Հավատացեք, որ բազմաթիվ են բողոքները, պահանջները նրանց նկատմամբ քրգործերի, ու անգամ վաղեմության ժամկետը, ստացվում է, ոչ մեկի վրա չի ազդեու, անկախ նրանից՝ այդ պահին ինչ պաշտոնի են կամ թոշակի։ Ցանկացած հաջորդ իշխանություն գուցե սիրով, կարող է ընկնել Փաշինյանի ոստիկանական համակարգի հետևից ու կրկնում եմ՝ անկախ նրանից այդ գործերը այսօր կարճված են թե ոչ։ Վերջին շրջանում մենք տեսնում ենք, որ դատախազությունը, վերևից իջաց ցուցումներով, անհույս փորձեր է անում Մարտի 1-ի «ջուր» գործին հնչեղություն հաղորդելու, բայց ոչ թե 10 հոգու սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ, այլ եղած քրգործերը, կարճված գործերը, հակասահմանադրական ճանաչված գործերը մի թեթև վերաձևակերպելով։ Տպավորությունս այն է, որ չեն հասկանում, որ ցուցումներով, ճնշումներով, ապօրինություններով ինչ գործողություն որ անում են, վաղը նույն հոդվածներով պատասխանատվության են ենթարկվելու արդեն իրենք ու իրենց ծառայածները, անկախ նրանց այսօրվա դիրքից, անկախ նրանից՝ համաձայն են այս ամենի, մեթոդների հետ, թե ոչ»։