Ուրբաթ, 15 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

«Բաքուն փորձում է հող պարարտացնել Սյունիքում իր ներկայության ընդլայնման լեգիտիմացման համար»․ Վահե Դավթյան

«Բաքուն փորձում է հող պարարտացնել Սյունիքում իր ներկայության ընդլայնման լեգիտիմացման համար»․ Վահե Դավթյան
141
Այսօր, 21:00

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Պետք է առնվազն անհույս նեոլիբերալ լինես, որպեսզի հավատաս այն պնդումներին, որ «Թրամփի երթուղին» թույլ կտա էապես բարձրացնել Հայաստանի անվտանգությունը: Հաճախ է խոսվում այն մասին, որ թեև Վաշինգթոնը ռազմական ներկայություն չի ունենա Սյունիքում, սակայն ամերիկյան կապիտալը թույլ չի տա այստեղ որևէ էսկալացիա՝ սեփական կայունության ու անվտանգության ապահովման նպատակով:
Տեսականորեն ամեն ինչ ճիշտ է:
Սակայն «գետնի վրա» ունենք ճիշտ հակառակ պատկերը:
Եթե այս մոտեցումն աշխատեր, ապա նույն արևմտյան կապիտալի առկայությունը կզսպեր Նիգերում, Սուդանում, Թայլանդում և բազմաթիվ այլ «եռման կետերում» տարատեսակ հակամարտությունների զարգացումը:
Հեռու չգնանք:
2005թ. մայիսի 31-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ Բաքու-Թբիիսի-Ջեյհան նավթամուղի գործարկումը բացառում է Արցախյան հիմնահարցի ռազմական լուծումը: Նրա պնդմամբ՝ տարածաշրջանում լայնամասշտաբ զինված հակամարտություններն այլևս քիչ հավանական են: Այս հայտարարության կոնցեպտուալ հիմքը նույնն է՝ «միջազգային կապիտալը թույլ չի տա»:
Դժվար չէ կռահել, թե ինչ դեր ունեցավ այդ նավթամուղը, ինչպես նաև 2020թ-ին շահագործման հանձնված «Հարավային գազային միջանցքը» միջազգային պրոադրբեջանական լոբբիստական համակարգի ձևավորման և, ի վերջո, Արցախի հայաթափման գործում:
Այժմ էլ «Թրամփի երթուղու» առանցքային շահառուն՝ Բաքուն փորձում է ներկայացնել նոր հաղորդակցությունը որպես Արևմուտքը Արևելքին կապող կարևոր հանգույց՝ դրանով իսկ հող պարարտացնելով հետագայում Սյունիքում սեփական ներկայության ընդլայնման միջազգային լեգիտիմացման համար:
Դա, իր հերթին, լիովին տեղավորվում է արևմտյան մի շարք դերակատարների, ինչպես նաև Անկարայի ու Թել-Ավիվի՝
Կասպից ծովի իրավական կարգավիճակը փոխելուն ուղղված նկրտումների մեջ»։

Աղբյուրը`   Վահե Դավթյան