Շաբաթ, 16 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Սկսել ենք անտարբերությամբ արձագանքել այն ամենին, ինչ վերաբերում է մեր երկրին»․ Հակոբ Հակոբյան

«Սկսել ենք անտարբերությամբ արձագանքել այն ամենին, ինչ վերաբերում է մեր երկրին»․ Հակոբ Հակոբյան
98
Այսօր, 16:18

Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը գրում է․ «Այսօր, երբ Հայաստանում լարվածությունը նոր բարձունքների է հասնում, մենք՝ որպես ժողովուրդ, չենք կարող մնալ դիտորդի դերում, երբ երկրի ճակատագիրը կախված է մեր մասնակցությունից Ցավոք, նույնիսկ ամենաուժեղ քաղաքական ուղերձը կարող է մնալ անհետևանք, եթե այն չի ստանում լայն հասարակական աջակցություն։ Սա մտահոգիչ իրողություն է, որն արժանի է մեր ուշադրությանը։ Մեր շրջապատում հաճախ կարելի է լսել դժգոհություններ, հիասթափված խոսքեր, հեգնական մեկնաբանություններ։ Մենք տեսնում ենք մարդկանց, ովքեր՝ վստահ չլինելով ոչ մեկին, ընտրել են չեզոքություն՝ մոռանալով, որ հենց այդ անտարբերությունն է թույլ տալիս անարդարությանը ամրապնդվել։ Ակնհայտ է՝ մի մաս քաղաքացիներ հոգնել են պայքարելուց, մի մասը՝ հիասթափված է բոլորից, իսկ ոմանք ուղղակի սպասում են «ինչ-որ բան փոխվի»։ Սակայն նման սպասումը հավասարազոր է ձեռքերը ծալած նստել մի տան մեջ, որը այրվում է։ Խնդիրը միայն ընդդիմության ակտիվության կամ պասիվության մեջ չէ։ Խնդիրը նրանում է, որ մենք՝ որպես հասարակություն, սկսել ենք անտարբերությամբ արձագանքել այն ամենին, ինչ վերաբերում է մեր երկրին։ Երբ լռում ենք, համաձայնվում ենք։ Երբ չենք մասնակցում, թողնում ենք, որ ուրիշները որոշեն մեր փոխարեն։ Ճիշտ է՝ ոչ բոլորն են քաղաքական գործիչներ։ Բայց քաղաքացի լինելը հենց այն առաքելությունն է, որը պետք է իրականացվի ոչ թե ընտրությունից ընտրություն, այլ ամեն օր»։

Աղբյուրը`   Հակոբ Հակոբյան