Կիրակի, 17 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

Այսօր Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնն է

Այսօր Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնն է
186
Այսօր, 08:54

Սուրբ Կույսի Վերափոխման տոնը Հայ Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է, որը նշվում է օգոստոսի 15­ի մերձակա կիրակի օրը՝ օգոստոսի 12­18­ի միջև:

Ըստ ավանդության (Հակոբոսի նախաավետարանի և Հովհաննեսի պարականոն ավետարանի համաձայն)՝ երբ Ս. Կույսը մահացել է, առաքյալները նրա մարմինն ամփոփել են Գեթսեմանի պարտեզում փորված գերեզմանում: Բարդուղիմեոս առաքյալը ներկա չի եղել թաղմանը, և երբ օրեր անց մյուս առաքյալների հետ գերեզման է գնացել՝ հրաժեշտ տալու, գերեզմանաքարը վերցնելով՝ Ս. Կույսի մարմինն այնտեղ չեն գտել, այլ միայն՝ անուշաբույր պատանքը։

Եկեղեցու հայրերը, հիմնվելով այս ավանդության վրա, հաստատել են Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը՝ ընդունելով, որ նրա մարմինը փոխադրվել՝ վերափոխվել է երկինք:

Տոնը նախ նշվել է Երուսաղեմում, 5­րդ դարի սկզբին: Տոնակատարության կենտրոնն Աստվածածնին նվիրված այն տաճարն էր, որը գտնվում է Երուսաղեմից Բեթղեհեմ տանող ճանապարհի 3-­րդ մղոնի վրա: 0րը՝ օգոստոսի 13­ը: Հետագայում տոնակատարության վայրը փոխադրվել է Գեթսեման՝ այն վայրը, որտեղ գտնվում էր Ս. Աստվածածնի գերեզմանը, և օրը որոշվել է օգոստոսի 15­ը:

6­րդ դարում տոնը տարածվել է Սիրիայում: Նույն դարի վերջին Մորիկ կայսրը տոնը պարտադիր է համարել ողջ Բյուզանդական կայսրությունում։ Այս ժամանակաշրջանում տոնը տարածվել է նաև Հայաստանում։ 7­րդ դարի սկզբին տոնն սկսել են նշել նաև Արևմուտքում:
Տոնական օրվա պատարագին հաջորդում է խաղողի օրհնության կարգը և հավատացյալները միմյանց հետ կիսվում են օրհնված բերքով՝ վերապրելով տոնի ուրախությունը: