Երկուշաբթի, 18 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

«Շատ են հարցադրումները` բա ի՞նչ են լինելու ՀՀ ավելի քան 200 քառակուսի կիլոմետր օկուպացված տարածքները». Նիկոլ Փաշինյան

«Շատ են հարցադրումները` բա ի՞նչ են լինելու ՀՀ ավելի քան 200 քառակուսի կիլոմետր օկուպացված տարածքները». Նիկոլ Փաշինյան
197
Այսօր, 19:42

«Վերջին 10 օրերին շատ են հարցադրումները, թե երբ այսպիսով՝ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, բա ի՞նչ եղան, կամ ի՞նչ են լինելու ՀՀ ավելի քան 200 քառակուսի կիլոմետր օկուպացված տարածքները»,- իր ուղերձում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա, Վաշինգթոնյան հռչակագրով եւ նախաստորագրված համաձայնագրով Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց սահմանների անխախտելիությունը եւ տարածքային ամբողջականությունը ճանաչել են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ «Սա նշանակում է, որ կողմերն ընդունում են, որ այսօր Հայաստանի Հանրապետության տարածքը ճշգրտորեն նույնական է Հայկական ԽՍՀ–ի տարածքի հետ եւ այսօր Ադրբեջանի Հանրապետության տարածքը ճշգրտորեն նույնական է Ադրբեջանական ԽՍՀ տարածքի հետ։
Այս իրողությունը պետք է լուծում ստանա սահմանազատման գործընթացում։ Բայց խաղաղության տրամաբանությունը, նոր տրամաբանությունն այն է, որ ասելիս, որ ՀՀ ինքնիշխան տարածքներ կան, որ այսօր գտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո, պետք է ասենք նաեւ, որ կան Ադրբեջանի ինքնիշխան տարածքներ, որ գտնվում են մեր վերահսկողության ներքո, եւ փոխադարձ այս հարցը պիտի լուծում ստանա սահմանազատման գործընթացում։
Սիրելի՛ ժողովուրդ, սիրելի՛ քաղաքացիներ․ գիտեմ, որ այս շեշտադրումը, այսպիսի շեշտադրումը կարող է խորթ է հնչել մեր ականջին, եւ գուցե կարող է նյարդ առաջացնել, բայց սա է խաղաղության նոր տրամաբանությունը, սա է այն նոր գինին, որ մենք պետք է լցնենք նոր տիկերի մեջ։ Մենք մեր իրականությանն ու տարածաշրջանին պետք է նայենք ամբողջության մեջ ու նոր հայացքով, որովհետեւ սա է խնամքը, որ պետք է տածենք խաղաղության նկատմամբ»,- հայտարարեց Փաշինյանը։