«ՀՑԹԻ տնօրինությո՛ւն, Փաշինյանի հայտարարություններից հետո ձեր գործունեությունը դառնում է անիմաստ»․ Հայկ Դեմոյան
107
Այսօր, 13:36
ՀՑԹԻ նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրինությանը, գիտխորհրդին և Հոգաբարձուների խորհրդի անդամներին Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարություններից հետո ձեր գործունեությունն ու առաքելությունը դառնում է անիմաստ ու ավելորդ: Ավելին, երեկվա հայտարարություններն ու իրականացված ցեղասպանության արդյունքների արդարացումն ու հիմնավորումն առաջին հերթին բարոյազուրկ դարձրեցին ձեզ ու ձեր աշխատանքը: Այս պահին դուք ունեք ընդամենը մեկ հնարավորություն այս ծանրագույն բնութագրումից մաքրագործվելու համար. հստակ գիտական, իրավական ու բարոյական գնահատական տալ երեկվա հայտարարության մեջ հնչեցված անմարդկային ու հակապետական ձևակերպումներին: Երեկ Նիկոլ Փաշինյանը հայրենազրկմանը տվեց բացահայտ հիմնավորում ու արդարացում, իսկ դա հակասում է 1948 թվականի դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի ընդունած «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի դրույթներին: Դուք լռության մատնեցիք ու գնահատական չտվեցիք արցախահայության դեմ իրականացված էթնիկ զտումներին ու ցեղասպանությանը, որին իր գործուն մասնակցությունը բերեց ՀՀ իշխանությունն ի դեմս Նիկոլ Փաշինյանի: Դուք անարձագանք թողեցիք Նիկոլ Փաշինյանի և քպ-ականների հայտարարությունները, որոնք պարունակում էին Հայոց ցեղասպանության պատմական փաստը ժխտող ու կասկածի տակ դնող շեշտադրումներ: Ակնհայտ է, որ նման լռությամբ դուք ակամայից դարձաք Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն ու հանցավոր գործունեությունը սպասարկող ու արդարացնող հանցակիցներ: Հիշեցնեմ, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ու 2023 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած իրադարձությունները նույն Նիկոլ Փաշինյանը որակում էր որպես «ցեղասպանություն», սակայն երեկվա հայտարարությունները ոչ այլ ինչ էին, եթե ոչ այդ նույն ցեղասպանության անթաքույց սպասարկում ու դրա արդյունքների ամրագրում՝ հանդիսանալով ոճրագործների հետ հանցավոր գործարքի կողմ: ՀՑԹԻ արձագանքը հանրային հայտարարության ձևաչափով համարում եմ պարտադիր, հետևյալ անձանց ստորագրություններով՝ Էդիտա Գզոյան, ՀՑԹԻ տնօրեն Հարություն Գևորգյան, ՀՑԹԻ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Հարություն Մարության, ՀՑԹԻ նախկին տնօրեն Սուրեն Մանուկյան, ՀՑԹԻ նախկին փոխտնօրեն Եղիշե Կիրակոսյան, ՀՑԹԻ Հոգաբարձուների խորհրդի անդամ Հրանուշ Խառատյան, ՀՑԹԻ Հոգաբարձուների խորհրդի անդամ»։