Չորեքշաբթի, 20 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +30 °C

«Վայոց ձորը գտնվում է հանքավայր դառնալու թիրախում»․ Օլեգ Դուլգարյան

«Վայոց ձորը գտնվում է հանքավայր դառնալու թիրախում»․ Օլեգ Դուլգարյան
142
Այսօր, 13:30

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի էկոլոգիապես ամենամաքուր, գյուղատնտեսական և զբոսաշրջային մարզը արդեն տարիներ շարունակ գտնվում է հանքավայր դառնալու թիրախում։
Ամուլսար, Գլաձոր, Եղեգիս, Վայք, Ազատեկ և Զառիթափ՝ որոնք թվարկես։
Դեռ այս տարվա հունիսի 6-ին էր, երբ Վայք համայնքի Զառիթափ և Ազատեկ վարչական տարածքներում նախաձեռնվեցին լսումներ՝ ոսկու և բազմամետաղների գնահատման և հետագայում շահագործման նպատակով։ Թե ինչպես են անցել այդ լսումները, հայտնի է բոլորին։ Սակայն ի վերջո՝ արձանագրված ակնհայտ խախտումների բերումով, Վայք համայնքի ավագանին սույն թվականի հուլիսի 3-ին դեմ քվեարկեց և չտվեց իր համաձայնությունը նախաձեռնությանը։
Սակայն չանցած դեռևս երկու ամիս, երբ Ազատեկի, Վայքի և Զառիթափի վարչական տարածքներում օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ իրականացնելու համար հայտ ներկայացրեց մեկ այլ ընկերություն։
Եվ հիմա՝ օգոստոսի 22-ին, նշանակված են հանրային քննարկումներ․
-Ազատեկի վարչական ղեկավարի նստավայրում՝ ժամը 10։00-ին և 11։00-ին,
-Վայքի համայնքապետարանում՝ ժամը 12։00-ին,
-Զառիթափի վարչական ղեկավարի նստավայրում՝ ժամը 14։00-ին և 15։00-ին։
ՀՀ Վայոց Ձորի Արենի համայնքի ավագանին, մտահոգված հարևան համայնքներում այդպիսի գործընթացներով, սույն թվականի օգոստոսի 6-ին ուղերձ է հղել ՀՀ վարչապետին, ՀՀ ԱԺ նախագահին, ՀՀ Վայոց Ձորի մարզպետին և հարևան համայնքների ղեկավարներին, ՏԻՄ-երին։ Ուղերձում նշվում է, որ մտահոգված են Վայոց Ձորում հանքարդյունաբերության, հանքերի բացման հեռանկարներով, որոնք վտանգներ կստեղծեն մարզի գյուղատնտեսության և զբոսաշրջության զարգացման համար։ Խնդրել են դադարեցնել մարզում հանքեր բացելու մղումները և ճիգերը։
Մինչև հիմա այդ տարածքների սոցիալ-էկոլոգիական պաշտպանության համար պայքարել է մի փոքր խումբ քաղաքացիներ և շարունակում են պայքարել։
Շատ կարևոր է, որպեսզի գիտակից, բնասեր քաղաքացիները, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտում աշխատող քաղաքացիները, ինչպես նաև Ազատեկ, Վայք և Զառիթափ բնակավայրերի բնակիչները, սույն թվականի օգոստոսի 22-ին մասնակցեն հանրային լսումներին։
Հանուն Վայոց Ձորի և Վայք համայնքի սոցիալ-էկոլոգիական պաշտպանության և զարգացման՝ օգոստոսի 22-ին.
Արի Ազատեկ, Արի Վայք, Արի Զառիթափ»։

Աղբյուրը`   Օլեգ Դուլգարյան