Հինգշաբթի, 28 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Ներկայացնեիր կրիչն ու խնդիր չէր լինի». Սուրեն Գրիգորյան

«Ներկայացնեիր կրիչն ու խնդիր չէր լինի». Սուրեն Գրիգորյան
68
Այսօր, 16:24

Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տրանսպորտից օգտվելիս պետք է վճարել ստացված ծառայության դիմաց: Չեմ համարում, որ այս հարցի շուրջ բանավեճը ընդհանրապես լեգիտիմ է, քանի որ անգամ տուգանքի բացակայության պայմաններում ուղևորների գերակշիռ մեծամասնությունը հենց այսպիսի վարքագիծ է դրսևորում:
Հիմա եկեք հասկանանք ընթացակարգը:
Ուղևորը օգտվում է ուղևորափոխադրման ծառայությունից և վճարում դրա համար: Հսկիչը պետք է ստուգի՝ արդյոք ուղևորը վճարել է: Ինչքանո՞վ է տրամաբանական, որ ուղևորության համար վճարած մարդն ասի՝ «իմ նկատմամբ վարչարարություն իրականացրեք»: Կարծում եմ՝ ակնհայտ է, որ տրամաբանական չէ:
Սովորական դեպքում անձը ներկայացնում է իր վճարամիջոցը, հաստատվում է, որ վճարումն իրականացվել է, և հանգիստ շարունակում իր ուղևորությունը:
Եթե հանկարծ քաղաքապետարանի կողմից ինչ-որ սխալ գործողություն է տեղի ունենում, ներողություն ենք խնդրում դրա համար և մեր սխալը շտկում ենք՝ վառ օրինակ երեկ հրապարակված տեսանյութը:
Իսկ այս դեպքում ի՞նչ ունենք: Անձը հորդորում է, որ իր նկատմամբ վարչարարություն իրականացնեն, ապա ասում է, որ վճարել է: Բա եղբայր, վճարել էիր, ասեիր, որ վճարել եմ, ներկայացնեիր կրիչը, և որևէ խնդիր չէր լինի:
Խնդիրն այն է, որ նպատակը համակարգը սրտացավորեն ստուգելը չէ, կայացմանը նպաստելը չէ, խնդիրը շոու սարքելն է՝ կատարված և կատարվող աշխատանքը վարկաբեկելը:
Ու ախր ունեմ ինչի հետ համեմատեմ: Մեկը չեն, երկուսը չեն, երեքը չեն այն սրտացավ քաղաքացիները, որոնք արդեն տևական ժամանակ է առանց որևէ վարձատրության ու այլ շահագրգռվածության համակարգում բացահայտված խնդիրների մասին ինձ են գրում, առաջարկություններ են ներկայացնում, և իրենց մասին լայն հանրությունը չգիտի: Մեծ սիրով անունները կտայի, բայց վստահ չեմ, որ նրանք դրա ցանկությունն ունեն:
Անկախ ամեն ինչից, սպասում եմ, որ որևէ ձևաչափով ներկայացվի բանկային քարտի 16 թիվը, և լրացուցիչ ստուգումից հետո վճարման փաստը հաստատվելու դեպքում տուգանքը կչեղարկվի, քանի որ սկզբունքը պարզ է՝ կա վճարում՝ չկա տուգանք, չկա վճարում՝ կարող է լինել տուգանք: Սկզբունքը գործում է բոլորի համար՝ անկախ սադրիչ կամ շոումեն լինելու փաստից»:

Աղբյուրը`   Սուրեն Գրիգորյան