Երեքշաբթի, 02 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«էդիտա Գրզոյանը և Սուրեն Մանուկյանը հանրությունից թաքցրել են Հայոց ցեղասպանության հուշահամալիրում տիրող իրավիճակը». Հայկ Դեմոյան

«էդիտա Գրզոյանը և Սուրեն Մանուկյանը հանրությունից թաքցրել են Հայոց ցեղասպանության հուշահամալիրում տիրող իրավիճակը». Հայկ Դեմոյան
57
Երեկ, 21:54

ՀՑԹԻ նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵԼ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԻՑ
Մի քանի օր առաջ իրազեկեցի իմ հաջորդ գործողությունների ու ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին մի քանի խայտառակ դրվագների կապակցությամբ դատական պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտության մասին:
Պարտադիր եմ համարում նաև անդրադառնալ ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանի ու ՀՑԹԻ նախկին փոխտնօրեն Սուրեն Մանուկյանի ապաշնորհ ու անպատվաբեր գործելաոճին:
Վերջին 10 օրվա ընթացքում այս երկուսը հետևողականորեն ապակողմնորոշում էին հանրությանը՝ միտումնավոր կերպով տալով սխալ տեղեկատվություն Հայոց ցեղասպանության հուշահամալիրում տիրող խայտառակ իրավիճակի շուրջ:
Էդիտա Գզոյանը, հանդիսանալով ՀՑԹԻ տնօրեն և վերանորոգման աշխատանքների պատվիրատու կողմ, հանրային իր ելույթներում նկարագրում էր իրականությանը չհամապատասխանող իրավիճակ, ապատեղեկատվություն տարածելով, թե իբր հուշահամալիրում որևէ հիմնավերանորոգման աշխատանքեր երբևէ չի կատարվել և վստահորեն հավաստիացնում էր, թե ամեն ինչ տեղի է ունենում ըստ սահմանված նախագծի ու ճարտարապետ Սաշուր Քալաշյանի վերահսկողության ներքո:
Սաշուր Քալաշյանը վերջին իր հարցազրույցում նշեց, որ աշխատանքներն իրականացվել են խայտառակ վատ ձևով և որ շինարարական կազմակերպությունը հուշարձան վերանորոգելու փորձառություն չունի:
Իրավիճակը շատ վատ լինելու մասին անուղղակիորեն խոսեց նաև Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ նոր մասնագիտական խումբ ստեղծելու կարիք կա:
Գտնվելով հուշահամալիրի անմիջական հարևանությամբ, Էդիտա Գզոյանը և Սուրեն Մանուկյանը, որպես վերանորոգման աշխատանքների պատվիրատու կազմակերպության ներկայացուցիչներ, պարտավոր էին ահազանգել ստեղծված խայտառակ իրավիճակի մասին, բողոք հայտնեին շինարարական աշխատանքներում ներգրավված ոչ որակյալ աշխատուժի առկայության կապակցությամբ, ինչպես նաև անվտանգության կանոնները աշխատանքների իրականացման ընթացքում չպահպանելու և հարակից մասերը հանցավոր անփութության արդյունքում վնասելու դեպքերի մասին:
Եթե ժամանակին այս երկուսի կողմից սրտացավ վերաբերմունք ցուցաբերվեր հուշահամալիրի հանդեպ ու բարձրաձայնվեր շատ ու շատ դրվագների մասին, ապա այսօր այսպիսի խայտառակ պատկեր չէինք ունենա:
Կրկնում եմ մեղադրանքս. հանրային ելույթներում և սոցիալական ցանցերում արված գրառումներում Էդիտա Գզոյանը և Սուրեն Մանուկյանը գիտակցաբար հանրությունից թաքցրել են Հայոց ցեղասպանության հուշահամալիրում տիրող իրավիճակը, փորձել են հակադարձել բողոքի ձայն բարձրացրած հազարավոր քաղաքացիներին, միաժամանակ փորձել են արդարացնել տեղի ունեցած վանդալիզմը՝ տիրող իրավիճակի մասին բարձրաձայնող քաղաքացիներին սին ու շինծու մեղադրանքներ հնչեցնելով, թե իբր քննադատողները չեն ցանկանում, որ հուշահամալիրի և թանգարանի տարածքում հիմնավերանորոգման աշխատանքներ տարվեն:
Հաշվի առնելով այսպիսի խայտառակ ու ապաշնորհ աշխատաոճի անթույլատրելիությունը, ինչպես նաև հանրության առաջ սեփական քայլերի ու խոսքի համար հաշվետու լինելու պարտադիր պայմանը, Էդիտա Գզոյանից և Սուրեն Մանուկյանից
ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ
3 օրվա ընթացքում տեսաձայնագրված ուղերձի ու գրավոր հայտարարության տեսքով հրապարակային ներողություն խնդրել՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ու սփյուռքահայերից, հանրությանն ապակողմնորոշելու, հուշահամալիրին հասցված վնասի չափերը կոծկելու ու հուշահամալիրի դեմ իրականացված բարբարոսությունն արդարացնելու փորձերի համար:
Ներողություն չխնդրելու դեպքում քայլեր եմ ձեռնարկելու այս երկուսին դատական կարգով պատասխանատվության կանչելու և դատական կարգով ներողություն հայցելը պարտադրելու համար»:

Աղբյուրը`   Հայկ Դեմոյան