Հինգշաբթի, 04 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Թաքուն մի հույս կար, որ եթե իրավապահ համակարգերի գլխին կանայք լիենեն, շատ բան կփոխվի»․ Հակոբ Բադալյան

«Թաքուն մի հույս կար, որ եթե իրավապահ համակարգերի գլխին կանայք լիենեն, շատ բան կփոխվի»․ Հակոբ Բադալյան
63
Այսօր, 00:48

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. ««Այսօր գիշերվա 4:30 էր։ Արթնացել եմ տղամարդկանց բարձր ձայներից, մինչև բացել եմ աչքերս, գլխավերևումս տեսել եմ 4 տղամարդկանց, բարձր ձայներից արթնացել են նաև ինձնից փոքր քույրերս և 3 տարեկան եղբայրս։ Սկսել են տակնուվրա անել սենյակը, գնացել կողքի սենյակ, դուրս եմ եկել հյուրասենյակ, որտեղ ևս 3 տղամարդիկ քաշքշում էին պապիկիս, ով հիմա տառապում է մահացու հիվանդության ցավերից և ով հիմա իմ խնամակալն է։ Տուն ներխուժած տղամարդիկ չեն ներկայացրել տան խուզարկման որևէ փաստաթուղթ, ներկայացել են որպես ինչ-որ 6-րդ վարչության ներկայացուցիչներ։ Հայհոյախառն խոսակցություններից ու բարձր ձայներից վախեցած քույրերիս ու եղբորս մինչև հիմա չեմ կարողանում հանգստացնել։ Ասում էին, որ ամեն ինչ խլելու են մեզանից, որ հայրս փտելու է բանտում...»:
Սա գրել է Տաթեւ համայնքի կալանավորված ղեկավարի դուստրը: Կալանավորված ղեկավարը «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչ է:
Նրա դստեր այս գրառումից մի քանի ժամ առաջ պաշտոնական տեղեկություն էր, որ երկու կանայք՝ Հայաստանի ՆԳ նախարարն ու Հայաստանում ԱՄՆ դեսպանը քննարկել են նախարարության ռեֆորմները շարունակելու եւ այդ ռեֆորմներին ցուցաբերվող աջակցությանը վերաբերող հարցեր:
Հ.Գ. հիմա կարող են հայտնվել գենդերային հավասարության հարգելի առաջամարտիկներ, որ այս գրառման մեջ ուշադրության կարժանացնեն լոկ այն հանգամանքը, որ շեշտել եմ նախարարի եւ դեսպանի սեռային պատկանելությունը:
Այո, շեշտել եմ, բայց ոչ թե խտրականության մղումով, այլ որովհետեւ մեզանում եղել է հանրային «թաքուն մի հույս», որ, երբ իրավապահ համակարգերի գլխին հայտնվեն կանայք, նրանք անխուսափելիորեն կփոխեն շատ բան: Իսկ այդ համակարգերի գլխին այսօր հայտնվել են շատ կանայք, ինչը միայն ողջունելի է:
Սակայն, դժբախտաբար, առայժմ կարծես թե փոխվում են առավելապես ծառայական մեքենաների տարեթվերը»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան